Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պարո՛ն Քոչարյան, արի՛, ամբողջ գեղը գլուխդ կրծեն դանակներով». Մեծ Պարնիի բնակիչներն ինչպես են Փաշինյանին արդարացնում ու պնդում՝ «Շուշին Վանեցյանը տվուց»

Դեկտեմբեր 23,2020 21:21

«Նիկոլ Փաշինյանի պես ղեկավար չի եղել». Ահա այսպես Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի բնակիչները գովում ու գովում էին վարչապետ Փաշինյանին, հիանում նրա քաղաքականությամբ: Երբ հիշեցրինք՝ նոր ենք Արցախը կորցրել, պատերազմում պարտվել ենք՝ իր իշխանության ու գերագույն գլխավոր հրամանատարության ներքո՝ բնակիչներն արդարացրեցին. «Ադրբեջանի ուժը պատել է՝ գրավել է: Զենք չունեինք, բան չունենք, ինչո՞վ կրակեինք», կամ՝ «ՆԱՏՕ-ի հետ էր կռիվը, մենակ Ադրբեջանի հետ չէր»:

Մեր զարմանքին, այսինքն, դուք դրա մեջ ոչ ողբերգություն եք տեսնում, ոչ էլ իր մե՞ղքը՝ Մեծ Պարնի գյուղի բնակիչ Սեյրան Յաղուբյանը պատասխանեց. «Ողբերգությունը տեսնում ենք նախկին իշխանությունների մեջ: Նրանք զենքերը չեն գնել ու պատրաստել մեր զինված ուժերին: 2.5 տարվա մեջ ի՞նչ պիտի գներ այդ մարդը, սաղ թալանված երկիր էր, ի՞նչ պիտի աներ այդ մարդը: Ոչ մի բան էլ չէր կարա աներ: Կերան, էլի: Հիմա Վանեցյանը, մյուսները որպես ի՞նչ են կանգնել: Ղեկավա՞ր են ուզում լինեն հիմա էլ»: Գյուղացիները մատնացույց էին անում փողոցում իրենց կուտակած անվադողերը. «Այս կալոսներով դիրքը շինելով՝ ի՞նչ պիտի պահեինք ու պաշտպանեինք: Հես է: Որ հույսը դրվել է սրանց վրա, ի՞նչ պիտի պաշտպանեինք»: Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն էլ Սու-30, Սու-25 է ձեռք բերել՝ առանց հրթիռների, դրանցո՞վ ինչ պիտի անեինք՝ գյուղացիներն էլի ունեին բացատրություն. «Ժամանակը կգար՝ հրթիռներ էլ ձեռք կբերեր, բա նրա՞նք ինչ էին բերել: Միլիոնավոր դոլարները տարան, խոտանված զենքեր բերին դրին: Ալիեւն էլ է խնդում վրեքներս, ասում է՝ այս ի՞նչ եք բերել: Մատը թափ է տալիս, ասում է՝ Նիկոլ, դու քնած էիր»:

Մեծ Պարնի գյուղի մեկ այլ բնակիչ՝ Արգեվազ Էմինյանն ասաց. «Ես միայն կասեմ Վանեցյանին ապարանցու ասածը՝ դու գնա Սերժի կամանդները կատարի, պարո՛ն Վանեցյան»:

Երբ եզրակացրեցինք՝ պարզ է, դուք էլ չեք մեղադրում Փաշինյանին, նա բորբոքվեց անգամ հարցից. «Փաշինյանին ինչի՞ համար մեղադրեմ, որպես ի՞նչ»: Ասացինք՝ որպես «կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրած»՝ արձագանքեց. «Չէ, չէ, Փաշինյանին մեղադրել չի կարելի…Էդ էլ իրա շնորհիվ, որ ժողովրդի կեսը ողջ մնացին»: Հիշեցրինք՝ Պուտինն ասաց, որ նախկինում՝ հոկտեմբերի 19-ին ավելի լավ պայմաններով առաջարկել էր դադարեցնել պատերազմը, Փաշինյանը չի համաձայնել՝ նա արձագանքեց. «Փաշինյանին առաջարկել էր, որովհետեւ գիտեր, որ կարող է հաղթեր, բայց ժողովուրդը դուրս չեկան»: Բա, եթե զենք չուներ, ո՞նց պիտի հաղթեր, ախր չէ՞ր տեսնում իր ռեսուրսը՝ Մեծ պարնեցիները պատասխանեցին. «Էդ որը որ հիմա ցույց է անում, եթե դուրս գային սաղ, լավ էլ կհաղթեինք: Մենակ ցույց են անում, աթոռի կռիվ են անում: Հիմա ցույց են անում, թող վեր կենան գնան հրանոթի բերան: Սաղ փողով հավաքված բան են անում: Մի հատ կնիկ կար, ասեց՝ հեսա ժամը լրանում ա, թողեք հինգ րոպեն անց կենա՝ գնամ»:

Էվինյանի խոսքով՝ «17 կուսակցությունները շակալ են, թող իմանան»: Երբ կրքերը ավելի թեժացան, Յաղուբյանը հայտարարեց. «Շուշին հենց Վանեցյանը տվուց»: Մինչ կհետաքրքրվեինք՝ այդ ո՞նց, Վանեցյանը ի՞նչ լծակ ուներ՝ պատասխանեց՝ ոտքի շարժումներով քարտեզագրելով դեպքերը, որին մասնակից չի եղել. «Ինքն այստեղ կանգնած էր, այստեղից դուրս եկավ, թուրքերը այդտեղից մտան Շուշիի մեջ: Այս կողմում հայերը կանգնած էին, ինքն էլ այնտեղ էր, այստեղից ինքը դուրս եկավ, զորքը վեկալավ ու գնաց, թուրքերը մտան այդտեղից: Իրեն էր վստահված դիրքը, չպահեց, դրա համար էլ Շուշին գրավեցին: Հիմա էլ կանգնել է մեծ-մեծ խոսում է: Նրան պիտի գնդակահարեին, նրան պիտի մեղադրեին, ոչ թե Նիկոլ Փաշինյանին»:

Արգեվազ Էմինյանն էլ դիտարկմանը, որ ողջ ընդդիմադիր դաշտը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, արձագանքեց. «Գլուխները պատով են տալիս, դրանք շակալներ են: Պարնեցի տղա եմ, պարո՛ն Քոչարյան, կարաս գաս ինձ տենաս: Արի, ամբողջ գեղը գլուխդ կրծեն դանակներով: Մենք չենք ուզում, այդ 17 կուսակցությունները սաղ շակալ են, այդտեղ կուսակցություն չկա»:

Մանրամասները՝ տեսանյութում

Իսկ թե ինչպես են Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչները սրբացնում Փաշինյանին ու հիանում նրա քաղաքականությամբ ու կատարած հրաշալի փոփոխություններով՝ կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հայկ says:

    Օխլոս թուրքերեն սովորեք շատ շուտով պետք կգա

  2. Արթուր says:

    Լավ, այս աստիճանի անգրագետ ու անուղե՞ղ։
    Չէ, հայ ժողովուրդ, դու փրկություն չունես …

  3. Gagik says:

    Սրանից հետո որ ասեն, ընդիմության միտինգ անողները, եթե գնաին լավ կլիներ։
    Ասեք բա Ձեր նման նիկոլի ֆանատները որ 100-150հազարով հրապարակ միտինգ էին անում ինչի չեն գնացել։
    Մեկ էլ հարցրեք իսկ իրանք գնացել են։ Բիձեքի դեպքում իսկ առաջին պատերազմի ժամանակ գնացել են՞

    Իրանց կումիռն էլլ, ասումա Գագոյի ջոկատը չգնաց, Վանեցյանը դասալքեց Շուշին տվեցինք։
    Մեկնել չկա ասի բա ՔՊ-ի ջոկատները ուր էին ինչի չէին Շուշին պաշտպանում՞

    Իրար արժեն։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031