Կառավարությունը նախատեսում է չեղարկել Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով ՀՀ եւ Արցախի քաղաքացիների կողմից սեպտեմբերի 27-ից մինչեւ դեկտեմբերի 27-ը ճանապարհային երթեւեկության անվտանգության բնագավառի օրենսդրության մի շարք հոդվածների խախտումների համար սահմանված վարչական տույժերը:
Այսօր կառավարության նիստում փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ առաջարկվում է 2 կարգավորում․ 1-ինը՝ մի շարք վարչական խախտումների համար կիրառված վարչական տույժերի համաներման մասին օրենքի ընդունումն է, որի նախագիծն արդեն պատրաստ է, 2-րդը՝ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում արդեն իսկ առկա հոդված 17-ով կարգավորվող ծայրահեղ անհրաժեշտությամբ պայմանավորված կիրառումն է․ «Սրա դրույթները համապատասխանում են առաջադրված հարցի կիրառմանը, Հետեւաբար, որ տարբերակն էլ ընդունելի կլինի՝ պատրաստ ենք դրա կատարմանը»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ ասաց, որ երկու օր առաջ Գորայք համայնքում քաղաքացիներից մեկը հարց է բարձրացրել, որ պատերազմի մասնակիցների երթեւեկության հետ կապված տուգանքներ են գալիս, այն պարագայում, երբ ծայրահեղ անհրաժեշտությամբ պայմանավորված՝ երթևեկության կանոնների խախտումներ են տեղի ունեցել․ «Մենք հիմա արագ արձագանքում ենք: Այստեղ մենք նախկինում կայացրած որոշումների հետ կապված բախվելու ենք մի խնդրի հետ։ Ցավոք սրտի, նման որոշումների ընդունման պարագայում միշտ էլ լինում են դեպքեր, երբ տվյալ արտոնության շահառու չհանդիսացող անձինք փորձում են օգտվել դրանից: Շատ կարեւոր է, որ մենք կարողանանք շատ արագ ռազմական գործողությունների մասնակիցներին նույնականացնել ու դա պաշտոնապես հաստատել, որպեսզի չունենանք երկու իրավիճակ, որոնք հավասարաբար տհաճ են։ 1-ինը՝ ռազմական գործողություններին չմասնակցած անձինք չկարողանան այդպիսի անվան ներքո հանդես գալ եւ օգտվել ամենատարբեր արտոնություններից, եւ 2- րդը՝ ռազմական գործողություններին չմասնակցած անձինք ստիպված չլինեն չափից երկար սպասել, որպեսզի իրենց մասնակցության փաստը պաշտոնապես հաստատվի: Կարեւոր է, որ ՊՆ-ն առավելագույնս արդյունավետ ու արագ գործի: Այս համատեքստում պետք է մտածենք նաեւ այն կամավորների մասին, որոնք ռազմական գործողություններին ակտիվ մասնակցություն չեն ունեցել, բայց որոշակի կամավորական աշխատանք են իրականացրել։ Այս քննարկումների ընթացքում թերեւս այս շահառունների այս խմբի նույնականացման մասին պետք է մտածել եւ ինչ-որ որոշում կայացնել նրանց վերաբերյալ»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ