Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողը մրգերից զարդեր է պատրաստում, որ երեխաներին անակնկալ անի

Դեկտեմբեր 24,2020 17:00

Լրագրող Լիլիթ Հարությունյանը յուրօրինակ նախաձեռնությամբ է հանդես եկել: Նա մրգերից ու բանջարեղենից զարդեր է պատրաստում, իսկ պատվերներից գոյացած գումարով Ամանորի նվերներ է գնելու Արցախի իրենց տունն ու մանկությունը կորցրած փոքրիկների համար:

Լիլիթը էկոզարդերի ապրանքանիշի համար անուն է մտածել ` «ՀայաMADE», որը Made in Armenia-ի հայերեն-անգլերեն վերափոխությունն է: Լիլիթն ասում է, որ այլ ձեւակերպմամբ, կարելի է ասել «Հայամետ զարդեր»: Լիլիթի հետ զրուցել ենք Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակում: Մեր գործընկերն ասում է նման գաղափար վաղուց էր հղացել:

«Շատ վաղուց ինձ համար նման զարդեր էի պատրաստում, աշխատավայրում ու տարբեր տեղեր հետաքրքրվում էին, թե ինչից եմ պատրաստում: Ես սկզբում չէի լաքապատում դրանք, դրանցից 2-ը 6 տարուց ավել օգտագործել եմ, ականջօղեր էին: Հետո որոշեցի, որ կարելի է մի օր նման բիզնես սկսել, բայց ոչինչ չէի ձեռնարկում այդ ուղղությամբ:

 Երբ պատերազմը եղավ, բոլորը սկսեցին գումար հավաքել արցախցիներին օգնելու համար, հասկացանք, որ բազմաթիվ երեխաներ վատ վիճակում են հայտնվել: Ես կամավորություն էի անում, ապաստարաններում հայոց լեզու-գրականություն էի դասավանդում: Հետո որոշեցի երեխաների համար մի լավ բան անել: Ես անընդհատ գրքեր էի նվիրում: Մտածեցի, որ կարելի է իրենց համար ամանորյա գեղեցիկ ինչ-որ բան մտածել: Ապաստարանի կազմակերպիչները երեխաների համար հովանավորներ գտան, ու մտածեցի, որ իրենք արդեն ապահոված են, կարելի է այլ ընտանիքներ գտնել, որոնք ավելի ծանր վիճակում են: Հիմա Մարտակերտից մի ընտանիք եմ գտել, որոնք 10 երեխա ունեն, աղջիկն ամուսնուն է կորցրել: Այդ ընտանիքի պատմությունից շատ նեղվել էի: Այդպես որոշեցի իրենց օգնել: Ու երբ մտածում էի` ինչպես գումար հավաքել, կրկին այս գաղափարը առաջ եկավ: Սկզբում կասկածում էի, որ կկարողանամ ինչ-որ բան անել, հետո որոշեցի, այնուամենայնիվ փորձել»,-պատմեց Լիլիթը:

«Առայժմ ականջօղեր եմ պատրաստում, օգտագործում եմ մրգեր ու բանջարեղեն, դրանց վրա հուլունքներ եմ ամրացնում, լաքապատում եմ, որ ամրանան ու չկոտրվեն»,-ասում է մեր զրուցակիցը` ոգեւորված մարդկանց օգնելու նպատակով:

 Նա այժմ արձակուրդում է գտնվում եւ աշխատում է պատվերների վրա, ասում է` իրենց տունն ասես փոքրիկ արտադրամաս լինի, ամեն տեղ չորացրած միրգ, բանջարեղեն ու համեմունք է` թուրինջ, նարինջ, կիտրոն, խնձոր, բանան, լոլիկ, վարունգ, դարչին, ելակ. «Նոր տարվա գիշերը նվերներ եմ տանելու երեխաների համար, փնտրում եմ ընկերներ, որոնք հնարավորություն կունենան օգնելու ընտանիքներին, որոնք այս պահին 3-ն են»:

Լիլիթ Հարությունյանն հավելում է, որ նվերների փաթեթավորումներն էլ է փորձում հետաքրքիր դարձնել: Հույս ունի, որ «ՀայաMADE»-ը նախաձեռնությունից մի օր լուրջ բիզնեսի կվերաճի:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031