Լրահոս
Օրվա լրահոսը

Մակրոն-Պուտին հեռախոսազրույցում աչքի է զարնում այն, որ խոսք չկա Արցախի կարգավիճակի մասին, երբ նշվում է հետագա աշխատանքի և անելիքների վերաբերյալ. «Ժամանակ»

Դեկտեմբեր 24,2020 10:26

Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները քննարկել են արցախյան հարցում ստեղծված վիճակը և անելիքները: Հեռախոսազրույցի մասին տարածված հաղորդագրությունը թողնում է երկակի տպավորություն: Մի կողմից այն խոսում է գործակցության մասին, մյուս կողմից, սակայն, այդ առնչությամբ հարց է առաջ գալիս, թե ինչպես է այն արտահայտվելու: Ֆրանսիա-Ռուսաստան գործակցությունը պետք է արտահայտվի Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի աշխատանքի աշխուժացումով: Սակայն, առայժմ այդ ուղղությամբ կա մեկ այլ հակասական քայլ՝ Մինսկի խմբի համանախագահների ռեգիոնալ առաջին այցը պատերազմից հետո, որին, սակայն, չէր միացել Ռուսաստանի համանախագահը՝ կորոնավարակի անորոշ պատճառաբանությամբ:

Չի բացառվում, որ Մակրոնը Պուտինից փորձել է հետաքրքրվել հենց այդ բացակայության իրական պատճառների և մոտիվների մասին: Այդ համատեքստում, հեռախոսազրույցի վերաբերյալ հանրայնացված հաղորդագրություններում աչքի է զարնում այն, որ խոսք չկա Արցախի կարգավիճակի մասին, երբ նշվում է հետագա աշխատանքի և անելիքների վերաբերյալ: Մինչդեռ, հայտնի է, որ նոյեմբերի 10-ից սկսած, Ֆրանսիան պարբերաբար խոսել է այդ հանգամանքի կարևորության մասին՝ որպես առաջիկա խնդիր և բանակցային գործընթացի առաջնահերթություն: Ռուսաստանը, ինչպես հայտնի է, կարգավիճակի վերաբերյալ ունի այլ դիրքորոշում: Մոսկվան գերադասում է այժմ կենտրոնանալ նոր ստատուս-քվոյի վրա, որ գծել է Թուրքիայի հետ: Այդ ստատուս-քվոյից դուրս են մնացել ԱՄՆ-ն ու Ֆրանսիան: Նահանգներում ներկայումս իշխանության փոխանցում է և պարզ չէ, թե Բայդենն ինչ օրակարգով է անդրադառնալու արցախյան հարցին, կամ, այլ կերպ ասած՝ ամերիկյան օրակարգում ինչ տեղ է ունենալու կարգավիճակի հարցը:

Արամ ԱՄԱՏՈւՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031