Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ քննիչներն իրենց գործելաոճը չեն փոխել, նման վարքագիծը, գրեթե վստահ եմ՝ իրենց ղեկավարի պահանջն է. Ալեքսանդր Ազարյան. «Հրապարակ»

Դեկտեմբեր 25,2020 11:01

Հարցազրույց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի հետ

– Պարոն Ազարյան, ինչ-որ պահից դատական համակարգը սկսեց իշխանության հրահանգները չկատարել, իսկ պատերազմից հետո դատավորները ոչ իրավաչափ են ճանաչում ձերբակալությունները, մերժում կալանքի սանկցիաները։ Դատական համակարգը կարծես անկախանում է։ Ըստ Ձեզ, դատարանները սկսում են անկախանա՞լ, թե՞ դատավորներն իշխանափոխության հոտ են առել։

– Ես չեմ կարող պատասխանել որեւէ մեկի անունից, չեմ կարող ասել՝ ինչով է պայմանավորված Ձեր գնահատականը։ Յուրաքանչյուր դատավոր պարտավոր է իր աշխատանքը կատարել եւ կաշկանդված չլինել իշխանության քմահաճույքներով։ Ես միշտ անկախ եմ աշխատել, շուտով կլինի արդեն 15 տարի, չեմ կարող ասել՝ արդյոք իշխանափոխության հո՞տ են առել, թե՞ ինչ-ինչ դրդապատճառներ ունեն նման որոշումներ կայացնելու, սակայն հուսանք, որ մասնավորապես վերջին ժամանակաշրջանում կայացված որոշումներն օրինական են եւ կհաստատվեն վերադաս դատարանների կողմից։

– Երբ Քոչարյանին ազատ արձակեցիք, Ձեր դեմ արշավ սկսվեց։ Որոշում կայացնելիս չմտածեցի՞ք հետեւանքների մասին։ Ի՞նչը Ձեզ ստիպեց դեմ գնալ ե՛ւ իշխանություններին, ե՛ւ հասարակական կարծիքին։

– Դատավորը դատական ակտը կայացնում է ոչ թե հանրային պահանջից ելնելով, այլ օրենքներին համապատասխան, ես չեմ կարող օրենքին դեմ գնալ, ինչ է, որ հանրությունն այլ բան է սպասում։

– Կանխատեսո՞ւմ էիք, որ նման վերաբերմունք կլիներ Ձեր հանդեպ։

– Իհարկե, նախքան բողոքը քննելը ինչպիսի՜ արշավ էր։ Կոնկրետ իմ նկատմամբ սկսվեց որոշումը հրապարակելուց հետո, սակայն պարոն Քոչարյանի դեմ արշավը դրանից առաջ էր սկսվել։

– Իսկ հիմա ինչպե՞ս եք աշխատում ՀՔԾ քննիչների հետ՝ ՀՔԾ պետի եւ Ձեր հակամարտությունը հայտնի է, անգամ Ձեր դեմ կարգապահական էր հարուցվել։ Ինչո՞վ բացատրել այն, որ քննիչները, դատախազները, ոստիկանները շարունակում են իշխանությունների շահերը սպասարկել։ Իրավապահ համակարգը կարծես կիսվել է՝ իշխանության շահերն արտացոլող նախաքննության մարմիններ եւ իշխանությանը զսպող դատավորներ։

– ՀՔԾ քննիչներն իրենց գործելաոճը չեն փոխել, մինչեւ այժմ ինձ ինքնաբացարկի անհիմն միջնորդություններ են ներկայացնում, իմ համոզմամբ՝ նույնիսկ միջնորդությունը ներկայացնելուց հետո հրահանգներ են ստանում ՀՔԾ ղեկավարությունից՝ կոնկրետ իրենց հետագա քայլերի վերաբերյալ։ Ես մեկ օրինակ բերեմ․ վերջերս հերթական բողոքն էի քննում՝ կապված դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկելու հետ․ առաջին ատյանի դատարանը, որը ոչ իրավաչափ էր ճանաչել քննիչի այդ գործողությունը, դատախազը բողոքարկել էր, բողոքը մակագրվել էր ինձ, դատական նիստին ներկայացել էին պարոն Գրիգորյանի պաշտպանը, դատախազը եւ ՀՔԾ քննիչը։ Վերջինս հերթական անգամ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, այն մերժվեց, քանի որ անհիմն էր, երբ պաշտպանը շարունակեց իր խոսքը, ես նկատեցի, որ քննիչն ինչ-որ բան է գրում եւ մոտ 5 րոպե անց ձայնի իրավունք խնդրեց, հայտարարություն արեց, որ ինքը մնում է իր կարծիքին, որ ես կողմնակալ եմ իր նկատմամբ, եւ խնդրեց իրեն թույլ տալ լքել դատական նիստի դահլիճը։ Քննիչն ի սկզբանե չարեց իր արտահայտությունը, այլ հեռախոսով, համոզված եմ, նամակագրությամբ կապ էր հաստատել ՀՔԾ ղեկավարության հետ եւ 5 րոպե անց արեց։ Ո՞նց է ստացվում, որ 5 րոպե առաջ ոչինչ չունեիր ասելու, բայց մատնաշարժումներ անելուց հետո նման հայտարարություն արվեց։ Ինչ վերաբերում է իրավապահ մարմինների՝ երկու մասի բաժանվելուն, ես չեմ կարող ասել, թե ինչով է պայմանավորված։ Իմիջիայլոց, ասեմ, որ ինքնաբացարկի միջնորդությունների պատճառաբանություններից մեկն էլ այն է, որ ես հաղորդում եմ ներկայացրել ՀՔԾ մեկ այլ քննիչի նկատմամբ, որպեսզի նրա դեմ քրեական գործ հարուցվի՝ անհարգալից վերաբերմունք էր դրսեւորել դատարանի նկատմամբ, քրեական գործի հարուցումը մերժվել է, եւ իմ ներկայացուցչի՝ պարոն Աթանեսյանի կողմից որոշումները բողոքարկվել են դատարան, ես համոզված եմ, որ դատարանը կվերացնի նշված որոշումը։ Կոնկրետ արտահայտություն է արել, որը ես դիտել եմ անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ։ Ես չեմ կարող ասել, կարող եմ միայն ենթադրել, թե ինչով է պայմանավորված ՀՔԾ քննիչների նման վարքագիծը, գրեթե վստահ եմ, որ դա իրենց ղեկավարի պահանջն է։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031