Համացանցում տեղեկություն էր հայտնվել, որ «Զինվորի բաժին» գրությամբ հայկական բաստուրման, որը նախատեսված է բանակի համար, զարտուղի ճանապարհներով հայտնվել է ռուսաստանյան շուկայում, մասնավորապես, Կրասնոյարսկի խանութում: Ահազանգողը «Սպիտակ արջ» տելեգրամ-ալիքն էր:
Քանի որ բաստուրման «Բայազետ» ընկերության արտադրանքն էր, մենք փորձեցինք հենց արտադրողից պարզել, թե իրականում ինչպես էր այն արտահանվել Ռուսաստան, եթե նախատեսված էր միայն բանակի համար:
Ընկերության տնօրեն Հարություն Կրպեյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց. «Իրականում մենք նման մակնշմամբ արտադրանք ունեցել ենք 2018-ից առաջ, երբ ՊՆ-ն պետգնման ընթացակարգով մրցույթ էր հայտարարում ու գնում մսամթերք՝ բաստուրմա, սուջուխ, երշիկեղեն: Պիտակ ենք ունեցել, որ մակնշման վրա նշված է եղել՝ «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ»: Բայց 2018 թվականից մինչեւ 2020-ը այլեւս որեւէ տենդերի չենք մասնակցել, քանի որ ՊՆ-ն տենդեր չի հայտարարել: Բանակում սննդի մատակարարման համակարգը, ինչպես գիտեք, փոխվել է: Հիմա բանակն արդեն սննդի մատակարարումը զինվորներին ու զորամասերին իրականացնում է ճաշարանների միջոցով»:
Հարություն Կրպեյանն ընդգծեց, որ տարածված լուսանկարում չի երեւում արտադրանքի ժամկետը՝ տվյալ բաստուրման արտադրվել է 2018-ի՞ն, թե՞ դրանից հետո: Բայց նաեւ չի բացառում, որ իրենց արտադրանքի վրա թյուրիմացաբար աշխատակիցները փակցրած լինեն տվյալ պիտակները, քանի որ այդ պիտակներից արտադրամասում մնացած է եղել 2018-ից: Հնարավոր է՝ չեն նկատել ու փակցրել են հին տարբերակը, դրանք իրարից չնչին են տարբերվում:
Հարություն Կրպեյանի խոսքով՝ «Մենք բարեխիղճ արտադրող ենք ու մեզ համար շատ կարեւոր է սպառողի գնահատականը: Մենք բիզնես աշխարհում ենք, ուզում ենք աշխատել մաքուր մրցակցային դաշտում ու մեր տեղն ու դերն ունենալ մեր երկրի տնտեսության զարգացման գործում: «Բայազետ» ընկերությունը երբեւէ քաղաքական գործունեության մեջ ներգրաված չի եղել ու չի կարող լինել: Ամեն մեկս պետք է լինենք մեր տեղում ու մեր գործն անենք բարեխիղճ: Կոնկրետ մեր առաքելությունը, մեր նպատակն այն է, որ մեր սպառողին մատուցենք որակյալ ու մատչելի արտադրանք: Առանց այդ էլ համավարակը, տնտեսական ճգնաժամը հայրենական արտադրությանը մեծ վնաս են տալիս, չպետք է հարվածի տակ դնել արտադրողի՝ տարիներով ձեռք բերած վարկը: Մենք Կոտայքի մարզում աշխատատեղեր ենք ապահովում բնակիչներին, ուզում ենք զարգացնել մեր բիզնեսը ու նոր աշխատատեղեր ստեղծել գործազրկության այս պայմաններում: Փոխանակ արտադրողին խթանենք, «դուխ» տանք, մանավանդ, որ արտահանող ընկերություն է, այսպիսի հարցեր ենք առաջացնում: Մեր ընկերությունը եղել եւ մնում է ապաքաղաքական՝ փորձելով մեր ազգաբնակչությանը մատուցել որակյալ սնունդ ու որակյալ մսամթերք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ