Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու պայմանագիր է կնքել, պատվաստանյութը բնակչության տաս տոկոսի համար

Դեկտեմբեր 24,2020 20:22

Սեպտեմբեր ամսին Հայաստանի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու պայմանագիր է կնքել «Քովակս ֆասիլիթի» միջազգային կազմակերպության հետ, պատվաստանյութի խմբաքանակը բնակչության տաս տոկոսի համար է։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։ Նրա ներկայացմամբ՝ միջազգային այս կառույցն առաջարկել է բնակչության քսան տոկոսի հաշվարկով ձեռք բերել պատվաստանյութը, սակայն մեր երկրի ֆինանսական միջոցների սղության պատճառով պայմանագիրը տաս տոկոսի համար է կնքվել։ Տիկին Սահակյանն ասաց, որ հետագայում, պատվաստումների ակտիվությունից ելնելով եւս տաս տոկոս բնակչության համար պատվաստանյութ ձեռք կբերեն։

«Շարունակում ենք բանակցություններն առանձին արտադրողների հետ՝ փոքր քանակությունով ձեռք բերելու համար։ Բանակցություններ ենք վարում ռուսական եւ ամերիկյան պատվաստանյութեր ձեռք բերելու համար, որպեսզի մինչեւ հունվարի վերջ առկա լինեն Հայաստանում»,-ասաց Գայանե Սահակյանը։

Նրա խոսքով՝ «Քովակս ֆասիլիթի»-ի մեկ դեղաչափի գինը սահմանվել է 10,5 դոլար, իսկ ռուսական «Սպուտնիկ Վ»-ն երկրներին նույն գինն է առաջարկում՝ երկու դեղաչափը մոտ 20 դոլար․ «Քովակսի գինը սկզբնական է, հետագայում ավելի ցածր գնով կարող ենք ձեռք բերել»։ Բայց օրինակ ամերիկյան «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութն ավելի թանկ է, եւ ինչպես տիկին Սահակյանն ասաց, դեռ պարզ չէ, թե «Քովակս» կազմակերպությունը «Մոդեռնայի» դեպքում ինչ գին կառաջարկի։ Բանակցություններ են ընթանում նաեւ «Պֆայզեր» ընկերության պատվաստանյութ ձեռք բերելու համար։

Քննարկման մասնակից վիրուսաբան Հովակիմ Զաքարյանն ասաց, որ վերջնարդյունքում կարեւոր է պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը, ինչն էլ հաշվի է առնվում կլինիկական փորձարկումներից հետո եւ ստանում են օգտագործման թույլատվություն։ Այսօր, գիտական գրականությունում մի քանի նման պատվաստանյութեր կան, եւ ինչպես նշեց պարոն Զաքարյանը, գրականության համաձայն, դրանց արդյունավետությունը իննսուն տոկոսից բարձր է․«Խոսքը ե՛ւ ռուսական պատվաստանյութի, ե՛ւ ամերիկյան երկու պատվաստանյութերի «Պֆայզեր»-ի եւ «Մոդեռնա»-ի մասին է։ Բայց արդյոք, ընկերությունները, որոնք պատվաստանյութ են ստեղծում, կկարողանա՞ն կարճ ժամանակահատվածում արտադրել այնքան չափաքանակ, որը կբավականացնի երկրագնդի բնակչության զգալի հատվածի համար։ Սա խնդիր է, որը արտադրական ծավալների հետ կապ ունի։ Եվ ցավոք, ես մնում եմ իմ կարծիքին՝ դժվար թե առաջիկա ամիսներին երկրագնդի բնակչության զգալի մասը կամ մեր երկրի զգալի մասը պատվաստված կլինեն»։

Պարոն Զաքարյանը նաեւ նկատեց՝ ընդհանրապես պատվաստումների խնդիրն աշխարհում քաղաքականացված է, դա տարբեր պատճառներ ունի, օրինակ՝ ով առաջինը կմտնի շուկա եւ այլն․ «Ռուսական պատվաստանյութի շուրջ աղմուկը զուտ քաղաքական բնույթ ունի, պատվաստանյութերի պատմությունը քաղաքականացված է, մենք պետք է պատվաստանյութը ընտրելիս առաջնորդվենք տեխնիկական բնութագրերով, պահպանման պայմաններով, գնով, հասանելիության ժամկետներով այլ ոչ նրանով, թե որ երկիրն է ստեղծել»։

Գայանե Սահակյանն էլ նշեց, որ պատվաստանյութը , երբ արդեն ՀՀ-ում կլինի, նախատեսված է, որ առաջին հերթին պատվաստվելու են ռիսկի խմբի անձինք՝ բուժաշխատողներն եւ սոցիալական աշխատողները։

Հովակիմ Զաքարյանն էլ նկատեց, հնարավոր է մեր երկրում առաջանան հակապատվաստումային տրամադրություններ, ընդ որում, դրանք մինչեւ պատվաստանյութի ստեղծելն էլ կային․«Մենք տեսել ենք, որ Հայաստանում տրամադրություններ կան այլ պատվաստումների հետ կապված, օրինակ՝ պապիլոմա վիրուսի դեպքում։ Հակապատվաստումային տրամադրությունների դեմն առնելը բավական դժվար է, բայց հանրության հետ պետք է իրազեկման աշխատանքներ տարվեն, տարբեր խմբերի հետ պետք է աշխատել, այդ թվում՝ բուժաշխատողների։ Կան բժիշկներ, որոնց թիվը փոքր չէ, ու նրանք դեմ են պատվաստմանը, դեմ են ոչ միայն կորոնավիրուսի դեմ պատվաստմանը, այլ՝ ընդհանրապես պատվաստումներին։ Ու նրանք գործող բժիշկներ են։ Պատկերացրեք՝ նա իր հիվանդի մոտ նման կարծիք հայտնի, իսկ բժիշկը հիվանդի համար հեղինակություն է, ինչպիսի արագությամբ այդ տրամադրությունները կտարածվեն հիվանդի շրջապատում»։

Պարոն Զաքարյանը նկատեց՝ երբ հասարակության շրջանում լուրջ կասկածներ կան սեփական երկրի իշխանությունների նկատմամբ, այդ կասկածները տարածվում են տարբեր ծրագրերի վրա, այդ թվում՝ պատվաստման, օրինակ՝ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման ծրագիրը, երբ սկսվեց, նախորդ կառավարության նկատմամբ հասարակության զգալի հատվածի մոտ կար անվստահություն, եւ դա տարածվեց այդ կառավարության լավ ծրագրերի վրա․«Հիմա էլ կառաջանա նման իրավիճակ, ու չեմ զարմանա, որ դա կարող է օգտագործվել որոշակի նպատակներով»։

Վիրուսաբանի կարծիքով՝ կամավոր պատվաստվողների թիվը պետք է զգալի մեծ լինի, որպեսզի արդյունավետությունը երկրի համար դրական լինի, եթե բնակչության տաս կամ քսան տոկոսը պատվաստվի, դրական մեծ տեղաշարժեր չեն լինի, կրկին կունենանք ամենօրյա վարկման դեպքեր եւ մահեր․«Հետեւաբար, ամեն ինչ պետք է անել, որպեսզի ավելի շատ մարդ պատվաստվի»։

Կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր չէ, սակայն ինչպես նշեց Գայանե Սահակյանը, կան երկրներ, որոնք պարտադրող գործիքներ են կիրառում, օրինակ՝ գործատուի առջեւ պահանջ են դրել՝ աշխատանքի ընդունելուց առաջ ստուգվի անձի պատվաստումային կարգավիճակը։

«Մենք չենք կարող բնակչության վաթսուն-յոթանասուն տոկոսին պատվաստել, քանի որ նախ նման խմբաքանակ չունենք, եւ դա պարտադիր չէ, բայց գործընթացը շարունակական է, եւ փոքր չափաբաժիններով անընդհատ ձեռք կբերենք եւ կապահովենք պատվաստումների գործընթացը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031