Սպիտակցիները վերլուծում են պատերազմը, մեղադրում միայն նախկիններին, գովում ու գովաբանում Փաշինյանին:
Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նա մասնակցում է երեւանյան միջոցառումներին՝ ընդդեմ Փաշինյանի:
Երբ շրջեցինք քաղաքում ու զրուցեցինք Սպիտակի բնակիչների հետ, վերջիններս էլ պահանջում էին իրենց քաղաքապետի հրաժարականը, քանի որ վերջինս ՀՀԿ-ական է: Երբ հարցրեցինք՝ գոհ չե՞ք իրենից՝ սպիտակցիներից մեկը՝ Սամվել Միքայելյանը, բազմանշանակ ժպտաց. «Վահ, էս ի՞նչ ես հարցնում, գլխներովս դրվել է»: Հարցրեցինք՝ նախկին քաղաքապետ Վանիկ Ասատրյանից գո՞հ էիք՝ նրանք պատասխանեցին. «Բա գոհ էինք, բա ի՞նչ էինք, ժամանակին մարդը կարողանում էր մարդկանց հետ նորմալ շփվել: Հլը էս մեկին ասա՝ դուրս արի, ժողովրդի հետ նորմալ շփվի: Մի օր մոտեցե՞լ է մեկին ասի՝ ո՞նց ես, Սամվել ջան, կամ ժողովուրդ ջան: Ո՞վ է տեսել: Իսկ Վանիկը այն ժամանակ դուրս էր գալիս, բոլորի հետ շփվում, հարցեր էր լուծում, թաղ էր մտնում ամեն անգամ»:
Երբ փոխանցեցինք, որ հիմա Երեւանում հավաքներ են, պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ սպիտակցիները մեկը մյուսին հերթ չտալով՝ արձագանքեցին. «ղալաթ են անում», «գլխները քարով են տալիս», «պահանջողը գլուխը պատին է տալիս», «ուզում են պրծնեն էդ խելացի մարդուց, հազիվ մի հատ խելացի մարդ են գտել»:
Կարդացեք նաև
Սպիտակի բնակիչ Վոլոդյա Ասատրյանն ասաց. «Եռաբլուրում տեսանք ով ով է, երեւաց երթից: Նրանց նպատակը, էդ որ ասում են հայրենիքի փրկություն, ի՞նչ հայրենիքի փրկության մասին է խոսքը, դա փողերի ու իրենց թալանածների փրկությունն է, ուրեմն մենք չենք հասկանում, կյանք ենք ապրել, դար ենք ապրել, գիտենք ով ինչ է: 16 հոգին ո՞վ են, 16 հոգին 2 հազար մարդ չի կարում հավաքի: 16 կուսակցություն… ի՞նչ կուսակցություն: Կուսակցությունն այս ժողովուրդն է, մենք ենք»:
Մեր դիտարկմանը, որ ախր Նիկոլ Փաշինյանի օրոք Արցախ ենք տվել, պատերազմ ենք պարտվել՝ սպիտակցիները հակառակվեցին. «Նա չի կրվել, դուշմաններն են կրել»: Սպիտակցիները վստահեցնում են, որ ամեն ինչ հետո դուրս կգա ջրի երես. «Ալիեւը ի՞նչ ասեց, լսեցի՞ք, ասեց՝ Նիկոլը չի տվել, տվել են Քոչարյանն ու Սերժը»: Մեր զարմանքին՝ բայց դուք Ալիեւի՞ն եք հավատում՝ նրանք պատասխանեցին. «Ինչի՞ չէ… Ալիեւը հազար հատ դրանց պես ղեկավար է, իր ազգին պահած, իր ժողովրդի համար մտածող»:
Սպիտակցիների բացատրելով՝ «Սերժն ու Քոչարյանը այնքան զենք չառան, որ կռվեին, 2 տարվա մեջ ուզում էիք զենք առնեինք, ինչո՞վ առնեինք»: Մեր դիտարկմանը՝ Փաշինյանին ավելի շատ մեղադրում են ոչ թե նրա համար, որ 2 տարում չի կարողացել բանակը լավ վիճակի բերել, այլ՝ որ չի կարողացել մանեւրի, պատերազմից խուսափի, դիվանագիտություն բանեցնի՝ իմանալով, որ ռեսուրս չունի՝ սպիտակցի Ռուդիկ Դարչինյանն արձագանքեց. «Գեներալներն ինչ էին անում… դավաճանները շատ էին: 100 հատ գեներալ դավաճանել էին, դրա համար պարտվել են: Մեր ներքին թշնամիները մեր բանակի տակը քանդեցին»:
Վոլոդյա Ասատրյանի խոսքով՝ «Փաշինյանը հայտարարեց, որ ընկել են զորամասերը ու հատարարել, որ Նիկոլը հողերը ծախել է: Նա այդ տվյալները հո օդից չի՞ ասել»: Մեր հարցին՝ բա ինչո՞ւ անուններ չի ասում, իրենից պահանջում են՝ ասեք դավաճանների անունները, թող ձերբակալի, լծակներն ունի՝ Ասատրյանը պատասխանեց. «Կասի: Կգա ժամանակը՝ դա էլ կասի: Մի քիչ համբերեք: Ինքը ասե՞լ է ճանապարհային քարտեզը, այդ քարտեզով կգնա, համ էլ արտահերթ ընտրություններ կլինեն, նոր այս ժողովուրդը կասի իր խոսքը»:
Մեր հարցին՝ այս 2,5 տարվա մեջ, ինչ Փաշինյանը իշխանության գլուխ է, դուք դրական փոփոխություն տեսե՞լ եք, ձեր կյանքում ի՞նչ է փոխվել՝ նրանք պատասխանեցին. «Շատ բան է փոխվել, շատ, էդ նրանք չեն տեսնում, մենք տեսնում ենք: Թոշակներն է բարձրացրել, նորմալ ստանում ենք, նորմալ ճանապարհներով ման ենք գալիս, ամեն ինչ էլ լավ է, զինվորականին նորմալ հաց է տալիս: Մենք դրական փոփոխություն տեսնում ենք, ո՞նց չենք տեսնում»:
Իսկ որ զինվորականները թեկուզ կուշտ փորով «մսաղացի» բերան գնացին՝ սպիտակցիներին դա այնքան էլ չի հուզում: Մեր դիտարկմանը՝ օրինակ, Փաշինյանը արագաչափերի դեմ բողոքեց, ասեց կհանեմ՝ չհանեց, սահմանադրությունը այդպես էլ չփոխեց, իր հագով սարքեց՝ Ռուդիկ Դարչինյանը պատասխանեց. «Ի՞նչ պարտադիր է արագաչափը հաներ, էդ ո՞ւր է գնում փողը, գնում է բյուջեն, հո իրա ջեբը չի՞ գնում՝ Սերժի, Սաշիկի նման: Ուղարկում է բյուջե: Այն ժամանակ ուրիշ էր, հիմա՝ ուրիշ է»: Հարցին՝ դուք էլ ե՞ք վստահ, որ եթե հիմա Փաշինյանը հրաժարական տվեց, գալու են նախկին իշխանությունները՝ Դարչինյանը եւ իր ընկերները միաբերան պատասխանեցին. «Այո, նախկիններն են գալու, նրանք էլ աղբակույտ են, ինչի՞ գան: Մենք նրանց տեսել ենք, աղջիկ ջան, բոլորին էլ գիտենք, ճանաչում ենք, ի՞նչ են արել: 28 տարի աշխատել են, ի՞նչ են արել պետության համար, բացի թալանից: Միայն թալան, միայն իրենց գրպաններն են հարստացրել, միլիարդներ են կուտակել, բանակը թողել են եսիմինչի հույսին»: Ասատրյանն էլ հավելեց. «Իրենց 25 տարվա սխալները հիմա բերում են, փաթաթում են Փաշինյանի վզին: Թող փաթաթեն: Կգա ժամանակ, բոլորը պատասխան կտան ու կիմանանք ով ով է»:
Սպիտակցիները վստահ են՝ նախկին իշխանություններն են ծախել հողը, իսկ Նիկոլ Փաշինյանն անմեղ է, ինչպես նորածինը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.12.2020