Կառավարության շենքի առջև էր նաև «Հայրենիքի փրկության շարժման» առաջադրած վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե ցանկանում են քաղաքակիրթ ճանապարհով լուծել խնդիրը, ապա ժողովուրդը պետք է մասնակցի․ «Եթե 100 հազար մարդ լիներ այստեղ, հարցը վերջացած կլիներ։ Բայց 100 հազարավոր մարդիկ կան, որ դժգոհ են, հասկանում են, որ երկիրը կործանվում է, բայց տանը նստած են։ Մեկը մեկին չի վստահում, մեկը մյուսին։ Մեր ժողովուրդն էլ է մեղք, դեպրեսիայի մեջ է։ 2.5 տարի առաջ ոտքի բարձրացավ՝ մտածելով, որ լավ կյանք է ունենալու, հիմա ամաչում էլ է դուրս գալ արդեն, ոնց որ դեպրեսիվ վիճակ է եղել։ Բայց ժողովուրդը այդ վիճակից դուրս կգա։ Հայաստանում ինչ, որ կատարվի, կատարվելու է ոչ թե ջոկատների միջոցով, այլ ժողովրդի միջոցով»։
Վազգեն Մանուկյանը կարծում է, որ Սյունիքը կկարողանային պահպանել, եթե ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ արվեր․ «Հիմա կուշացնենք՝ էլի բան կկորցնենք։ Հիմա էլ պայմանագիր կկնքեն Ադրբեջանի հետ, որտեղ կֆիքսեն այդ սահմանները։ Հետո մենք մեծ խնդիրներ ենք ունենալու այդ սահմանները վերադարձնելու։ Ամեն մի օր մենք մի բան կորցնում ենք։ Պատերազմը շարունակվում է, ակտիվ փուլը վերջացավ, հիմա գնում է Հայաստանի սողացող գրավումը»։
Նա նշեց, որ նույնիսկ եթե անցյալը մոռանան, պետք է մտածեն ապագայի մասին․ «Մեր ժողովուրդը մի քիչ զարմանալի է, ուրեմն՝ ցանկացած իշխանության ժամանակ կան գող ավազակներ, ազգին նվիրված մարդիկ, հերոսներ և այլն, բաժանեց հին ու նորի, հետո բաժանեց կոռուպցիոներ, ոչ կոռուպցիոներ։ Զինվորականներին սկսեց դատել դրա համար, հիմա էլ ասում ա էլիտա և ժողովուրդ։ Այսինքն՝ անընդհատ ինքը բաժանում ա, ու զարմանում է, որ ժողովրդի ինչ-որ մի հատված կա, որ հալած յուղի տեղ ընդունում է մի հատ սուտասան, մի հատ տգետ …»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ ցուցարարները շրջափակել էին կառավարության մուտքերն ու ելքերը՝ չթողնելով կառավարության անդամներին դուրս գալ կամ ներս մտնել կառավարության շենք։ Ոստիկանները և ցուցարարները բախվեցին։ Ոստիկանությունը բերման ենթարկեց 69 ցուցարարի:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ