Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու միջնորդության քննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությամբ, ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Քաջարան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Մեծ թվով քաջարանցիներ էին հավաքվել դատարանի շենքի առաջ։ Նրանք «Մանվել, Մանվել, Կամանդիր–քաղաքապետ», «Արդարություն, արդարություն» բացականչություններով սատարում էին Մանվել Փարամազյանին։
Ակցիայի մասնակից Դավիթ Համբարձումյանի կոչով՝ քաջարանցիները իրենց ծափահարություններով ողջունեցին Հայաստանի սահմաններում կանգնած բոլոր զինվորներին ու կամավորներին, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնեցին լրատվամիջոցներին՝ անաչառ աշխատանքի համար։ Ապա իրենք իրենց քաջալերեցին՝ որպես Հայաստանի ամենակազմակերպված համայնք։
«Շնորհակալ եմ աջակիցներին, սյունեցիներին, մենք քաջ ու անվախ ժողովուրդ ենք։ Մենք էլ նրանց խոնարհ ծառա ենք։ Էս իշխանության նման մարդիկ մեզ պետք չեն։ Սաղս առյուծ մարդիկ են: Սյունիքը իր ուրույն տեղն է ունեցել մեր պատմության մեջ։ Մեր Կապուտջիղ լեռան, Խուստուփ սարի նման կանգնած ենք»,–դատական նիստից հետո ասաց Քաջարանի քաղաքապետը։
Կարդացեք նաև
Նախագահող դատավոր Վահե Մարգարյանը մոտ երկուսուկես ժամ դատաքննությունից հետո մտավ խորհրդակցական սենյակ։ Դատարանի որոշումը կհրապարակվի վաղը՝ դեկտեմբերի 25-ին, ժամը 10.20 րոպեին։
Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կալանավորման միջնորդությունը հինգշաբթի նույնպես մերժվեց դատարանի կողմից։
Վերջինս, ընդհանուր առմամբ, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 12 հոդվածների հատկանիշներով։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ