Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր հանրությունը սիրում է արվեստ եւ ունի բարձրորակ արվեստի կարիք»

Դեկտեմբեր 24,2020 12:30

Հարցազրույց նկարչուհի Լիլիթ Վաղարշյանի հետ

– Ինչպե՞ս հասկացաք, որ ուզում եք նկարիչ դառնալ, ինչպե՞ս արեցիք առաջին քայլերը:

– Ես շատ փոքրուց եմ սկսել նկարել: Քանի որ մայրս նկարում էր, եւ պապիկս էր շատ սիրում նկարել, տանը միշտ ունեինք նյութեր`ներկեր, թղթեր, եւ ինձ տրվում էր նկարելու հնարավորությունը: Պապիկս միշտ հավաքում էր իմ նկարները, գրում էր ամսաթիվը, տարիքս ու պահում դրանք, եւ այդպես ինձ շատ ոգեւորում էին: Երբ մայրս նկատեց, որ ունեմ շնորհք եւ շատ ժամանակ եմ տրամադրում նկարելուն, ինձ տարավ Հենրիկ Իգիթյանի անվան ազգային գեղագիտության կենտրոն, որտեղ սովորում էին նկարչություն, կավագործություն: Ես մեծ սիրով հաճախում էի այդ կենտրոն, սկզբից կերամիկա էի սովորում, իսկ հետո գեղանկարչություն: Ունեի շատ սիրելի ուսուցչուհի, որի մոտ մեծ սիրով երկար տարիներ հաճախում էի: Իմ առաջին ցուցադրությունը ես ունեցել եմ մանկապարտեզում` 5-6 տարեկանում:

– Ամեն նկարիչ յուրովի է իրեն մեկնաբանում, որպես նկարիչ՝ ինչպե՞ս կբնորոշեիք ձեզ:

– Ես սովորել եմ Գեղարվեստի ակադեմիայում, գրաֆիկայի բաժինն եմ ավարտել, գրքի լուստրացիա եւ տպագրական գրաֆիկա: Ինստիտուտում հասկացա, որ ինձ ավելի հոգեհարազատ է տպագրական գրաֆիկան, եւ մինչեւ հիմա զբաղվում եմ դրանով, դրա հետ մեկտեղ զբաղվում եմ նաեւ դեկորատիվ նկարչությամբ: Դեկորատիվ շարքը ինձ մոտ ծնվեց տարիներ առաջ, երբ բավականին ցուրտ էր, փետրվար ամիսն էր, եւ ես ուզեցի ինքս ինձ դրական լիցքեր հաղորդել, վերցրի իմ ունեցած նյութերը՝ վառ գույնի ներկեր, կտավ եւ սկսեցի գույներն իրար կողք դնել, երկրաչափական մարմիններ նկարել, այդպես ծնվեց նաեւ այդ շարքը:

– Նշեցիք նաեւ, որ ձեր մայրիկն էլ է եղել նկարիչ, օգնե՞լ է ձեզ այդ հանգամանքը մասնագիտական ճանապարհ անցնելուն եւ կայանալուն:

– Մայրիկիս նկարիչ լինելը ինձ շատ օգնել է, եւ նա միշտ ոգեշնչել է ինձ ու ամեն հարցում աջակցել: Իր արվեստը մինչեւ հիմա մեծ ազդեցություն ունի: Ընդհանրապես շատ կարեւոր է, երբ ընտանիքում կան արվեստագետներ:

– Ի՞նչ ուղղություն, ի՞նչ ոճ եք ներկայացնում:

– Իմ գրաֆիկական աշխատանքներում անիմալիստական թեմաներ եմ օգտագործում, ինձ միշտ գրավել են հենց կենդանիները, իրենց լռությամբ իրենք ուրիշ են: Մենք խոսում ենք, կարող ենք բացատրել մեր հույզերը, իսկ կենդանիները դա անում են շատ լուռ, եւ իրենց լռությունը ինձ շատ գրավում է, շատ բան ասող իրենց աչքերը, իրենց հայացքը եւ նաեւ իրենք շատ անկեղծ են, դրա համար ինձ շատ հետաքրքիր է իրենց պատկերել:

– Ինչի՞ց կամ ումի՞ց եք ոգեշնչվում նկարելիս:

– Երբ ուսանող էինք, մեզ խորհուրդ էին տալիս այցելել թանգարաններ, եւ ընդհանրապես, երբ լինում եմ տարբեր երկրներում, անպայման այցելում եմ թանգարաններ, նայում եմ նոր արվեստագետներին, ինձ համար նոր գործեր եմ բացահայտում, եւ դա իսկապես շատ ոգեշնչող է: Կարեւոր է արվեստագետի համար տեսնել՝ ինչպես են աշխատում տարբեր երկրներում նկարիչները, շատ անգամ գտնում եմ ինձ նման մտածող արվեստագետների, ինչը չափազանց հաճելի է: Ոգեշնչում են ֆիլմերը, երաժշտությունը, բնությունը, գեղարվեստական գրքերը, մարդկանց հետ շփումը:

– Ի՞նչ հոգեվիճակում եք ստեղծագործում:

– Շատ տարբեր… Այս պատերազմի ժամանակաշրջանում շատ ծանր օրեր անցկացրի, բոլորս, իհարկե, բայց ես առավել, քանի որ տղաս այնտեղ է, եւ շատ ծանր հոգեվիճակում էի: Այդ օրերին ինձ ծանոթ մի կին ասաց, որ ես անպայման մի բան նկարեմ, որովհետեւ դա եւ՛ ինձ կօգնի ցրվել, եւ՛ դրական լիցք կհաղորդի: Քանի որ այդ հոգեվիճակում բարդ է ստեղծագործել, միտքդ ուրիշ տեղ է, չես կարողանում կենտրոնանալ, բայց ես շատ մեծ դժվարությամբ նկարեցի եւ հասկացա, որ նույնիսկ այդ հոգեվիճակում հնարավոր է ստեղծագործել:

– Ի՞նչ եք ուզում փոխանցել ձեր նկարներով:

– Ես շատ ուրախանում եմ, որ իմ նկարները հավանում են, եւ պետք է խոստովանեմ, որ շատերն են հավանում: Երբ իմ նկարներից դրական էմոցիաներ են փոխանցվում մարդկանց, դա արդեն ինձ ուրախացնում է:

– Որպես արվեստագետ որքանո՞վ եք ձեզ գնահատված զգում, եւ արդյոք հանրությունը հեռացել է արվեստից:

– Ճիշտն ասած, նախ մեր երկիրը այնպիսի վիճակում է, որ արվեստին շատ ուշադրություն չեն էլ կարող դարձնել, դա իրենց մեղքը չէ, դա մեր ընդհանուր վիճակից է բխում, երբ մարդիկ ունեն կենցաղային չլուծված խնդիրներ, շատ քչերը կարող են իրենց թույլ տալ արվեստին տրվել: Ես Հայաստանում ունեցել եմ երկու անհատական ցուցահանդես, մասնակցել եմ շատ խմբակային ցուցահանդեսների եւ նկատել եմ՝ շատ մարդիկ են գալիս, հետաքրքրվում, արվեստը միշտ գերում է, մեր հանրությունը սիրում է արվեստ եւ ունի բարձրորակ արվեստի կարիք:

Զրույցը`

Ռիտա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
23.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031