Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ կյանքում երկրորդ անգամ եմ տուն կորցնում, այն էլ՝ բազմաշունչ ընտանիքիս հետ»

Դեկտեմբեր 24,2020 16:37

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Շողակաթ խոշորացված համայնքի Արտանիշ բնակավայրում ժամանակավորապես ապաստան գտած Վարդան Նազարյանի բազմաշունչ ընտանիքին: Այցի նպատակն էր ծանոթանալ բազմաշունչ ընտանիքի կեցության պայմաններին:

Գեղարքունիքի մարզպետարանի կողմից Վարդան Նազարյանի ընտանիքին այդ օրը հատկացվեց լվացքի մեքենա, հագուստ, սնունդ, մահճակալ, անկողնային պարագաներ և երեխաների համար նախատեսված ամանորյա նվերներ պարունակող փաթեթներ:

Վարդան Նազարյանի 14 շնչից բաղկացած ընտանիքը Արտանիշ է տեղափոխվել Մարտակերտի շրջանի Հայկաջուր գյուղից՝ ավելի քան 1 ամիս առաջ: Արցախյան վերջին պատերազմի արդյունքում Նազարյանների ընտանիքը կորցրել է իրենց տունն ու ողջ ունեցվածքը, եւ ճակատագիրը նրանց Արտանիշ է բերել միայն Վարդանի կնոջ հարազատական կապի շնորհիվ: Վարդանը Արցախյան առաջին պատերազմից հետո նոր տուն է հիմնել Հայկաջուր գյուղում, որտեղ իր կին Նախշունի հետ ունեցած համատեղ կյանքում ունեցել է 11 երեխա: Այժմ Արտանիշում նա ապաստանել է իր զավակների եւ թոռների հետ:

«Արդեն իմ կյանքում երկրորդ անգամ եմ տուն կորցնում, այն էլ՝ բազմաշունչ ընտանիքիս հետ: Ճիշտ է, Արտանիշում հարազատներ ունենք, մյուսներն էլ մեզ հոգատարությամբ են շրջապատել, սակայն հարազատ տան ու հայրենիքի կորստի հետ համակերպվելը շատ դժվար է: Մեր ուսերին է ծանրացել նաև մեր դստեր ընտանիքի հոգսը, քանի որ նա այս պատերազմի պատճառով կորցրել է իր ամուսնուն»,- ներկայացրեց Վարդան Նազարյանը:

Ընտանիքի մայր Նախշուն Նազարյանն էլ իր գոհունակությունը հայտնեց Գեղարքունիքի մարզպետարանից, Շողակաթի համայնքապետարանից, Արտանիշի բնակիչներից և դպրոցի տնօրինությունից, նշելով, որ իրենց ընտանիքին ցուցաբերվում է բավարար աջակցություն, օգտվում են պետական աջակցության ծրագրերից և շրջապատված են հոգատարությամբ: Ընտանիքի դպրոցահասակներն էլ հաճախում են Արտանիշի միջնակարգ դպրոց:

Հանդիպման ավարտին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հուսադրեց Նազարյաններին ու վստահեցրեց, որ Արցախից տեղահանված եւ Գեղարքունիքի տարբեր համայնքներում ապաստան գտած ընտանիքները գտնվում են ՀՀ կառավարության, Գեղարքունիքի մարզպետարանի եւ տեղական ինքնակառավարման մարմինների մշտական հոգածության ներքո:

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031