Հարցազրույց Ta Toys արվեստի կենտրոնի հիմնադիր Տաթեւ Վարդանիի հետ
– Ինչպե՞ս է առաջացել տիկնիկներ ստեղծելու եւ վաճառելու գաղափարը:
– Դպրոցական էի, երբ ծնվեց գաղափարը, ու այդ տարիքում, երբ նոր ես մտնում կյանք, բնական է՝ գումարի կարիք ես ունենում: Սա էլ առիթ էր ինձ համար գումար աշխատելու: Չնայած ասեմ, որ սկզբից ինքս չեմ ցանկացել վաճառել, նույնիսկ մի փոքր ամոթ կար, հետո ընկերներս շատ պնդեցին բացել ինստագրամյան էջ եւ զբաղվել տիկնիկների վաճառքով: Երբ եղավ առաջին պատվերը, շատ ոգեւորվեցի, մեծացրի էջը, էլի ավելի շատ տիկնիկների նկարներ սկսեցի տեղադրել:
– Ներկայացրել եք Ձեր հեղինակային աշխատանքը՝ անվանելով «Պահապան Հրեշտակ»: Կպատմե՞ք տիկնիկի մասին:
– Միտքն առաջացավ, երբ պատերազմական իրավիճակ էր մեզ մոտ, ու ես ցանկանում էի ինչ-որ սիմվոլիկ բան ստեղծել, որը, այսպես ասած, կփարատի, հետաքրքիր նվեր կլինի նույնիսկ զինվորների համար: Մեր գաղափարախոսությունը այն է, որ մեր հերոսը մեր զինվորն է, ոչ միայն այս տարի, այլեւ հետագայում եւս: «Պահապան հրեշտակը» կարող է լինել նաեւ տոնածառի խաղալիք, ես կարծում եմ՝ երեխաներին պետք չի զրկել ամանորյա հրաշքի սպասումից. դա շատ կարեւոր է: Սա գովազդ չէ, սա իսկապես իմ միտքն է, որ այսպես պետք է լինի ինձ համար:
– Բացի տիկնիկներ պատրաստելուց, դուք նաեւ սովորեցնում եք երեխաներին…
– Սկզբում ցանկանում էի ուղղակի բացել արտադրամաս, հետագայում բիզնես գաղափարն ընդլայնվեց ու որոշեցի բացել Ta Toys արվեստի կենտրոնը, ապա նաեւ սովորեցնել երեխաներին:
– Ունեք երաժշտական կրթություն, Ձեր սաներին սովորեցնում եք նաեւ կիթառ նվագել: Մի փոքր կպատմե՞ք այս մասին
– Ես մասնագիտությամբ էստրադային երգչուհի եմ, բայց նաեւ կիթառ եմ նվագում: Ինքս շատ սիրում եմ երաժշտություն եւ կարծում եմ՝ դա շատ կարեւոր է երեխայի զարգացման համար: Դրա համար որոշեցի այստեղ բացել երաժշտական բաժիններ, որպեսզի երեխաները կրթվեն ու ծանոթանան այդ հրաշք արվեստին:
– Տիկնիկագործության եւ երաժշտության մեջ ինչպիսի՞ նմանություններ եք տեսնում:
– Երկուսն էլ բխում են հոգու խորքից, երկուսն էլ անում եմ շատ մեծ սիրով: Ինչ-ինչ չափանիշներ ինձ համար չկան ո՛չ տիկնիկագործության, ո՛չ երաժշտության մեջ: Ես անում եմ այն, ինչ գալիս է իմ մտքին: Տիկնիկագործությունը հետաքրքիր է այն առումով, որ իր մեջ կա հոգին բուժող մի որակ, որն ամփոփված է նաեւ երաժշտության մեջ: Մեր կենտրոնը նաեւ ունի տիկնիկաթերապիայի բաժինը, այսինքն՝ մարդը տիկնիկ պատրաստելիս պատկերում է տիկնիկի վրա այն, ինչը կա իր սրտում, իր մտքում, իր հոգում: Նույնն էլ երաժշտության մեջ է, դու ստեղծագործում ես այն, ինչը քո մտքերում է:
Ռիտա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Անգին ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.12.2020