Քաղաքացիները դատախազության շենքի մոտ են հավաքվել ու պահանջում են գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին կատարել իր պարտականությունները: Բողոքի ցույցին մասնակցում են ԲՀԿ պատգամավորներ, ՀՅԴ-ականներ:
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, դիմելով գլխավոր դատախազին, ասաց. «Իրականում մեր այս համաքաղաքացիներից որեւէ մեկի պարտավորությունը չէ, որեւէ մեկի պարտքը չէ ժամանակ ծախսելու, սառելու, ժամերով փողոցում կանգնելու, ոստիկանական անօրինական բռնությունների ենթարկվելու, բերման ենթարկվելու, ժամերով ոստիկանատներում նստելու: Մեր որեւէ մեկի պարտքը չէ, որովհետեւ մեր քաղաքացիները հարկ են վճարում, որ դուք ստանաք աշխատավարձ ոչ թե տուն պահելու համար, այլ՝ ՀՀ սահմանադրությունը օրենքները պաշտպանելու համար: Մեր քաղաքացիների պարտքը չէ գալ ու ձեզ բացատրել ձեր իրավունքներն ու պարտականությունները, դուք դրա համար պաշտոնի եք նշանակվել: Դուք պարտավոր էիք իմանալ, որ երկրի ազգային անվտանգությունը ոտնատակ տվող, միտումնավոր, տեւական ժամանակ երկրի ազգային անվտանգությունը զրոյացնող, փոշիացնող, պաշտպանունակությունը թուլացնող պաշտոնյան պետք է պատասխանատվության ենթարկվի: Մենք շաբաթներ շարունակ չպետք է քայլերթներով գայինք, չպետք է կանգնեինք ձեր դռանը ու խնդրեինք, որ հարուցեք քրեական գործ: Մենք չպետք է խնդրեինք, այս դուռը մերն է՝ քաղաքացիներինն է, կարող էինք առանց հարցնելու մտնել այս դռնով՝ գլխավոր դատախազից պահանջելու մեկ բան՝ կատարի իր պարտականությունները: Տեսե՞լ եք մի երկիր, որտեղ գլխավոր դատախազից ժողովուրդը խնդրում, պահանջում է, որ իր պարտականությունները կատարի, ոչ թե Նիկոլին ծառայի»:
Գեղամ Մանուկյանը հիշեցրեց Արթուր Դավթյանին. «Դուք ապրում եք մեր հաշվին, պետությունից փող եք ստանում, որը ձեւավորվում է այստեղի քաղաքացիների հարկերով: Դուք պարտավոր եք ձեր պարտականությունները կատարել, հարուցել քրեական գործ, հանձնարարություններ տալ ՀՔԾ-ի Սասունին, ոչ թե Նիկոլը տար, ոնց որ արել է 2.5 տարի»:
Գեղամ Մանուկյանը հորդորեց գլխավոր դատախազին. «Մի պահ զանգեք Սյունիքի ձեր կոլեգաներին, հարցրեք՝ տղերք, ո՞նց եք: Տղերքից շատերը անկեղծ եղածը կասեն, եթե հայհոյանքով չասեն, թե հողատուն ինչ օյին է բերել նաեւ իրենց գլխին: Զանգեք Տավուշ, զանգեք Գեղարքունիք»:
Կարդացեք նաև
Գլխավոր դատախազության անդամներին էլ Գեղամ Մանուկյանն ասաց՝ եթե անցյալ տարի դուք կարողանում էիք Ջերմուկում հանգստանալ սոցփաթեթով, հիմա հիշեք, եթե գնաք, գնալու եք սահմանամերձ գոտի, Ջերմուկը այսուհետ սահմանամերձ գոտի է՝ հողատուի պատճառով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ