Դեկտեմբերի 25-ին ՀԲԸՄ դահլիճում կկայանա «Պարադիգմա» կրթական հիմնադրամի կողմից մշակված «Գիրք պատմության ուսուցման. ինչո՞ւ, ինչպե՞ս» գրքի շնորհանդեսը։ Գիրքը մշակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկության աջակցությամբ։ Գրքի շնորհանդես-վաճառքի հասույթով հիմնադրամը լրացուցիչ օրինակներ կտրամադրի սահմանապահ համայնքների դպրոցներին։ «Ինչո՞ւ, ինչպե՞սը» հայաստանյան կրթական միջավայրին է ներկայացնում ավելի քան չորս տասնամյակ փորձարկված պատմության վերլուծական-մեկնաբանողական ուսուցման տեսություն և դրանից բխող շուրջ 60 ուսումնական ռազմավարություններ։
Գրքի և հետագա ծրագրերի շուրջ Aravot.am-ը զրուցեց գիրքը մշակող թիմի անդամներից Նարեկ Մանուկյանի («Պարադիգմա» կրթական հիմնադրամի համահիմնադիր և գրքի նախաձեռնող) և Զոհրաբ Գևորգյանի (պատմաբան, պատմության ուսուցանող) հետ։
Խոսելով գրքի ստեղծման նպատակի մասին, Նարեկ Մանուկյանը նշեց. «Գրքով նպատակ ունենք խթանել պատմության վերլուծական-մեկնաբանողական ուսուցումը, ինչն իր հերթին թույլ կտա հասնել ավելի խոր ճանաչման, ըմբռնել պատմության գիտելիքի կառուցումը, դասեր քաղել պատմությունից, իսկ ուսումնասիրումը վերածել սովորողների համար ոգևորիչ, մտածողական գործընթացի»։
Գրքում ներառված ռազմավարություններն ընդգրկում են օրինակներ հայոց պատմության գրեթե ողջ ժամանակագրությունից։ Դրանք սովորողներին կծանոթացնեն պատմական գիտելիքի կառուցման սկզբունքներին, կզարգացնեն պատճառահետևանքային կապեր, փոփոխություն և շարունակականություն դուրս բերելու, պատմությունը էթիկական հարթության մեջ դիտարկելու, պատմական հեռանկար ձևավորելու և պատմական աղբյուրների հետ աշխատելու հմտություններ։
Կարդացեք նաև
«Գիրքը սովորողներին հմտություններ կտա՝ ժամանակն ուսումնասիրելու, քանի որ պատմությունը հենց ժամանակն ուսումնասիրող գիտաճյուղ է։ Սա թույլ կտա պատմությունից դասեր քաղելու գործընթացը աբստրակտ ընկալումից բերել կիրառական դաշտ»,-նշում է Զոհրաբ Գևորգյանը։
Ստեղծողները նշում են, որ գիրքը ներառում է միայն 90-ից ավել վիզուալ պատմական աղբյուր, զգալի ծավալով արվեստի նմուշներ, որոնք թույլ կտան սովորողին զարգացնել նաև պատմությունը մշակութային համատեքստում դիտարկելու կարողություններ։
Նշենք, որ գրքի շնորհանդես-վաճառքը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին, 10:30-15:00-ին ՀԲԸՄ դահլիճում, իսկ վաճառքից գոյացած հասույթով նոր գրքեր կնվիրաբերվեն սահմանապահ համայնքների դպրոցներին։
Անահիտ ՍԱՐԳՍՅԱՆ