Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է լինելու Բերձորի կարգավիճակը. մի փայտից դոմիկ են տվել, իմ տասը երեխաների հետ բնակվում եմ, տղաս էլ պայմանագրային զինծառայող է». Բերձորի բնակիչ

Դեկտեմբեր 23,2020 23:30

Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանի հետ հանդիպմանը Քաշաթաղի շրջանի տարբեր համայնքների բնակիչներ բազմաթիվ խնդիրներ հնչեցրին՝ սկսած իրենց համայնքների կարգավիճակների հարցից, մինչև բնակարանային  ապահովում, սոցիալական աջակցություն և այլն:

Բնակիչներից շատերը վիրավորված էին, թե անհետ կորածների ընտանիքներին անուշադրության են մատնել, ոչ ոք չի այցելում նրանց, հոգեբանական օգնություն գոնե ցուցաբերեն:

Մուշեղ Ալավերդյանն ասաց՝ ֆիզիկապես այդ ամբողջը հասցնել չի կարող, բայց հավաստիացրեց՝ բոլոր բաց թողնված խնդիրներն առաջիկայում լուծում կստանան: Նա տեղեկացրեց, թե ինչ ֆինանսական աջակցություններ կան այս պահին. «Պատերազմական գործողությունների պատճառով զոհվածները, վիրավորվածները միջինացված հաշվարկով 58-72 միլիոն դրամ են ստանալու փոխհատուցում: 10 միլիոնը միանվագ են ստանում, մնացածը՝ 20 տարվա ընթացքում՝ ամիսների բաժանված»:

Հարցին՝ հանդիպե՞լ եք արդյոք այդ ընտանիքներին, Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնակատարը պատասխանեց. «Ոչ, որովհետև մարտական դիրքերում էի»:

Նա ասաց՝ իր մանկության ընկերների մեծ մասն այս պահին անհետ կորած են, և առանց նրանց իր վաղվա օրը չի պատկերացնում ու հավաստիացրեց՝ ինքն է զբաղվում այդ հարցերով, բայց դեռ նորություն չունի: Նա ասաց՝ որևէ բնակիչ արհամարհված չի եղել ու չի լինի:

Մի կին էլ հնչեցրեց Բերձորի կարգավիճակի հստակեցման հարցը: Նա հայտարարեց. «Բերձորին ոչ մեկն ուշադրություն չի դարձնում: Մեզ մինչև գարուն կացարան են տրամադրել, օդում ենք մնացել: Ոչ մի օգնություն պետության կողմից չենք ստանում, միայն 83 հազար դրամները: Այս կարգավիճակն ինչքա՞ն պիտի տևի: Դե, այս պահին Բերձորում ապրելը բացառվում է: Մենք ի՞նչ կարգավիճակով պիտի մնանք այստեղ, ինչքա՞ն ժամանակ և ի՞նչ պայմաններում, ո՞վ պետք է զբաղվի մեր հարցերով: Մեր նպաստների, աշխատանքների մասին ո՞վ է մտածելու: Ով որտեղ մնում է, այդ համայնքի քաղաքապետարանից է ստանում օգնություն կամ գնում է այս ու այն կողմ ողորմություն ստանալու: Ասում են՝ Բերձորը չեն հանձնել, ասում են՝ դիմեք Արցախի շտաբ, այնտեղ էլ ոչ մի հարցի ոչ մի լուծում չեն տալիս: Լավ, բա մենք ի՞նչ անենք: Մի հատ փայտից դոմիկ են տրամադրել, իմ տասը երեխաների հետ բնակվում եմ այնտեղ, տղաս էլ պայմանագրային զինծառայող է»:

Մուշեղ Ալավերդյանը հավաստիացրեց՝ Բերձորի բնակիչները 250 հազարական դրամ մեկ շնչի հաշվով մոտ ապագայում գումար կստանան. «ԱՀ-ում պետական համակարգը դեռ իր արյունալի վերքերն է փորձում բուժել. ինչքանով է ստացվում դա, ինչքանով՝ ոչ, հավաստիացնում եմ՝ մարդիկ օրվա 24 ժամից 25-ն այդ ուղղությամբ աշխատում են: Անգամ Աղավնոյի և Սուսի բնակիչները 250 հազարական դրամ նախնական սոցիալական աջակցություն կստանան բնակչության նվազագույն պայմաններն ապահովելու համար: Եկեք քաղաքականությամբ այս պահին չզբաղվենք, ես չեմ բանակցողը: Համաձայն հրապարակված փաստաթղթի՝ այդտեղ ընդհանուր դրույթներ են նշված, դրանից բխող տեխնիկական խնդիրներ կան, որոնք կհստակեցվեն մոտ ապագայում»:

Կովսական համայնքի բնակիչներից մի կին էլ վրդովվեց՝ հոկտեմբերի 19-ից Կովսականի բնակչությունը դուրս է եկել տարածքից, բայց իրենց տուն-տեղը մնացել է համայնքում: Այս առիթով նա նշեց, որ մեղավոր է վարչական ղեկավարությունը, քանի որ թույլ չեն տվել իրենց իրերը դուրս բերել համայնքից ու մանրամասնեց. «Դուք մի անգամ չեք հետաքրքրվել՝ համայնքի բնակչությունը ինչ վիճակում, սոցաջակցություն ստանո՞ւմ է, մարդկանց չեք իրազեկել, մի անգամ չեք ասել՝ ձեր իրերը, գույքը ապրուստը հանեք, անընդհատ շեշտ էիք դնում, որ խուճապ չառաջանա: Խուճապ չառաջացավ, բայց նյութական բան չենք հանել, տեղակայվել ենք ՀՀ տարբեր մարզերում, մի կերպ յոլա ենք գնում: Շենգավիթ վարչական տարածքում 54 համայնքների բնակիչները, համայնքապետերը ներկայանում են, մեր խնդիրներին ծանոթանում: Ձեզ բացարձակապես չի՞ հետաքրքրում՝ մի այցելություն անեք, տեսնեք՝ այդ բնակչությունն ի՞նչ խնդիրներ ունի, ամբողջ օրը մենք մեր հարցերով ենք: Հանրապետության հրապարակում հանդիպում ունեինք, քո ողջ շրջանի բնակչությունն այնտեղ էր, դուք տեղյա՞կ եք, Ձեր լիազորություններին Դուք տիրապետո՞ւմ եք: Մեր ամբողջ տնտեսությունը թողել, դուրս ենք եկել: Ինչ մախինացիաներ արեցին, թե ոչ մի բան տնից չենք հանում, հիմա ո՞վ է դրա պատասխանատվությունը կրելու: Հիմա կառավարությունը չի ընդունում 54 շրջանի բնակչներին՝ բացատրելով, որ Շուշին ու Հադրութը հազիվ ենք տեղավորում: Համբերեք: Էս ժողովուրդը ո՞նց համբերի: Գիտե՞ք՝ ինչքան վարկեր ունենք: ՀՀ սոցապնախարարին, ֆինանսների նախարարին, տարածքային կառավարման նախարարներին դիմում ենք, չեն ընդունում: Անտեսված է քո ողջ շրջանը, քեզ իրազեկողներ կան, տեղյա՞կ ես այդ մասին»:

Մուշեղ Ալավերդյանը պարզաբանեց՝ տարհանված բնակչների խնդիրներով Արցախի օպերատիվ շտաբն է զբաղվել: Հետո էլ ասաց՝ կոնկրետ իր վարչակազմի լիազորությունների հստակեցում այսօր կամ վաղն է լինելու: Այնուհետև հարցրեց այն բնակչուհուն, որը նախատինքի խոսքեր հնչեցրեց իր հարցերին՝ դուք այդ շտաբում ի՞նչ եք անում: Նա պատասխանեց՝ աշխատում եմ: Մուշեղ Ալավերդյանն էլ, թե դուք էլ էնտեղ չեք աշխատելու. կարծում եմ՝ հասկանում եք, թե ինչի համար: Մուշեղ Ալավերդյանն ասաց՝ թեև ինքը պատասխանատուների վերջին շարքում է, բայց իր վրա վերցնում է այդ պատասխանատվությունը և հիշեցրեց. «Երիցվանքում  պաշտոնապես հայտարարել եմ, որ պետք չէ դուրս գաք, եթե գույքային փոխհատուցում էլ չլինի, ասացի՝ տունս կծախեմ, կտամ: Ես իմ ասածին տեր եմ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031