«Հարցեր շատ կան, բայց ուզում եմ հորդորով հանդես գալ: Հարգելի տիկինն Ալավերդյան Մուշեղի համար բան ասաց: Իրեն ֆորման հագին հոկտեմբերի 4-ին տեսել եմ Իշխանաձորում՝ գետնին պառկած: Երևի բոլորն էլ գիտեն»,- Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանի հետ հանդիպմանը հայտարարեց մասնակիցներից մեկը:
Հիշեցնենք՝ Կովսական համայնքի բնակիչներից մի կին վրդովվեց՝ հոկտեմբերի 19-ից Կովսական համայնքի բնակչությունը դուրս է եկել տարածքից ու հարակից համայնքներն էլ, բայց իրենց տուն-տեղը մնացել է համայնքում: Այս առիթով նա նշեց, որ մեղավոր է վարչական ղեկավարությունը, քանի որ իրենց թույլ չեն տվել իրենց իրերը դուրս բերել համայնքից ու մանրամասնեց. «Դուք մի անգամ չեք հետաքրքրվել՝ համայնքի բնակչությունը ինչ վիճակում, սոցաջակցություն ստանո՞ւմ է, մարդկանց չեք իրազեկել, մի անգամ չեք ասել՝ ձեր իրերը, գույքը ապրուստը հանեք, անընդհատ շեշտ էիք դնում, որ խուճապ չառաջանա: Խուճապ չառաջացավ, բայց նյութական բան չենք հանել, տեղակայվել ենք ՀՀ տարբեր մարզերում, մի կերպ յոլա ենք գնում: Շենգավիթ վարչական տարածքում 54 համայնքների բնակիչները, համայնքապետեր ներկայանում են, մեր խնդիրներին ծանոթանում: Ձեզ բացարձակապես չի՞ հետաքրքրում՝ մի այցելություն անեք, տեսնեք՝ այդ բնակչությունն ի՞նչ խնդիրներ ունի, ամբողջ օրը մենք մեր հարցերով ենք»:
Ի պաշտպանություն Մուշեղ Ալավերդյանի ելույթ ունեցած երիտասարդը հորդորեց լինել հարգալից միմյանց նկատմամբ ու պատմեց. «Մենք ասել ենք՝ եկել ենք զենք վերցնենք, որ գնանք Ջեբրայիլ: Ալավերդյան Մուշեղն ասել է՝ չէ, դիմացից ես եմ գնալու, նոր դուք: Եկեք հարգանքով խոսենք: Նենց չի, որ Արայիկ Հարությունյանն իմ աչքի լույսն է, բայց ես թույլ չեմ տալ, որովհետև լրատվամիջոցներով հասնում է Ադրբեջան: Պետք չէ: Դավաճանն էլ մեկս մյուսի մեջ եկեք գտնենք: Քաշաթաղից հիմա երևի էլ բան չմնաց, եկեք լավ ձևի հիշենք, վատ բաները թողնենք մի կողմ»:
Մի տարիքով բնակիչ էլ, դիմելով Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնակատարին, նկատեց՝ նոր մարդ է կառավարման համակարգում, բայց միևնույն ժամանակ վստահեցրեց՝ նրա ազնվության վրա չեն կասկածում: Նա նշեց՝ բոլորը շրջանցում են մի գլխավոր հարց. «Ինչի՞ պիտի այսօր Դուք կանգնեք չգիտեմ ում որոշման համար պատասխան տաք: Հարյուր տոկոս, դու այդ հարցի պատասխանը տվող չես, եղբա′յր, ինչո՞ւ ես վերցնում քեզ վրա: Երկրորդը, եթե ուշադիր կարդում ես եռակողմ համաձայնագիրը, տեսնում ես, որ երեք տարի հետո ռուսական կողմը նոր ճանապարհ է սարքելու. Բերձորից ճանապարհը հանելու է:
Կարդացեք նաև
Հիմա դուք չեք խոսում մի կարևոր փաստաթղթի մասին: Հնաբնակները կհիշեն՝ ԼՂ-ՀՀ կառավարությունների համատեղ նիստը, որը տեղի է ունեցել 1995-ի ապրիլի 1-ին, արձակվել է 189 գաղտնի որոշումը, մենք գնացել ենք այնտեղ: Ինչ խոսք են տվել, թող մեկն ասի, որ ինձ համար արել են: 80-90 տոկոսը քսան հազարի դիմաց ստորագրել գնացել են: Ես հարգում եմ Ձեզ՝ որպես իմ տղաների ընկեր, ուզում ենք, որ Ձեզ օգնենք, որ հետո էլ Դուք մեզ օգնեք: Մենք բոլորս տնավեր եղած մարդիկ ենք, մեր առաջնային խնդիրը մեկն է՝ առաջին հերթին կարգավիճակ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ