Լրահոս
Օրվա լրահոսը

Հազի առաջացման մի քանի պատճառ․ հարբուխից մինչև աղեստամոքսային համակարգի հետ կապված խնդիրներ

Դեկտեմբեր 23,2020 23:00

Հազը հիվանդություն չէ, այլ ախտանշան, որը կարող է հուշել օրգանիզմում առկա մի շարք խնդիրների մասին։

Հազի առաջացման պատճառները կարող են շատ տարբեր լինել՝ հարբուխից, ալերգիայից սկսած մինչև աղեստամոքսային համակարգի հետ կապված խնդիրներ։

Որքան էլ այդ ախտանշանը տհաճ է, այն անհրաժեշտ է, որպեսզի օրգանիզմն ազատվի օտար մասնիկներից ու թոքերում և վերին շնչուղիներում կուտակված լորձից։
Հազն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է՝ կոչված թեթևացնելու շնչառությունը։ Երբեմն հազի առաջացման պատճառները շատ պարզ են, երբեմն էլ մի շարք հետազոտություններ են անհրաժեշտ դրանք որոշելու համար։

Շատ դեպքերում հազի բնույթից բժշկի համար պարզ է դառնում, թե որ հիվանդության հետ գործ ունի, հետևաբար հիվանդության բուժումը կամ ախտանշանների նվազեցումը նպաստում է հազի իսպառ վերացմանը կամ թեթևացմանը։

Ներկայացնում ենք հազի առաջացման մի շարք տարածված պատճառներ (հիվանդություններ), որոնք առանձնացրել է բժիշկ Ջոզեֆ Մարկոլան

1. Քթըմպանային (Postnasal) համախտանիշ – Հարբուխի կամ ալերգիայի ժամանակ լորձը կարող է հոսել կոկորդով․ քթըմպանային այդ հոսքը, դիպչելով նյարդային վերջույթներին, կարող է թաց կամ չոր հազ  առաջացնել։ Քթըմպանային հոսքի պատճառող առաջացած հազը սովորաբար ուժեղանում է գիշերը, ինչպես նաև կոկորդի հետևի մասում կարող է քորի զգացում առաջանալ։

Եթե քթըմպանային հոսքի պատճառն ալերգիան է, ապա հազը կարող է ուղեկցվել փռշտոցով ու աչքերի քորով։
Իսկ երբ քթըմպանային համախտանիշն ուղեցվում է քթի փակվածությամբ, դեմքի շրջանում ծանրության զգացողությամբ, 10 օրից ավելի տևող հարբուխի ախտանշաններով ու կանաչ կամ դեղին լորձի առկայությամբ, ապա հավանական է քթի հարակից խոռոչների լորձաթաղանթի բորբոքումը։

Այս դեպքում կարող է օգնել քթի խոռոչների ողողումն աղային լուծույթով։ Աղային լուծույթը ջրիկացնում է լորձը, նվազեցնում քթանցքերի այտուցը՝ դուրս բերելով բակտերիաները, ալերգիայի հարուցիչներն  ու բորբոքային գործընթացի այլ արգասիքները։

2. Ասթմա- Չոր խռպոտ հազը կարող է վկայել ասթմայի մասին։ Ասթման շնչառական ուղիների բորբոքային հիվանդություն է, որի ախտանշաններն են հազը, կրծքավանդակի ցավը և շնչառության խանգարումը։ Ասթմայի պատճառով առաջացած հազը սովորաբար ուժեղանում է գիշերը կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, այն կարող է ուղեկցվել կրծքավանդակի սեղմվածության զգացողությամբ, շնչահեղձությամբ։

3. Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությունը– Այս հիվանդությունը հայտնի է նաև որպես թթվային ռեֆլյուքս, տևական ախտաբանական վիճակ, որն ուղեկցվում է ստամոքսային պարունակության հետհոսքով դեպի կերակրափող և դրսևորվում է կա՛մ սիմպտոմներով, կա՛մ բարդություններով։

Այս հիվանդությունը կարող է չոր, սպաստիկ հազ առաջացնել, որը քրոնիկական բնույթ է կրում։ Թթվային ռեֆլյուքսի պատճառող առաջացած հազն ուժեղանում է պառկած ժամանակ կամ սնվելիս։

4. Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ)-Քրոնիկ հազը, որին բնորոշ է առատ խորխարտադրությունը հատկապես առավոտյան ժամերին, կարող է հուշել թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության մասին։ Սովորաբար այս հիվանդության հարուցած հազն օրվա ընթացքում թուլանում է․ այն կարող է ուղեկցվել դժվարաշնչությամբ, հոգնածությամբ ու կրծքավանդակի սեղմվածությամբ։
Այս հիվանդության հիմնական պատճառը ծխելն է։

5․ Թոքաբորբ -Հիվանդության սկզբնական շրջանում հազը չոր է, որն այնուհետև վերածվում է թաց հազի՝ ուղեկցվելով մածուցիկ լորձային խորխարտադրությամբ։ Հիվանդությունը սկսվում է հանկարծակի դողով, սարսուռով, ջերմության արագ բարձրացումով։ Ամեն անգամ, երբ հազալիս խորխ է առաջանում, այն հարկավոր է թքել, քանի որ լորձը կարող է գրգռել ստամոքսը։

Թոքաբորբը լուրջ հիվանդություն է, որի բուժումն իրականացվում է բժշկի ցուցումով՝ տնային կամ հիվանդանոցային պայմաններում՝ կախված հիվանդության բարդությունից ու ռիսկերից։

6. Կապույտ հազ– Վարակիչ, բակտերիալ հիվանդություն է, որը կանխարգելվում է պատվաստումների միջոցով։  Սկզբնական շրջանում ախտանշանները հիշեցնում են հարբուխ ՝ քթահոսություն, ջերմություն և փափուկ հազ։ Հիվանդությունն ընթանում է ամիսներով շարունակվող նոպայաձև հազով։

Հազն ուղեկցվում է բնորոշ ձայնային երանգով։ Հազը կարող է պահպանվել 10 և ավելի շաբաթ, որտեղից էլ առաջացել է «100 օրվա հազ» անվանումը։
Կապույտ հազի դեպքում ինքնաբուժությամբ զբաղվելը խիստ հակացուցված է։

7. Դեղերի ընդունման պատճառով առաջացած հազ – Զարկերակային գերճնշման և սրտային անբավարարության բուժման համար օգտագործվող ԱՓՖ ինհիբիտորները (Անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի արգելակիչներ) պացիենտների մոտ 20 տոկոսի մոտ կարող են չոր հազ առաջացնել։

8․ Կովիդ 19 –  Այս հիվանդության առավել տարածված ախտանշաններն են մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, հոգնածությունը և չոր հազը:

Հազի դեմ պայքարող բնական միջոցներ են

  • Հազի դեմ պայքարող բազմաթիվ դեղամիջոցներ կան, որոնք վաճառվում են առանց դեղատոմսի, սակայն դրանք ընդունելուց առաջ բժշկի հետ խորհրդակցելը պարտադիր է։ Եթե հազն առաջացել է թեթև հարբուխի պատճառով, ապա այն կարելի է թեթևացնել մեղրի օգնությամբ․ այս բնական միջոցը խորհուրդ է տրվում նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։ Համարվում է, որ մեղրն իր ազդեցությամբ նման է դեքստրոմետորֆանին, որը տարածված բաղադրամաս է առանց դեղատոմս վաճառվող հազի դեմ պայքարող դեղամիջոցների կազմում։

Ուրցի թուրմի մեջ լուծված մեղրը (10-20 գ․ ուրցը թրմել 200 գ․ եռացրած ջրի մեջ) փափկեցնում է հազը։

Թոքերի հիվանդությունների, դժվարահազի ու խորխի դեպքում օգնում է նաև եզան լեզվի հյութի ու մեղրի խառնուրդը՝ հավասար չափաբաժիններով։ Այն անհրաժեշտ է խմել վաղ առավոտյան՝ անոթի վիճակում՝ օրական մեկ ճաշի գդալ։ Իսկ ճաշին անհրաժեշտ է ուտել ջեռոցում խաշած եզան լեզու։ Երկու շաբաթից թոքերը կմաքրվեն։

Հարբուխի, գրիպի, հազի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել սև բողկի հյութի ու մեղրի խառնուրդը․ անհրաժեշտ է լվանալ բողկը, կտրել վերևի հատվածն ու բողկի մեջ անցք բացել, հանել պտղամիսն ու դատարկ տարածության մեջ մինչև կեսը մեղր լցնել։

Մեղրով սև բողկի հյութը կարող եք ընդունել օրական 3-4 անգամ, ուտելուց հետո՝ 1 ճաշի գդալ։

  • Հազի, կոկորդի ցավի դեմ պայքարող բնական միջոց է կոճապղպեղով սառնաշաքարը, որի պատրաստման եղանակին կարող եք ծանոթանալ այստեղ։
  • Հարբուխի, հազի, ասթմայի, թոքերի հետ կապված խնդիրների ժամանակ օգտակար է անանուխը։ Անանուխի յուղը մաքրում է շնչուղիները, ունի խորխաբեր ազդեցություն։ Հարբուխի ախտանշանները և հազը թեթևացնելու համար կարող եք կրծքավանդակի հատվածը մերսել անանուխի եթերային յուղով կամ շնչել անանուխի եթերայուղի գոլորշին։
  • Շնչուղիների առողջության վրա բարենպաստ է անդրադառնում նաև նարդոսի յուղը։ Այն կարող է օգնել այնպիսի խնդիրների դեպքում, ինչպիսիք են հարբուխը, գրիպը, քթի փակվածությունը, հազը, բրոնխիտը, ասթման, կոկորդի ցավը և այլն։
  • Չոր հազի դեպքում լավ է օգնում ռեհանի թուրմը, որի պատրաստման եղանակը շատ պարզ է՝ անհրաժեշտ է ռեհանի չորացրած տերևների վրա եռացրած ջուր լցնել ու թրմել 10-15 րոպե, այնուհետև քամել ըստ ցանկության։

 

Ծանուցում․ նյութը տեղեկատվական բնույթի է և չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031