Արցախի կարգավիճակի որոշումը պահանջում է լրացուցիչ բանակցություններ: Ռուսաստանն ակնկալում է այդ հարցում, այդ թվում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների աջակցությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
«Փակագծերից դուրս Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պահանջում է լրացուցիչ բանակցություններ: Մենք, անկասկած, ակնկալում ենք ԵԱՀԿ-ի, Ֆրանսիայի, ԱՄՆ նախագահների և այլ պետությունների ջանքերը, որոնք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի գործընթացում: Դեռ շատ բարդ աշխատանք է սպասվում»,- ասել է Մատվիենկոն:
Նրա խոսքով՝ այդ հակամարտությունը «ծխացել է, բորքոքվել, շարունակվել ավելի քան 30 տարի և լուծում չի ստացել»:
«Մենք դադարեցրինք զոհերը, թույլ չտվեցինք հակամարտության հետագա սրում, նոր մարդկային զոհեր: Դա շատ բարդ համաձայնագիր էր, դրան հասնելը հեշտ չի եղել: Հավատացեք, ես գիտեմ, որ այն ծանր, օր ու գիշեր լարված համաձայնեցման աշխատանքների արդյունք էր: Այսօր հենց ռուս խաղաղապահներն են հակամարտության գոտում պահպանում այդ համաձայնագիրը, թույլ չեն տալիս խախտել դրա պայմանները, վերադառնալ զինված բախումներին, նպաստում են խաղաղ կյանքի ձևավորմանը, փախստականների վերադարձին»,- ասել է Մատվիենկոն:
Կարդացեք նաև
Մատվիենկոն նաև նշել է, որ Ռուսաստանը չի միջամտում ԱՊՀ երկրների ներքին հակամարտություններին, բայց պատրաստ է աջակցություն ցուցաբերել համապատասխան խնդրանքի դեպքում:
«Ռուսաստանն իրեն թույլ չի տա ներգրավվել ներքին հակամարտություններին և՛ ԱՊՀ տարածքում, և՛ ցանկացած այլ երկրում: Բայց մենք պատրաստ ենք աջակցություն, օգնություն ցուցաբերել, եթե մեզ նման բան խնդրեն, բայց մենք չենք պարտադրում մեր տեսակետը, չենք փորձում ինչ-որ քայքայիչ գործունեությամբ ազդել այս կամ այն իրավիճակի վրա, չնայած լավ գիտենք և հասկանում ենք, որ շատ գործընթացներ, այդ թվում հետխորհրդային տարածությունում տեղի են ունենում մի շարք պետությունների միջամտությամբ»,- ասել է Մատվիենկոն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ