Լրահոս
Օրվա լրահոսը

Երկիրը կապիտուլյացիայի հասցնելու համար ինչ-որ օրենք վկայակոչելը աբսուրդի ժանրից է. «Փաստ»

Դեկտեմբեր 24,2020 10:41

Ինչպես պատերազմի ժամանակ «Հաղթելու ենք» կարգախոսների ներքո մարդկանց ուղեղալվացում կատարեցին ու առաջնորդեցին դեպի պարտություն, այնպես էլ պատերազմի ավարտից հետո Փաշինյանի ու նրա թիմի հույսը մանիպուլյացիաներն են։ Վերջինս փորձում է արհեստական հարցեր առաջ քաշել, դրանով շեղել հանրության ուշադրությունը և մոռացության տալ կապիտուլյացիան, զոհերին ու տարածքային կորուստները։ Ու ամեն անգամ հանրության ուշադրությունը շեղելու նպատակով մի թեմա են հորինում, գցում հանրային քննարկման դաշտ և կեղծ հակադրություն ու աղմուկ ստեղծում դրա շուրջ։ Այդպես Փաշինյանը սկզբում փորձեց փոփոխությունների իմիտացիա ստեղծել՝ մի շարք նախարարների ու մարզպետների փոխելու և կադրային փոխատեղումներ կատարելու միջոցով։

Բայց երբ տեսավ, որ դրա միջոցով չի ստացվում ժամանակ շահել, փորձեց ներկայացնել վեցամսյա ճանապարհային քարտեզ, թե իրենք կարևոր խնդիրներ ունեն առաջիկայում լուծելու։ Եթե չստացվի, ապա այդ դեպքում արդեն միասին կորոշեն ընդառաջ գնալ քաղաքացիների պահանջներին։ Սակայն, ինչպես տեսնում ենք, դժգոհությունները դրանից հետո ևս չեն նվազում։ Եվ այս անգամ էլ Փաշինյանի թեթև ձեռքով շրջանառության մեջ դրվեց «էլիտար բունտի» մասին թեզը, թե իբր կառավարության հրաժարականը պահանջում է ոչ թե ժողովուրդը, այլ նախկին իշխանությունները և նրանց հետ կապված շրջանակները, որոնք զրկվել են իրենց նախկին արտոնություններից։ Ու այդ նպատակից է հետևում այն, որ Փաշինյանը փորձում է խուսափել պարտության պատասխանատվությունից և այն միտումնավոր տարածել նաև նախկինների վրա։

Դրա համար էլ վերջինս փորփրել և գտել է 2010 թ.-ի վարչատարածքային բաժանման մի օրենք, թե իբր այդ օրենքով սահմաններն արդեն գծվել են նախկին իշխանությունների օրոք և իրեն մեղադրելու տեղ չկա։ Այլ հարց է, թե ներքին օրենքն ինչ կապ կարող է ունենալ միջպետական համաձայնագրի հետ: Բայց դա էլ նույնիսկ մի կողմ. չէ՞ որ Փաշինյանի իշխանությունն ուներ բոլոր հնարավորությունները և լիազորությունները այդ օրենքը փոխելու համար։ Չէ՞ որ իրենք այս երկուսուկես տարվա ընթացքում նախկինից եկող բազմաթիվ օրենքներ և օրենսդրական նախաձեռնություններ են փոխել։ Իսկ ինչո՞ւ այդ օրենքը չեն փոխել, եթե այն ձեռք չէր տալիս։ Ու ընդհանրապես, երկիրը կապիտուլյացիայի հասցնելու համար ինչ-որ օրենք վկայակոչելը աբսուրդի ժանրից է։ Էլիտար շրջանակներին ու նախկիններին մեղադրելու փոխարեն ավելի նախընտրելի կլիներ, որ վերջինս գոնե համարձակություն ունենար արձագանքել Ադրբեջանի նախագահ Ալիևի հոխորտանքներին։

Առնվազն դրանով Փաշինյանը ցույց կտար, որ իշխանությունն արժանապատվություն ունի և երկիր է ներկայացնում։ Քաղաքացիներն էլ կտեսնեին, որ իրենք իշխանություն ունեն, որը քիչ թե շատ կատարում է իր առաքելությունը։ Այնինչ երկրում տոտալ անիշխանություն է, Փաշինյանը ոչ միայն չի տիրապետում իրավիճակին, այլև միակ խնդիրը, որ անթերի կատարում է, անընդմեջ ընդառաջ է գնում հակառակորդի անտրամաբանական պահանջներին, դրա համար էլ իրեն հանրության գիտակից հատվածը մերժում է։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031