«Իրատեսի» զրուցակիցն է Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ տեր ՎՐԹԱՆԵՍ քահանա ԲԱԴԱԼՅԱՆԸ։
-Օրհնեցեք, տեր հայր: Վերջին օրերին շատ է քննարկվում Սիսիան համայնքի հոգևոր հովիվ տեր Պարգև քահանա Զեյնալյանի հետ տեղի ունեցածը, երբ նա հրաժարվեց սեղմել Փաշինյանի՝ իրեն մեկնած ձեռքը: Եկեղեցականին մեղադրում են խտրական վերաբերմունք ցուցաբերելու ու քաղաքական դիրքորոշում ունենալու համար: Ո՞րն է Ձեր մեկնաբանությունը:
-Առերևույթ թվում է, թե քահանան բարձրացնում է ձեռքը՝ հրաժարվելով սեղմել իրեն պարզված ձեռքն ու այդպիսով քաղաքական դիրքորոշում հայտնում։ Իրականում հակառակն է տեղի ունեցել: Վերջին օրերին երկրում առկա անհանդուրժողականության մթնոլորտն այդ միջադեպին տրամադրող էր։ Հիշեք Մարտունի քաղաքում քահանայի հետ տեղի ունեցածը. արժանապատիվ տեր հայրը հետապնդման էր ենթարկվել՝ իշխանությունների հովանավորչությունը վայելող մի քանի հոգու կողմից, խոչընդոտել էին քահանայի մուտքը եկեղեցի՝ պատճառաբանելով, թե հոգևորականը քաղաքական կեցվածք է դրսևորել: Նշեմ, սակայն, որ քահանան ՀՀ քաղաքացի է, ընտրվելու և ընտրելու, ինչպես նաև քաղաքական դիրքորոշման իրավունք ունի, ինչպե՞ս կարելի է դրա համար արգելել նրա մուտքը եկեղեցի ու որևէ մեկին պատասխանատվություն չենթարկել։ Այսինքն, քահանան հետապնդվում է իր քաղաքական կեցվածքի համար, դեռ ավելին՝ հասարակության մի չնչին, ագրեսիվ զանգված հայտարարում է, թե քահանայի հանդեպ իրականացրածը քիչ է, ու ինչ արել են, լավ են արել: Քահանայի վրա հարձակված մարդկանց մեջ զինվորական համազգեստով անձինք կային, նրանք այդ համազգեստով ի՞նչ էին անում կամ ի՞նչ էին փորձում պարզել։ Ինքս էլ կամավորագրվել ու առաջնագիծ եմ գնացել, հիմա ի՞նչ, զինվորական համազգեստո՞վ պտտվեմ իմ համայնքում: Ինչ վերաբերում է Սիսիանի հոգևորականի կեցվածքին, ապա շատ նորմալ կեցվածք էր։ Վերջին 2,5 տարում թշնամանք ու ատելություն սերմանող ապաշնորհ իշխանությունները, մարտունակ բանակի առկայության դեպքում, պարտություն կրեցին։ Կապիտուլյացիա ստորագրած վարչապետը թշնամուն հանձնեց ոչ միայն Արցախի հարակից, այլև բուն Լեռնային Արցախի շրջանները։ Բնականաբար, քահանան այս ամենից պետք է նեղված լիներ, երկրի անվտանգության համար թիվ մեկ պատասխանատուն՝ գերագույն հրամանատարը, ստորագրում է մի համաձայնագիր, որտեղ որևէ հայանպաստ կետ չկա։ Վերջին 2,5 տարում վեհափառից մինչև շարքային քահանայի հանդեպ իշխանությունը միայն ատելություն է տածել։ Սգո ջահերով երթին բազմահազար ժողովրդի հետ քայլող քահանաների հասցեին համացանցում ինչե՞ր էին գրում: Ցավոք, այդ գրողների մեջ իշխանության ներկայացուցիչներ ու նրանց պատկանող «ֆեյքեր» կան։ 2,5 տարվա ընթացքում հոգևորոկաններ ԱԱԾ հրավիրվեցին, ու հիմա հարց՝ ո՞վ է ում պարզած ձեռքը մերժել սեղմել։
-Հիմա շատերը Ձեզ նորից կմեղադրեն, որ հոգևորական լինելով՝ քաղաքականութամբ եք զբաղվում կամ քաղաքականություն մեկնաբանում:
-Թե ոմանք ինչ կմտածեն, դա իրենց խնդիրն է: ՀՀ յուրանքաչյուր քաղաքացու նման, կրկնում եմ, հոգևորականն էլ ընտրելու, ընտրվելու, քաղաքական կարծիք ունենալու և դա բարձրաձայնելու իրավունք ունի։
Զրույցը՝
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում: