Լրահոս
Օրվա լրահոսը

Ով, որքան կվճարի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին․ հատուցում կստանան նաեւ կամավորականները

Դեկտեմբեր 24,2020 12:54

Կառավարությունը փոփոխություն է կատարել դրոշմանիշային վճարներին վերաբերող օրենքում։ Այսօր կառավարության հերթական նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ փոփոխությունը կատարվում է՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործող կարգավորումներով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցները բավարար չեն լինելու՝ մարտական գործողություններին մասնակցած անձանց ամբողջ ծավալով հատուցում տալու համար։

Ըստ նախարարի, մի շարք փոփոխություններով որոշվել է անհայտ բացակայող համարելու ժամկետը փոփոխել։ Այժմ հատուկ կարգավորում է սահմանվում անհայտ բացակայող ճանաչելու համար սահմանված մեկ տարի ժամկետը կրճատել եւ դարձնել երեք ամիս այն զինծառայողների համար, որոնք մասնակցել են մարտական գործողություններին, ընդ որում՝ փոփոխությունը վերաբերելու է սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերություններին։ Նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ անհայտ բացակայողի ընտանիքի անդամները կամ շահագրգիռ անձինք կարող են դիմել դատարան՝ անհայտ բացակայող ճանաչելու համար եւ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո դիմել հատուցման հիմնադրամ՝ տվյալ հատուցումը ստանալու նպատակով։

Նախարարի ներկայացմամբ՝ դատական ակտի ուժի մտնելուց հետո վեց ամիս պետք է անցնի հատուցումը տրամադրելու համար, այս ժամկետն էլ կրճատվել է․ «Եթե դիտարկենք սեպտեմբերի 27-ից հետո ժամկետը, ապա դատական ակտի ուժի մեջ մտնելուց հետո երեք ամիսն անցած կլինի եւ մեր հայրենակիցները կարող են դիմել դատարան։ Խոսքը 82 եւ 70 միլիոն դրամի մասին է։ Կախված անձի կարգավիճակի հետ՝ 10 միլիոնը միանվագ է տրամադրվում, մնացածը հավասարաչափ ամեն ամիս բաշխվում է»։

Այս փոփոխությունն անդրադառնում է նաեւ մարտական գործողություններին մասնակցած կամավորականներին, որոնք ներգրավված չեն եղել զորահավաքային գործընթացում։ Այս անձանց դեպքում հատուցում ստանալու համար անձինք կարող են դիմել ՊՆ, ստանալ տեղեկանք, որի հիման վրա դիմել հատուցման հիմնադրամ։

Եվ որպեսզի հիմնադրամի գումարները բավարարեն բոլոր նշված անձանց համապատասխան հատուցում տրամադրելու համար, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի փոխանցվող միջոցները ամենամսյա 1000 դրամը ավելացվում է։

«Կախված անձի եկամուտներից՝ դրոշմանիշային վճարի չափը փոխվում է։ Մինչեւ 100 հազար դրամ եկամտի դեպքում սահմանվում է 1500 դրամ, 100 հազարից մինչեւ 200 հազարի դեպքում՝ 3000 դրամ։ Եվ այդպես սանդղակով հասնում ենք մինչեւ 15 հազար դրամի, օրինակ՝ ում եկամուտը 1 մլն դրամը գերազանցում է։ Այս ամենն արվում է նրա համար, որ մեր բոլոր հայրենակիցները, ովքեր ռազմական գործողություններին մասնակցություն են ունեցել, եւ վրա է հասել հատուցման դեպքը, պետությունը հնարավորություն ունենա հատուցելու, այդ թվում՝ կամավորականներին։ Նույն կարգավորումը կա անհատ ձեռներեցների եւ նոտարների համար, նույն սանդղակով բարձրանում է»,-ասաց Ռուստամ Բադասյանը։ Նա նաեւ նշեց, որ նախագիծը պետք է ԱԺ-ում դրվի քննարկման։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031