«Մենք ժամանակ չունենք․ թշնամին պատերազմի է պատրաստվում։ Դա են վկայում մեզ թշնամական երկու երկրների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջին դեմքերի մակարդակով հնչեցրած հայտարարությունները, ամենատարբեր փորձագետների ու մասնագետների վերլուծություններ եւ մեր՝ ադրբեջանական ու թուրքական մամուլի ամենօրյա դիտարկումները։ Ի՞նչն է մեզ խանգարում, որ տեղից չենք շարժվում նույնիսկ վտանգի պարագայում, մտածում ենք, որ ազգային ներուժով չե՞նք կարող ոտքի կանգնել եւ սպասում ենք մեզ մեկնվելիք հնարավոր ձեռքերի՞ն։ Տարբեր եզրակացություններ անելու փոխարեն լսենք մասնագետի տեսակետ։
Տնտեսագետ Կարեն Ադոնցը միանշանակ համոզված է․ «Մենք ունենք ներուժ, շատ ավելի մեծ ներուժ, քան կարող ենք պատկերացնել։ Մենք մեր ազգային ներուժով կարող ենք երկու Հայաստան ոտքի կանգնեցնել ու հզորացնել» եւ հավելում է․ «Բայց կա երկու խանգարող հանգամանք՝ խորացած ու արմատավորված»։ Առաջինը, մասնագետի խոսքերով, «թայֆայական» մտածելակերպն ու դրա մետաստազներն են՝ լայն ու բազմերանգ իմաստով։ Ներքին կապերի այդ մետաստազները՝ տարբեր չափի թելերով ու թելիկներով, տարբեր խմբերով, տարածված են մեր կյանքի բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, իրավական, վարչական, կրթական եւ այլ։ Երկրորդ խանգարող հանգամանքը «տնտեսական եսակենտրոնությունն» է…
Մեզ տնտեսության զարգացման բացառիկ դինամիկա է պետք: Հենց այս բացառիկ դինամիկան էլ թույլ կտա 2025 թ. ՀՆԱ-ն հասցնել մոտ 40 մլրդ դոլար, հարկային լրացուցիչ մուտքերը՝ 4 մլրդ դոլար, արտաքին պարտքն էլ նվազեցնել՝ ՀՆԱ/արտաքին պարտք հարաբերակցությունը 50 տոկոս դարձնելով: Այնպես որ, կենսական խնդիր է՝ «առանց ժամանակ կորցնելու, առաջարկվող բոլոր տնտեսական ծրագրերը քննարկել, հասկանալ, ընտրել դրանցից առավել իրատեսականը եւ շարժվել առաջ»»։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում