Յոթանասունօրյա անհայտությունից հետո գտնված եւ հայրենիք վերադարձված վեց զինծառայողներից մեկի՝ Ռուսլան Թումանյանի հարազատներն այցելել են Արցախի հանրապետական բժշկական կենտրոն՝ նրան տեսակցելու։ Ռուսլանի եղբայրը՝ Վարուժան Մարգարյանը, որ երեկ է վերադարձել Արցախից, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմում է՝ եղբոր աչքերում ո՛չ վախ կար, ո՛չ ընկճվածություն, ո՛չ հուսահատություն․ «Տրամադրությունը շատ լավ էր, ամեն ինչ լավ էր, վիճակն էլ է լավ, միայն ոտքերն են մի քիչ ցրտահարվել, բայց դա էլ այնքան ժպիտով է ընդունում, շատ բան դեռ չենք հասցրել խոսել, բայց ինչ-որ բան որ պատմում է, էլի ժպիտով է պատմում, ոգեւորված»։
Ռուսլան Թումանյանը տասնութ տարեկան է, բանակ է զորակոչվել այս տարի՝ հուլիսի 31-ին։ Ջաբրայիլում է ծառայել, բայց պատերազմի օրերին նրան տեղափոխել են այլ վայր։ Ամբողջ ընթացքում հազիվ չորս անգամ է տուն զանգել․ ամենակարեւոր զանգը տատի տարեդարձը շնորհավորելու համար է եղել, ամենավերջինը՝ հոկտեմբերի 8-ին։ Դրանից հետո ընտանիքը շուրջ յոթանասուն օր նրանից լուր չի ունեցել, բայց հավատը չի կորցրել ոչ մի օր․ «Բոլորս հույս ունեցել ենք ու հավատացել ենք, որ պետք է վերադառնա, քեռիս միշտ ասում էր՝ գիտեմ, որ իմ տղան ինչ-որ տեղ թաքնված է, հաստատ հետ է գալու, ոչ մի վայրկյան չի եղել, որ ուրիշ բան մտածի, ես էլ տարբեր ինֆորմացիաներ եմ ստացել, բայց մեկ է, շատ ուժեղ հավատով հավատացել եմ, որ գալու է»,- ասում է Վարուժանն՝ անկեղծանալով՝ դեկտեմբերի 20-ին հենց, մինչեւ բարի լուրը կստանային, իր ընկերոջ հետ խոսելիս անգամ ասել է, որ իր մոտ ինչ-որ հանգստություն է, գիտի, որ եղբայրը շուտով գալու է։
Եղբոր մոտ շտապելիս Վարուժան Մարգարյանը հարցրել է, թե նա ինչ է ուզում, Ռուսլանն էլ KFC-ի խորտիկներ է «պատվիրել», բայց ոչ միայն իր համար․ «Ախորժակ էր պահել, բայց ասաց՝ գիտես, չէ՞՝ վեց հոգու համար պիտի բերես»։ Անցած դժվարին օրերին տղաները բրնձով, պահածոներով են սնվել, լքված տներ գտել, գիշերել այնտեղ․ «Տղաներից մեկը պատմում էր, որ բրինձ են գտել, տասը օրվա պաշար են պատրաստել, նրանց իրենց հնարամտությունն է փրկել, խելքը, մտքի ուժը, կամքի ուժը, միավորվել է այդ ամենը, իրենք վեցն են եւ վեցն էլ մի ամբողջություն լինեն կարծես, մեկը մյուսին լրացրել է»,- ասում է Վարուժանը։ Նրա խոսքով՝ մինչ պատերազմը Ռուսլանը շփում է ունեցել միայն Արսենի հետ․ ծառայակից ընկերներ են եղել, մյուսները պարզապես նույն գումարտակից են եղել։
Այդ օրերի մանրամասների մասին Վարուժանը եղբոր հետ դեռ շատ չի զրուցել, գիտի միայն՝ անհավանական արկածների միջով են անցել․ «Միայն այն, որ այդքան օր մնացել են թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքում, արդեն անհավանական է, դրանից անհավանական ի՞նչ կարող է լինել»։
Կարդացեք նաև
Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: