Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Սահմանը պետք է գծվի միջպետական հանձնաժողովների կողմից, որոնց մեջ պետք է ընդգրկվեն և՛ ԱԳՆ-ն, և՛ ՊՆ-ն, և՛ ԱԱԾ-ն, և՛ տեղական ինքնակառավարման մարմինները. Արտակ Դավթյան. «168 ժամ»

Դեկտեմբեր 24,2020 11:45

Սյունիքի մարզում առաջացած անվտանգային խնդիրների, ԽՍՀՄ քարտեզի հիման վրա սահմանազատման գործընթացի և այլ հարցերի շուրջ «168 ժամ»-ը զրուցել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալլեյտենանտ Արտակ Դավթյանի հետ։

– Հիմա ինչ-որ բան ասելը դժվար է: Իհարկե, խնդիր է, որ սահմաններն այդքան մոտեցել են, մանավանդ՝ Կապանի հատվածում: Մի քիչ անհասկանալի է, քանի որ, ըստ պայմանավորվածության, պետք է կանգնեին այն տեղում, որտեղ զորքը կանգնած էր: Իսկ զորքը բավականին առաջ էր կանգնած: Բայց չգիտեմ, միգուցե պայմանավորվածություններ կան, կամ այդպես ավելի հարմար էր: Ինձ թվում է` երկրի ղեկավարությունը, ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն ավելի շատ ինֆորմացիա ունեն և որոշում են կայացրել՝ ելնելով ստեղծված իրավիճակից: Ինձ այդպես է թվում: Անձամբ ինձ համար ցավալի է, քանի որ այդ հենակետերի մեծ մասը, լավ եք հիշում, կազմակերպեցինք ինքնապաշտպանական ուժերի միջոցով և մեր զինված ուժերին աջակցելու նպատակով: Եվ պիտի ասեմ` բավականին հարմար բնագծերով, իսկ հիմա այլ պատկեր է:

Պարոն գեներալ, Դուք ճի՞շտ եք համարում ԽՍՀՄ քարտեզի հիման վրա սահմանազատում այսքան հապճեպ, իսկ պաշտպանության նախարարությունն այդ գործընթացին, մեծ հաշվով, չի էլ մասնակցում:

Այդ հարցի հետ կապված՝ բավականին շատ մեկնաբանություններ եղան: Պետք է ինչ-որ քարտեզ որպես հիմք վերցվի՝ լինի խորհրդային ժամանակվա, լինի ցարի ժամանակվա: Դա նախնական աշխատելու համար կարող է հիմք ծառայել, բայց սահմանը պետք է գծվի միջպետական հանձնաժողովների կողմից, որոնց մեջ պետք է ընդգրկվի և՛ ԱԳՆ-ն, և՛ ՊՆ-ն, և՛ ԱԱԾ-ն, և՛ տեղական ինքնակառավարման մարմինները: Որովհետև շատ-շատ հարցեր կան, որ Խորհրդային սահմանով, քարտեզով, դրանք մի քիչ վերացական բնույթ էին կրում: Այնտեղ արոտավայրերի հարց կար, ջրի աղբյուրների խնդիրներ, ճանապարհների հարց, որոնց վրա այն ժամանակ ուշադրություն չի դարձվել: Հիմա այդ բոլոր հարցերի վրա պետք է աշխատենք: Տեսեք՝ Վրաստանի հետ սահմանի վրա այսքան տարի աշխատում են, դեռ չեն ավարտել: Դա շատ նուրբ հարց է: Մեծ հաշվով, անվտանգային մեծ խնդիրներ Վրաստանի հետ չենք ունեցել, պատերազմ չենք ունեցել, բայց այսքան տարի աշխատում ենք սահմանների հետ կապված, Ադրբեջանի հետ, ինձ թվում է՝  բավականին երկար կտևի այդ գործընթացը, կլինեն շատ խնդրահարույց հարցեր: Այնպես որ` պետք է լինի մի փաստաթուղթ, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար, բայց պետք է աշխատենք, որ առավել ընդունելի լինի մեզ համար: Ես գիտեմ, որ հին քարտեզներ կան, որտեղ վերջին քարտեզների հետ համեմատած՝ բավականին տարբերություններ կան` ՀՀ մակերեսի հետ կապված:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031