«Հայկական ժամանակը» հաղորդում է. «Հանրապետության հրապարակում անհնազանդության ցույցերին մասնակցելուց հրաժարվելու պատճառով «Տոյոտա Երեւան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մի քանի աշխատակիցներ ազատվել են աշխատանքից։
Այս ընկերության համասեփականատեր է Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։ «Տոյոտա Երեւան» ընկերությունում հավասարաչափ՝ 30-ական տոկոս բաժնեմասեր ունեն նաեւ գործարար, Երեւանում մի շարք էլիտար շենքերի սեփականատեր Սամվել Մայրապետյանը եւ «Հայկական երկրորդ հեռուստաալիքի»՝ Հ2-ի 50 տոկոս բաժնեմասի սեփականատեր Նատալյա Մատինյանը:
Աշխատանքը կորցրած Գոռ Մելիքբեկյանի կինը՝ Գայանե Հովհաննիսյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում պատմեց, որ դեկտեմբերի 21-ի առավոտյան է դեպքը տեղի ունեցել։ «Աշխատավայրում ժողով է եղել, ասել են՝ պետք է վաղը բոլորդ մեքենաներով գնաք։ Մեքենաները կթողնեք հյուրանոցի մոտ ու ոտքով կմիանաք հանրահավաքի մասնակիցներին։ Գոռն էլ ընդհատելով հարցրել է՝ իսկ եթե չգնանք։ Պատասխանել են, որ էդ դեպքում չեն կարող աշխատել իրենց մոտ»,- պատմեց Գայանեն։
Գայանե Հովհաննիսյանի խոսքով՝ «Տոյոտա Երեւան» ՍՊԸ-ում աշխատող մոտ 70 հոգուց միայն 6-ն են հրաժարվել մասնակցել հանրահավաքին։ Զրուցակցի փոխանցմամբ՝ մերժած աշխատակիցներին «Տոյոտա Երեւան»-ի գլխավոր տնօրեն Վահե Գզրարյանը հերթով կանչել է իր աշխատասենյակ ու բացատրություն պահանջել։
Կարդացեք նաև
«Գոռն ասել է՝ եկեք էլ քննարկում չծավալենք, իրենք էլ ասել են՝ դե, դիմումդ գրիր»,- մանրամասնեց զրուցակիցը՝ հավելելով, որ ամուսինը դիմում չի գրել, պարզապես թողել ու հեռացել է։ Ամուսինները հետո տեղեկացել են, որ աշխատանքից ազատվել են նաեւ հանրահավաքին մասնակցելու պահանջը մերժած մյուս աշխատակիցները։
Գայանե Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե պատրաստվում են արդյոք անհիմն ազատման համար դիմել դատարան կամ իրավասու այլ մարմինների, վերջինս բացասական պատասխան տվեց։ Նշեց, որ առայժմ ոչ մի տեղ չեն դիմելու։
Նշենք, որ ավելի վաղ «Հրապարակը» կապ էր հաստատել ընկերության ղեկավար Վահե Գզրարյանի հետ՝ պարզելու, թե ինչ հանգամանքներում եւ ինչպես է աշխատանքից ազատվել աշխատակիցը։ «Այդ անուն ազգանունով աշխատող ունեինք, ինքնակամ դիմում է գրել եւ աշխատանքից ազատվել, ինչ կարող ենք ասել»։ Հարցին, թե ձեր աշխատողներն այս պահին հանրահավաքին մասնակցու՞մ են եւ արդյոք տնօրինության կողմից հրահանգվե՞լ է մասնակցելու, ընկերության ղեկավարը պատասխանել էր․«Էդ, որ 18 թվին գնում էին հանրահավաքի, ով էր ձեն հանում, նույնը՝ հիմա: Ոչ ոք ոչինչ չի պարտադրել որևէ մեկի»։