Կառավարության դեկտեմբերի 24-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սյունիքի մարզում տեղի ունեցող սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներին։ Ըստ վարչապետի, դրանք ունեն որոշակի նրբություններ ու բարդություններ:
«Բայց մեր համոզմունքն այն է, որ այդ աշխատանքը պետք է տեղի ունենա: Դա անհրաժեշտ է Սյունիքի ու ընդհանրապես Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից»,–ասաց Նիկոլ Փաշինյանը: Վերջինիս պնդմամբ՝ «Մենք այս գործողությամբ ավելացնում ենք Սյունիքի եւ Հայաստանի անվտանգության երաշխիքները»:
«Այնտեղ երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր: Խոսքը վերաբերում է Որոտան բնակավայրին ու Շուռնուխին: Այնտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում: Այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նաեւ հավաստիացրեց, որ բոլոր այն պարագաներում, եթե «մեր քաղաքացիների շահերի տեսանկյունից որոշակի հարցեր կառաջանան, կառավարությունը փոխհատուցման տարբերակներ կառաջարկի, որը կլինի լիարժեք»։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանի խոսքով, Սյունիքի եւ Հայաստանի միջազգայնորեն ընդունված ու ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին չի եղել եւ չի կարող լինել։ «Այս փուլում տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի նպատակը անվտանգության ապահովումն է, այսինքն` անվտանգության գործուն համակարգ կլինի»,–ասաց նա։
Վարչապետի խոսքով կա՝ նոր իրավիճակ, որը կարող է էմոցիաներ բերել։ «Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատարի հետ հանդիպում եմ ունեցել, տվել եմ կոնկրետ հանձնարարականներ, որ այս ամենը հնարավորինս սահուն անցնի»,–ասաց Փաշինյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ