Այսօր Գյումրու ավագանու տարեվերջյան նիստին քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը զեկուցեց, որ Գյումրու 2021 թվականի բյուջեն կկազմի 4 միլիարդ 627,8 միլիոն դրամ։
Նշենք, որ հանրապետության երկրորդ քաղաքի 2020 թվականի բյուջեն 3 մլրդ 992 միլիոն 675 հազար դրամ էր:
«Գյումրու բյուջեն գալիք տարվա եկամուտների և ծախսերի նախահաշիվ է, որը մշակվել է՝ ելնելով համայնքի զարգացման 2017-2021 թվականների հնգամյա զարգացման ծրագրից։
Մեր բյուջեն առայժմ կանխատեսվող է։ Հաստատված, ճիշտ թվերով բյուջեն կներկայացնենք առաջիկա ավագանու նիստին։ Վստահ ենք, տարին փակելուց հետո կունենանք ազատ միջոցներ, իսկ դրանք հաշվարկելուց հետո կներկայացվի ավագանուն ռեալ բյուջեն՝ հաստատման։
Կարդացեք նաև
Այժմ մեր կազմած բյուջեն եկամուտների մասով 4 միլիարդ 627,8 միլիոն դրամ է, ծախսային մասով՝ 4 միլիարդ 627,8 միլիոն դրամ։ Պետական բյուջեից դոտացիա համահարթեցման նպատակով կստանանք 2 միլիարդ 834,7 միլիոն դրամ։
Բացի այս գումարից, մենք նաև պետական բյուջեից կապիտալ ծախսերի նպատակային հատկացումների սուբվենցիա կստանանք՝ 30 հազար դրամ, ունենք նաև պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացման դիմաց գումարներ՝ ԶԱԳՍ-ն է ու սոցիալական ծառայությունները, 11 միլիոն 277,5 դրամ և սոցիալականը՝ 66 միլիոն 631,5 հազար դրամ։ Այս գումարները տնօրինելու իրավունք չունենք տարբեր ծախսերի համար, կարելի է ասել միջնորդ կառույց ենք հանդիսանում»,- ասաց քաղաքի գլխավոր ֆինանսիստը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ