Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն պետք է լինի ռուսական Իսրայելը Կովկասում, սա իմ ընկեր Վազգեն Սարգսյանն էր ասում». Զատուլին

Դեկտեմբեր 24,2020 20:03

«Հիմա էլ կարծում եմ, որ ՀՀ-ում Ռուսաստանի ռազմական ներկայությունը պետք է ընդլայնել: Ինձ հարցնում են՝ ինչպե՞ս դա անել, եթե ՀՀ-ն օդային շրջափակման մեջ է: Իմ կարծիքով՝ սա այն դեպքն է, երբ չպետք է ուշադրություն դարձնել օդային շրջափակմանը: Թեեւ Վրաստանի հետ մեր հարաբերությունները բարդ են, վերջինս այս իրավիճակում չի կարողանա եւ չի ուզենա խոչընդոտել որեւէ օդային կամրջի ստեղծմանը, որը լրացուցիչ կամրապնդեր մեր ռազմական ներկայությունը ՀՀ-ում»,-«Ռուսաստանի հայերի միության» կազմակերպած առցանց քննարկման  ժամանակ այսօր հայտարարեց ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

Անդրադառնալով Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության աշխատանքին՝ նա նշեց, արդեն ավելի քան երկու հազար զինվորականներ են մասնակցում դրան. «Հավանական է, որ խաղաղապահ առաքելության ուժեղացման կարիք լինի: Անուղղակի կերպով այն արդեն իսկ ամրապնդվել է, քանի որ Ռուսաստանն Արցախ է ուղարկել նաեւ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին, որոնք նույնպես զինվորականներ են համարվում: Եթե կարիք կա, ռուսական զորախումբը պետք է ամրապնդել, բայց խաղաղապահ առաքելությունն այսօր իսկապես համարվում է պատերազմի չվերսկսման գլխավոր երաշխիքը»:

Պատգամավորի բնորոշմամբ. «Այս իրավիճակում ՀՀ-ն ի վիճակի չէ նոր ռազմական գործողություն տանել: Քանի դեռ չկա ներքին համաձայնություն, ներքին խնդիրների լուծում, դրա մասին երազելը ճիշտ չէ»: Զատուլինը կարծում է, որ նման իրավիճակում Ռուսաստանը Հայաստանին պետք է օգնի ոտքի կանգնել, վերագտնել հավատը սեփական ուժերի հանդեպ. «Հայաստանը պետք է լինի ռուսական Իսրայելը Կովկասում: Արտահայտությունն, ի դեպ, իմը չէ: Իմ ներկայությամբ այն ժամանակին արտաբերել է ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, ում հետ ընկերություն էի անում»: Պատգամավորը հավելեց՝ թեեւ ոչ հրապարակային, սակայն Ռուսաստանը պատերազմի ընթացքում ռազմատեխնիկական աջակցություն էր ցուցաբերում ՀՀ-ին. «Ադրբեջանում շատ լավ գիտեն, որ մենք ռազմակայան ունենք Գյումրիում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031