«Արդեն շուրջ երկու շաբաթ որեւէ պացիենտ տանը չի սպասում հոսպիտալացման իր հերթին: Բոլորը ստանում են պատշաճ բուժօգնություն»,-այսօր կառավարության հերթական նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն՝ անդրադառնալով հանրապետությունում կորոնավիրուսի համավարակի իրավիճակին։
Նա ներկայացնելով համավարակի վիճակագրությունն ասաց, որ երեկ կատարվել է 2743 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 702 նոր դեպք, կա 1128 առողջացած քաղաքացի եւ 23 մահվան դեպք:
«Արդեն, ինչպես առաջին ալիքի ժամանակ, ամռան վերջին, մենք սկսել ենք որոշ հիվանդանոցներ վերադարձնել իրենց բնականոն գործունեությանը, իհարկե, միշտ պատրաստ լինելով նորից կորոնավիրուսով զբաղվելու եւ այս տրամաբանությամբ հետեւում ենք զարգացումներին եւ նորից կոչ ենք անում պահպանել հակահամաճարակային կանոնները, քանի դեռ համավարակի դեմ պայքարի այլ տարբերակ չունենք»։ Նախարարն ասաց՝ հաշվի առնելով, որ հիմա մարդիկ ավելի շատ են լինում փակ տարածքներում եւ ավելի քիչ են այդ տարածքներն օդափոխվում, վարակների կրկնակի աճի ռիսկն այս շրջանում ավելի մեծ է․ «Հետեւաբար, զգոնության հավելյալ ջանքեր պետք է բոլորս գործադրենք ու տեսնենք, թե այս ձմեռային սեզոնն ինչպես ենք անցկացնում, որը միշտ ակտիվ է լինում սուր շնչառական վարակների համար»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ փորձը ցույց տվեց, որ համավարակի երկրորդ ալիքին, որը զուգորդվեց պատերազմի հետ, Հայաստանի Հանրապետությունը շատ ավելի լավ էր պատրաստված․ «Ես ուզում եմ ընդգծել հետեւյալը՝ առաջին ալիքի ժամանակ շատ էին հնչում քննադատություններ, որոնց մի մեծ մասը, պարզ է՝ քաղաքականացված է, մեզ օրինակներ էին բերում, թե, տեսեք՝ Հայաստանում ինչքան վատ են կառավարվում կորոնավիրուսի դեպքերը: Բայց պետք է արձանագրենք, որ մեր կանխատեսումն իրականություն դարձավ, որ բոլոր երկրները, ըստ էության, լինելու են նույն իրավիճակում, դա ժամանակի հարց է: Կային երկրներ, երբ մենք ամենապիկի վրա էինք, իրենց մոտ զրոյական վիճակ էր: Հիմա այնտեղ թվերի մի մասով, ցավոք, անցել են մեզնից, մյուս մասով անխուսափելիորեն կանցնեն»։
Կարդացեք նաև
Վարչապետի դիտարկմամբ․ «Այս իրավիճակը պետք է ներկայացվի հանրությանը, քանի որ, այն ժամանակ, երբ բոլորի ուշադրությունը կենտրոնացած էր այդ խնդրի վրա, բոլորը դա էին քննարկում, իսկ հիմա երբ իրադրությունը փոխվել է եւ կառավարության կանխատեսումը՝ միջազգայնորեն, իրականություն է դարձել, այդ թեմային ուշադրություն դարձնող չկա»:
Նախարար Թորոսյանն էլ հավելեց․ «Ի ապացույց նրա, որ մեր ընդունած որոշումներն ու համակարգը ճիշտ են եղել, դա կորոնավիրուսային հիվանդությունից մահացության թիվն է, որը շատ ցածր է, այն տատանվում է մոտավորապես 1,5 տոկոսի շրջանակներում: Համավարակի սկզբներում այդ թիվը հաճախ մեզանից շատ զարգացած երկրներում՝ մեծ ՀՆԱ եւ լավ համակարգեր ունեցող, թիվը տատանվել է մինչեւ 7-8-10% շրջանակներում։ Մեր թիվը միջազգային միջին ցուցանիշից միշտ ցածր է եղել, երբեք չի անեցել 2%-ից։ Բայց հիմա ավելի ցածր է, որովհետեւ թեստերի հնարավորությունների աճով հիմա շատ ենք հայտնաբերում։ Իհարկե, այլ երկրներում էլ է այս թիվն իջնում, որովհետեւ իրենք էլ ի վերջո պատրաստվեցին, բայց մենք այս ամենին ավելի արագ ենք պատրաստվել թե՛ գարնանը, թե՛ ամռանը, թե՛ մինչ օրս։ Հետեւաբար, մեծ թվով չէ, որ որոշվում է, թե երկիրը որքան լավ է դիմագրավել, այլ որքան փրկված հիվանդ է ունեցել, որով մենք լավ դիրքերում ենք»։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ շնորհակալություն հայտնեց բուժաշխատողներին եւ ընդգծեց առողջապահության նախարարության, նախարարի եւ բժիշկների դերն այս գործընթացում, որոնք պայքարել են երկու ուղղությամբ՝ ե՛ւ պատերազմի, ե՛ւ կորոնավիրուսի համավարակի ուղղությամբ՝ երկու ճակատներում անելով առավելագույնը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ