Լրահոս
Օրվա լրահոսը

Արփի Դավոյան. «Նախապես գիտեին, որ «Իմ քայլը» խմբակցությունից ոչ ոք չի գնալու հրապարակ». «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 24,2020 09:38

«Հայկական ժամանակի» հարցերին պատասխանել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Արփի Դավոյանը:

– Տիկին Դավոյան, 17 քաղաքական ուժերը նախօրեից նստացույց են սկսել վարչապետի հրաժարականի պահանջով, իրենց այդ նպատակին հասնելու ճանապարհին ճնշումներ են սկսել նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նկատմամբ: Նախօրեին, օրինակ, մինչեւ 18:00-ն ժամանակ տվեցին, որպեսզի ձեր խմբակցությունից որեւէ պատգամավոր մոտենա, քննարկվեն հնարավոր քայլերը: Ինչո՞ւ չգնացիք:

– Հրապարակում հավաքված մարդիկ նախեւառաջ իրենց խոսքերին պետք է հետեւեն, պետք է հասկանան, թե ինչպիսի տեքստերով են փորձում «հրավիրել» երկխոսության: Երկխոսության չեն հրավիրում բռնության կոչեր անելով եւ վերջնագրեր ներկայացնելով. որեւէ երկխոսություն սկսելուց առաջ մարդիկ պետք է հասկանան՝ ինչպես դիմել: Իրենք շատ լավ հասկանում էին, նախապես գիտեին, որ «Իմ քայլը» խմբակցությունից ոչ ոք չի գնալու հրապարակ: Այդ հայտարարությունը պարզապես իրենց չեղած օրակարգի մաս էր կազմում: Դա ասում էին, որ հանրությունը տեսնի, որ իրենք ասելիք ունեն, մշակած քայլեր ունեն:

– Նախօրեին հրապարակում բավարարվեցին խմբակցության պատգամավորների անունները ընթերցելով՝ ընդգծելով, որ ՀՀ քաղաքացիները ազատ են իրենց գործողություններում, իրենց որոշումներում՝ ստիպելու գումարել վարչապետի հրաժարականի հարցով խորհրդարանի նիստ: Ինչպե՞ս կվարվեք, եթե իրագործեն սպառնալիքը, հրապարակեն ձեր եւ մյուս պատգամավորների հեռախոսահամարները:

– Մեր պատգամավորներից որեւէ մեկը իր հեռախոսահամարը երբեք չի թաքցրել: Մեր ընտրողները մեր հեռախոսահամարները գիտեն, մարդիկ մեզ զանգում են տարբեր հարցերով: Հետեւաբար դա շատ էժանագին սպառնալիք է, իրենք են ժամանակին իրենց հեռախոսահամարները թաքցրել, որ որեւէ մեկը չկարողանա կապ հաստատել իրենց հետ: Նորից եմ ասում, երբ որ երկխոսության հրավիրող քաղաքական ուժը իր հաջորդ խոսքի մեջ ներառում է սպառնալիք, հնչում է բռնության կոչ, երբ հայհոյախառն ելույթներ են ունենում, հետո ուզում են խոսել, դա երբեւէ որեւէ արդյունքի չի բերելու: Բոլորն էլ հասկանում են, որ նրանց ելույթները չարություն տարածելու համար են:

– Բացառո՞ւմ եք, որ իշխող խմբակցությունից որեւէ պատգամավոր նրանց սպառնալիքներին տուրք տալով գնա նրանց հետ համագործակցության կամ համենայնդեպս երկխոսության:

– Իհարկե բացառում եմ: Մարդիկ մեզ իրենց ձայնը տվել են՝ իրենց խնդիրներով զբաղվելու համար: Հետեւաբար որեւէ մեկը մեզ չի կարող որեւէ սպառնալիքի տակ ստիպել գնալ որեւէ քաղաքական գործընթացի:

– Հրապարակի ամբիոնից ոչ միայն պատգամավորների նկատմամբ էին սպառնալիքներ հնչում, այլ վարչապետի: Այդ շարժման լիդերներից մեկը հայտարարում էր, որ «Նիկոլի հետ հաշվեհարդար տեսնելու պատվերը հայ ժողովրդինն է», «Թեհլերյանները հազարավոր են, միլիոնավոր են», եթե ժամանակին Թեհլերյանին արդարացրեցին, ապա Փաշինյանին սպանողին հերոսի կոչում են տալու: Ի՞նչ եք կարծում՝ այս ընդդիմությունը ընդունա՞կ է Հոկտեմբերի 27 կազմակերպել:

– Ես ցավում եմ, որ այդ մարդիկ Թեհլերյանի անունը հիշատակում են այս կոնտեքստում: Անհամեմատելի են դեպքերը: Թեհլերյանը մի քայլ է արել, որի մասին այն ժամանակ խոսել է ամբողջ աշխարհը: Էդ մարդիկ ուղղակի չունեն խոսքի մշակույթ, չունեն փաստարկ, թե ինչու պետք է իրենց պահանջը կատարվի, եւ հետեւաբար նրանց ոչինչ չի մնում անել, քան սպառնալիք հնչեցնել: Վստահ եմ, որ մեր իրավապահ համակարգը կտա իր գնահատականը, դրա համար ես չեմ ուզում էդ մարդկանց նման իրենց պատասխանել, ես նման խոսքեր չեմ կարող ինձ թույլ տալ. նրանք խոսում են այնպես, ինչպես մտածում են, նրանք էդ մարդիկ են եւ այդպիսին են եղել իրենց ամբողջ կյանքում, այդպես են գործել ժամանակին եւ հիմա ուզում են նույն կերպ ինչ-որ բաների հասնել:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031