Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է պատերազմում զոհվածների դիերի նույնականացումը ոչ ճշգրիտ լինում․ պարզաբանում է նախարարը

Դեկտեմբեր 24,2020 15:27

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարության ամենահրատապ հարցը շարունակում է մնալ գերիների եւ անհետ կորածների գտնվելու վայրն ու ճակատագիրը պարզելը: Պարոն Փաշինյանի խոսքով՝ կառավարությունն ամենօրյա ռեժիմով աշխատում է այդ ուղղությամբ, բայց կան հարցեր, որոնք անհամատեղելի են հրապարակայնության հետ, եւ այն որքան շատ հրապարակային լինի, այնքան ավելի կդժվարանա ու վնաս կտա գործընթացին:

«Կա մի գործընթաց, որի մասին հրապարակային խոսելը ոչ թե վնասակար է, այլ շատ ծանր է, բայց հարկ եմ համարում խոսել այդ մասին․ մենք ունենք մարմինների նույնականացման գործընթաց՝ ԴՆԹ թեստերով։ Այդ գործընթացն արագացնելու համար առողջապահության նախարարությունը ձեռք է բերել համապատասխան սարքավորման երկրորդ հոսքագիծը, որն արդեն ճանապարհին է, առաջիկա օրերին այն կհասնի Հայաստանի հանրապետություն եւ կսկսի գործարկվել»։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ նկատեց․ «Թողունակության բարձրացումը պատերազմի հենց առաջին օրերից էլ իրականացվել է՝ սկսած նրանից, որ քսանչորս ժամյա գրաֆիկով ենք աշխատել, հավելյալ ձեռքով կատարվող որոշ գործողություններ ավտոմատացրել ենք, վերջացրած լրիվ նոր երկրորդ հոսքագիծ ունենալը։ Մոտ օրերս այն կլինի Երեւանում, կտեղադրվի եւ կգործարկվի եւ անձնակազմն էլ փոքր վերապատրաստում կանցնի, ինչը թույլ կտա կրկնապատկել մեր հզորությունները։ Դրան զուգահեռ թողունակության մեծացման այլ գործընթացներ են կատարվում, դա միամոմենտ եւ պարզ գործընթաց չէ, դա բարդ, բազմակոմպոնենտային գործընթաց է։ Դրանով է պայմանավորված թվացյալ դանդաղումը, որովհետեւ թվերով մենք շատ մեծ ծավալ ենք իրականացրել՝ մոտավորապես մեր գործող թվերից մինչ պատերազմյան իրավիճակից օրական մոտ տաս անգամ ավել հետազոտություն է կատարվում»։

Վարչապետն էլ նշեց, որ ցավոք, մի քանի դեպք է եղել, երբ նույնականացումը հետագայում պարզվել է այդքան էլ ճշգրիտ չի իրականացվել․ «Աշխարհում, ցավոք, լինում են այդպիսի դեպքեր, այնպես չէ, որ մենք բարձր որակով չենք անում»։

Արսեն Թորոսյանն էլ պարզաբանեց՝ դա ավելի շատ շտապելու հետեւանք է, ոչ թե ԴՆԹ-ով նույնականացնելու․ «Այսինքն, եղել է վիզուալ նույնականացում, որից հետո այնուամենայնիվ ԴՆԹ անցնելուց հետո պարզվել է, որ վիզուալն այդքան էլ ճիշտ չէ, որովհետեւ, եթե 100 տոկոսանոց համընկնում չենք ունենում, մենք չենք ասում նույնականացված է»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031