Լրահոս
Օրվա լրահոսը

«Պապ 9 եմ ստացել». Դուստրն ամեն օր խոսում է զոհված հոր նկարի հետ

Դեկտեմբեր 24,2020 15:50

Ասում են` ընկերովի մահը հարսանիք է: Ճամբարակցի 44-ամյա Վահե Լազարյանի համար ընկերովի զոհվելն անմահություն է: Հերոսի քույրը` Լիլիթը պատմում է, որ եղբայրը երկար ժամանակ աշխատել է ռազմական ոստիկանությունում, կազմակերպված ու հոգատար մարդ է եղել` եւ տանը, եւ աշխատավայրում, օրինապահ քաղաքացի էր: Լիլիթն ասում է` Վահեն դժվարությամբ էր համակերպվում անարդարություններին: «Միշտ ասում էր, որ եթե յուրաքանչյուրն իր աշխատանքը պատշաճ կատարի, օրինապահ լինի, երկիրը երկրի նման կլինի, կազմակերպված էր, ընտանիքին, աշխատանքին նվիրված, 3 զավակ ունի` որդիները չափահաս են, դուստրը 7 տարեկան է: Տղաները 2017-2020թթ ծառայել են Արցախի Հանրապետությունում, կրտսեր որդին հուլիսին վերադարձավ:

Սեպտեմբերի 27-ից անընդհատ ծառայության մեջ է եղել, շատ քիչ էր ընտանիք վերադառնում, նոյեմբերի 3-ին գնացին ընկերներով: Նոյեմբերի 7-ին այդ դեպքը պատահեց: Մեծ տղան էլ կամավոր էր մեկնել առաջնագիծ` առանց ընտանիքին տեղյակ պահելու: Վահեն շատ էր հուզվում, ինձ հետ կապի մեջ էր, անընդհատ չէր ստացվում տղայի հետ կապվել, հուզմունքն ինձ հետ էր կիսում: Սիրտը մի բան վկայում էր: Հաճախ եկեղեցի էր գնում: Հուզվում էր… այդպես հուզմունքով էլ գնաց»,-պատմում է հերոսի քույրը:

Ապա հավելում է. «Կինը պատմում է, որ երբ տանից դուրս եկավ, միայն փոքրիկ դստերը համբուրեց, ինչ-որ մի բան կանխազգում էր: Մենք եւս ընտանիքով գնացինք ճանապարհելու, ոնց որ ինքը չլիներ, փոխվել էր… Այդպես էլ գնաց: Վերջին անգամ Վահեի հետ խոսել եմ նոյեմբերի 6-ին, սովորաբար միշտ երեկոյան էի զանգում, հիմնականում հաղորդագրություն էի գրում… Նոյեմբերի 6-ին զանգեցի: Չհասցրի նոյեմբերի 7-ին էլ զանգել, որովհետեւ ժամը 12-ին զոհվեց»:

Լիլիթ Լազարյանը հուզմունքը մի կերպ զսպելով ասում է, որ Վահեի փոքրիկ դուստրը սպասում է հոր վերադարձին, հասկանում է, որ զոհվել է, բայց չի պատկերացնում, ասում է` իմ հայրիկը երկնքում է, պիտի գա. «Երեխան հոր նկարն է գրկում, ասում է պապ 9 եմ ստացել, սպասում եմ քեզ, ամեն օր խոսում է հոր նկարի հետ»:

Լիլիթ Լազարյանը նշում է, որ իր մյուս եղբայրն էլ արցախյան առաջին պատերազմի ժամանակ է զոհվել. «Մնացի մենակ…Ծնողներիս մասին չասեմ, արդեն պատկերացնում եք, թե ինչ վիճակում են»:

Վահեի տղաներն ուսանող են, պոլիտեխնիկում են սովորում, կամավոր առաջնագիծ մեկնած տղային մի կերպ են հասցրել հոր զոհվելու լուրը, նոյեմբերի 9-ին հազիվ եկել հասել է` հորը վերջին հրաժեշտը տալու:

«Վահեն շուտ է ամուսնացել` 21 տարեկանում, մի գուցե դա էլ էր իր ճակատագիրը, գիտեր, որ շուտ պետք է ամուսնանա, զավակներ ունենա»,-ասում է քույրը:

Նշում է, որ եղբայրը դեպքի օրը վերջին անգամ խոսել է կնոջ հետ: Նույն օրը զոհվել է ոչ միայն Վահեն, այլ իր երկու ընկերները` Հովհաննեսը եւ Սեւակը: Վահեից միայն հեռախոսն է «տուն եկել», որը տղաները պահում են սուրբ մասունքի նման, երբեմն զանգերի են պատասխանում: Շատերը չգիտեն, որ Վահեն անմահացել է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները տրամադրել է Վահե Լազարյանի ընտանիքը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031