Դիլիջանում առատ ձյան հետևանքով տասնյակ բեռնատար մեքենաներ կանգնել են Դիլիջան մտնող մայրուղու վրա և չեն կարողանում շարժվել։
Մի քանի րոպե մարդատար մեքենաները ևս խցանման մեջ էին հայտնվել, քանի որ մերկասառույց դարձած ճանապարհի հետևանքով բեռնատարը չէր կարողացել կանգնել և փակել էր ճանապարհը։
Վարորդները միանձնյա բողոքում էին, որ այն ճանապարհը, որը միջանցիկ է և կապում է մի շարք քաղաքներ, ինչպես նաև Վրաստան գնացող ճանապարհներից է, չի մաքրվում և արդեն մի քանի վթարներ են գրանցվել։
Կարդացեք նաև
Դիլիջանցի վարորդներն էլ պնդում էին, որ Դիլիջանում ճանապարհների մաքրման աշխատանքները երբեք պատշաճ չեն կազմակերպվել և վարորդները միշտ էլ կանգնել են խնդրի առաջ, երբ ձյուն է տեղացել։
Aravot.am -ը փորձեց Դիլիջանի համայնքապետ Արմեն Սանթրոսյանից ճշտել, թե ինչու չեն մաքրվում ճանապարհները, վերջինս նշեց, որ այդ ճանապարհը սպասարկվում է միջպետական մայրուղու կողմից և հենց իրենք պետք է ապահովեն տվյալ հատվածի մաքրման աշխատանքները։
Չնայած մի ժամից ավել տևած խցանմանն ու ճանապարհի եզրին կանգնած տասնյակ բեռնատարներին՝ այդպես էլ չնկատվեց ձյունածածկ տարածքը մաքրող մեքենա։
Սաթենիկ Հովսեփյան