«Հետք». Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին ծրագրի շրջանակներում պետական բյուջեից հատկացվել է 5.3 մլրդ դրամ: Այս մասին «Հետքի» հարցմանն ի պատասխան դեռևս այս տարվա սեպտեմբերին հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը՝ հղում անելով Կենտրոնական բանկին և Էկոնոմիկայի նախարարությանը: Սակայն, թե ինչպես է բաշխվել այս գումարը՝ որ տնտեսվարողը որքան է ստացել, կառավարությունը չի հայտնում:
Առաջին ծրագրով տնտեսվարողներին օժանդակություն է տրամադրվել բանկերի ու վարկային կազմակերպությունների կողմից նրանց տրամադրված վարկերի համաֆինանսավորման, վերաֆինանսավորման ու տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով:
Էկոնոմիկայի նախարարության կայքում, ըստ առանձին ծրագրերի, հրապարկված են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում աջակցություն ստացած տնտեսվարողների ցանկերը՝ առանց աջակցության չափերի: Տնտեսական աջակցության ծրագրերը թվով 12-ն են: Սա չի ներառում սոցիալական ծրագրերը, որի շրջանակներում անհատներին տրամադրվել է միանվագ դրամական օգնություն:
Միայն առաջին ծրագրի շահառուների թիվը գերազանցում է 1000-ը: Ընդ որում՝ հրապարակվել են միայն այն ընկերությունների անունները, որոնք գրավոր համաձայնություն են տվել, որ իրենց անունները հրապարակվեն որպես աջակցության այս ծրագրից օգտվող տնտեսվարողներ:
Կարդացեք նաև
Հատկանշական է, որ այս ցանկում կան և՛ հայտնի խոշոր տնտեսվարողներ, և՛ փոքր շրջանառություն ունեցող: Մասնավորապես, այս ցանկում են ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունների մի մասը՝ «Ալեքս տեքստիլ», «Ալեքս հոլդինգ», «Ալեքս ընդ հոլդինգ», «Սիթի» ՍՊԸ-ները: Ընդ որում՝ այս ընկերությունների անունները ցանկում հանդիպում են երեք անգամ: Եվ պարզ չէ՝ սա ցանկը կազմողների ու հրապարակողների անփութության արդյու՞նքն է, թե՞ այդ ընկերությունները երեք անգամ են օգտվել այս ծրագրից:
Առաջին ծրագրի շրջանակներում խոշոր և առավել հայտնի ընկերությունների շարքում են SAS սուպերմարկետների ցանցը շահագործող «Սաս-գրուպ» ՍՊԸ-ն, «Զիգզագ» ՍՊԸ-ն, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն, «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ-ն, Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմանինգ գոլդ» ՍՊԸ-ն, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն և բազմաթիվ այլ ընկերություններ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: