«Խնդիրն այն է, որ Ադրբեջանին են փոխանցվել միջանցք հանդիսացող շրջանները՝ Բերձորն ու Քարվաճառը, եւ այստեղ խնդիր է առաջանում, քանի որ քսան տարի ՀՀ-ն եւ Արցախը հնարավորություն են ունեցել համատեղ տնտեսություն ծավալելու այդ տարածքներում, որտեղ կան արտադրամասեր, ջրային պաշարներ: Սյունիքի սահմանին եւս ռուս խաղաղապահներ են տեղակայվել, եւ այդ փաստը շեշտել է պետք,-«Ռուսաստանի հայերի միության» կազմակերպած առցանց քննարկման ժամանակ այսօր հայտարարեց ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով այդ թվում Սյունիքի մարզի սահմաններին տեղի ունեցող դեպքերին:
«Անկախ Հայաստանի սահմանները պետք է պահպանվեն՝ Սյունիքում եւ ոչ միայն, ամենուր: Սյունիքի շրջանում մեր սահմանապահներն արդեն դիրքեր ունեն, որոնք նախկինում չկային, որովհետեւ ՀՀ-ի եւ Արցախի հետ միջանցքն էր, եւ նման անհրաժեշտություն չկար: Բայց, հավատացեք, ես էլ եմ անհանգիստ ՀՀ սահմանով միջանցք բացելու ցանկությունից: Այն իրավիճակում, երբ Բաքուն հաղթանակ է տոնում եւ հիշում Էնվեր փաշային, չեմ կարծում, որ տրամաբանական եւ ճիշտ է եռակողմ հայտարարության կետերը կյանքի կոչելը, որովհետեւ շատ բան է խախտվել: Եթե այդ հայտարարությունում ասվում է, որ տնտեսական միջանցքներ պետք է բացվեն Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ՝ ՀՀ տարածքով, ապա դա հնարավոր է, բայց բոլորովին այլ իրավիճակում: Եթե չկա նման իրավիճակ, հարցը խնդիր է դառնում, եւ ես անձամբ չէի շտապի այդ հարցում»,-շեշտեց Զատուլինը:
Նա նշեց, որ Սյունիքի հատվածում սահմանազատում չկա, եւ ռուս խաղաղապահ առաքելությունը պետք է իրականացվի այնպես, որ կողմերից որեւէ մեկը չուզենա առաջխաղացում անել իր ուզածի պես, ինչպես դա եղավ Հադրութի շրջանում. «Բոլոր խախտումներին պետք է հակազդել, այլապես խաղաղապահ առաքելությունն արդյունավետ չի լինի:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ