Ինչպես արդեն հայտնել ենք, Հայրենիքի փրկության շարժման անդամները շրջափակել են կառավարության շենքը:
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը կառավարության շենքի դիմաց ընթերցեց երդման տեքստը, որը կառավարության անդամները տվել են նախագահի ներկայությամբ:
«Առաջին ձեր կարևոր պարտավորությունն է կատարել ժողովրդի պահանջը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելն է: Երկրորդ պահանջը՝ ինքնիշխանությանը և Հայաստանի շահերին դավաճանած մարդուն հեռացնել պաշտոնից: Կառավարության յուրաքանչյուր անդամ իր համար սա որպես սահմանադրական և օրենքով նախատեսված պահանջ պետք է ընդունի: Եվ դրանից ելնելով, եթե ձեզնից յուրաքանչյուրը չկատարի այս պահանջը, դուք կհամարվեք երդմնազանց, դուք կհամարվեք հայ ժողովրդի թշնամի, հակառակորդ, քանի որ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը ամեն վայրկյան սպառնում է կոտորում, կործանում: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր մարդու համար այսօր Հայաստանը դարձել է վտանգավոր վայր: Դավաճանը պետք է դատվի, երաշխավորում ենք, որ արդար դատական համակարգով նա կստանա իր արժանի պատիժը: Բայց դրա համար չափազանց կարևոր է, որ ձեզնից յուրաքանչյուրը՝ հանած վարչապետին՝ 14 կառավարության անդամ, եթե ներսում է գտնվում, պատրաստվեք, որպեսզի քվեարկեք պաշտոնանկ անելու համար Հայաստանի Հանրապետության գլխավոր դավաճանին»,- իր խոսքում ասաց Արծվիկ Մինասյանը:
Կարդացեք նաև
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը դիմեց գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, գլխավոր շտաբին, զինվորական կազմին. «Քանի վայրկյան ավել Նիկոլ Փաշինյանը մնա վարչապետի աթոռին մեր երկիրը անպաշտպան է դառնում: Դիմում եմ գլխավոր շտաբին, գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին, սիրելի՛ եղբայր, արձակուրդ եկած զինվորները երեկ ուղևորվում էին Արցախ, սակայն նրանց թույլ չեն տվել շարունակել իրենց ճանապարհը, շարունակել ճանապարհը և դիրքերում կանգնել։ Ստիպված վերադարձել են Սիսիանի զորամաս։ Սա վտա՞նգ է արդյոք մեր ազգային անվտանգությանը, մեր դիրքերը դատարկվում են, որովհետև այս կառավարության շենքում նստած է մեկը, որը չի կարողանում որևէ քաղաքական հարց լուծել։ Ձերն է քայլը, դուք պետք է որոշեք, դուք պետք է գործի անցնեք, ձեր պարտականությունը կատարեք, սպայի, գեներալի պատիվը պահեք։ Միացե՛ք ժողովրդին»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ