Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ծնողները խումբ են կազմել, գնացել են Արցախ՝ իրենց երեխաներին որոնելու. Նրանք նոր են վերադարձել ու փակել են Բաղրամյան պողոտան՝ ներկայացնելով պահանջներ

Դեկտեմբեր 24,2020 19:03

Այսօր Բաղրամյան-Պռոշյան հատվածում Բաղրամյան պողոտան փակել են մի խումբ քաղաքացիներ՝ ներկայացնելով իրենց պահանջները իշխանությանը:

Ցույցի նախաձեռնողներից Սերգո Գալստյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես անձամբ որոնում եմ իմ եղբոր տղային: Սա քաղաքական ակցիա չի, ոչ էլ կուսակցական: Մենք գործ չունենք որեւէ մեկի հետ՝ ոչ 17 կուսակցություն, ոչ 20: Մեր ծնողների պահանջն է՝ հասկանանք, ունե՞նք պետություն, թե՞ չունենք: 45 օրից ավելի ես գտնվել եմ Ղարաբաղում, մասնակցել որոնողական աշխատանքների: Առաջնահերթը մեր գերեվարվածներն են, մեր անհետ կորած երեխեքն են: Ժողովուրդ ջան, ձյուն է այնտեղ, մենք չգիտենք՝ երեխեքն այնտեղ ինչ պայմաններում են որտեղ են: Մեր մահացած երեխեքի մարմինները չենք կարողանում դուրս բերել այնտեղից: ԴՆԹ ապարատի հարցեր կան, ծնողները կարող են տարիներով սպասել պատասխանին: Ես բժշկությունից լավ չեմ հասկանում, բայց իրենց ասած տվյալներով՝ այդպես է դուրս գալիս, որ կարող են տարիներով սպասեն: Մենք այստեղ ենք, մեկը չլինի, որ քաղաքականացնի մեր ակցիան, սա մեր ծնողների ակցիան է, մեր պատկան մարմինները ոչ մի օգնություն ցույց չեն տվել մեզ: Մենակ մեր կողքին եղել է Ղարաբաղի արտակարգ իրավիճակների նախարարությունը: Մենք մեր կյանքը վտանգելով՝ գնացել ենք թշնամու անգամ խորքը, որովհետեւ իմ կյանքը զրո է, գնացել ենք՝ հանուն մեր բոլոր երեխեքի»:

Սերգո Գալստյանն ասաց, որ ծնողական խումբ է մեկնել Ղարաբաղ, ասել են՝ կան երեխաներ, որոնք կապի են դուրս եկել, բայց իրենց թերահավատորեն են մոտեցել. «Ասել են՝ հեսա դրոն կթռնի, ուղղաթիռ կթռնի,ձգել են ժամանակ: Իսկ մենք ձգելու ժամանակ չունենք: Դեռ ձյունը չէր եկել, ասում էինք՝ ժողովո՛ւրդ, ձյուն է գալու, ողջ մնացածները հետք են թողնելու ձյան վրա: Ես գործող ոչ մի իշխանությունից իրական քայլ չեմ տեսել»:

Գալստյանը ձեւակերպեց հիմնական պահանջները. «Ինչքան գերիներ ունենք, ով է զբաղվում այդ հարցով, թող պատասխան տան: Հաստատ Փաշինյանը չի զբաղվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031