Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես պատրաստ եմ գնալ ադրբեջանցիների հետ ապրել, եթե Արայիկ Հարությունյանի, Նիկոլ Փաշինյանի ողջ ընտանիքը կգան ինձ հարևան». Քաշաթաղի շրջանի բնակիչ

Դեկտեմբեր 23,2020 22:35

«Այստեղ հավաքվածներից բոլորս հենց այդ քաղաքականության զոհերն ենք»,- Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանի հետ հանդիպմանը հայտարարեց Քաշաթաղում վերաբնակեցված բնակիչներից մեկը:

Նա Մուշեղ Ալավերդյանին խնդրեց պատասխանել՝ ի՞նչ են մտածում Արցախի և ՀՀ-ի կառավարությունները՝ ի վերջո իրենց քաղաքացիություն տալո՞ւ են: Մուշեղ Ալավերդյանը մանրամասնեց. «Շատերը չգիտեն, որ բոլոր վերաբնակիչները քաղաքացիություն չունեն, նրանք, երբ ՀՀ-ից տեղափոխվել են Արցախ, կորցրել են քաղաքացիություն, Արցախում չեն կարողացել ձեռք բերել ԱՀ քաղաքացիություն, քանի որ ԱՀ Սահմանադրության 47-րդ հոդվածը փաստում է՝ Արցախի քաղաքացի է միայն  Արցախում ծնվածը: Դա շատ լուրջ հարց է: Ժամանակին այդ մասին մտածող չի եղել: Վերաբնակիչների մեծամասնությունը տներ չունեն, հասցե չունեն: Դուք ասում եք՝ երեք տարի հետո կլուծվի բնակարանի հարցը: Ի՞նչ է՝ մենք ճագարաբուծական ֆերմա՞ ենք, մենք որտե՞ղ պիտի ապրենք երեք տարի»:

Խոսելով ադրբեջանցիների հետ համատեղ բնակության մասին՝ նա ասաց. «Ես պատրաստ եմ գնալ ադրբեջանցիների հետ ապրել, եթե Արայիկ Հարությունյանի, Նիկոլ Փաշինյանի ողջ ընտանիքը կգան ինձ հարևան: Այդ դեպքում ես Իշխանաձոր կգնամ: Ինչո՞վ պետք է ապրի վերաբնակիչը երեք տարի, որտե՞ղ պետք է ապրի և մարդ է, ուզում է՝ մի տեղ գնալ, վերջիվերջո, քաղաքացիություն չե՞նք ունենալու: Քաղաքացիություն չեն ունենում ճորտերն ու ստրուկները: Բավական չէ՞ մեզ կառավարությունը ճորտի տեղ դնի»:

Նա նշեց, որ հսկայական գույք է թողել Արցախում և իրենց կարգադրությամբ իրենք իրենց իրերը դուրս չեն բերել Քաշաթաղի՝ իրենց տներից: Նա հայտարարեց՝ այո, տեղի է ունեցել դավաճանություն, թող փնտրեն, գտնեն դավաճաններին: Նա նաև հարցրեց՝ ե՞րբ  պետք է վերականգնվի քաշաթաղցու ինքնասիրությունն ու պատիվը:

Մուշեղ Ալավերդյանը, որը բեմից էր պատասխանում քաշաթաղցիների հարցերին, այդպես էլ բեմից չիջավ ու պատասխանեց. «Քաշաթաղցու ինքնասիրությունն ու պատիվը չեմ կարծում, որ պետք է վերականգնվի: Ինքնասիրությունն ու պատիվն այն է, որ մեզնից ուղղակի չեն կարող խլել: Եթե խլել են, մեղավորը մենք  ենք: Բոլորս ունենք օրհասական, հստակ լուծում պահանջող խնդիրներ: Իմ՝ այստեղ գալու նպատակն է  լսել այդ խնդիրները, որը կկարողանանք լուծել, կլուծենք, որը ոչ, պարզ, հստակ կասենք այդ մասին: Դավաճանության մասին ասեմ՝ ես տեսել եմ իշխանությունների հայրենասիրություն: Դուք չգիտեմ՝ինչ եք տեսել: Քաղաքացիության հարց ընդհանրապես չի շոշափվում: Այս պահի դրությամբ դուք օգտվում եք այն բոլոր իրավունքներից, որոնցից օգտվում են ՀՀ քաղաքացիները: Ձեր անձնագրի վրա գրված է ՀՀ քաղաքացի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031