«Հարգելի սյունեցիներ, բանակաշինության փոխարեն, հավաքվել ենք արդարադատություն մարմինների շենքերի մոտ պաշտպանելու մեր քաղաքապետ–հրամանատարներին»,–Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակում ասաց սյունեցի Դավիթ Համբարձումյանը։
Ըստ քննչական կոմիտեի, ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Քաջարան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:
«Ազատություն, ազատություն մեր քաղաքապետերին»,–աղաղակում են Սյունիքից Երեւան եկած սյունեցիները։ Նրանք համոզված են, որ դատավորը խոհեմ կգտնվի եւ առ ոչինչ կհամարի քննչական կոմիտեի որոշումը։
Կարդացեք նաև
«Այդ դեպքում դատավորը կդառնա սյունեցի, մենք նրան կհամարենք սյունեցու նման ուժեղ եւ հպարտ է»,–ասաց Դավիթ Համբարձումյանը։ Վերջինիս խոսքով՝ այս պահին խրամատում գտնվող քաջարանցի կամավորները ցանկություն են հայտնել մասնակցելու բողոքի ակցիային, սակայն Մանվել Փարամազյանը որպես հրամանատար արգելել է։
«Աղոթենք մեր զոհերի հիշատակի համար եւ սպասենք դատարանի արդարացի որոշմանը»,–ասաց Դավիթ Համբարձումյանը։ Բողոքի ակցիայում հայտարարվեց, որ շուտով կհրապարակվի Սյունիքի սահմանները պաշտպանող կամավորների հայտարարությունը։
Ըստ Դավիթ Համբարձումյանի, Աստված մի արասցե, եթե սպասելիքները չիրականան։ «Եվ Սյունիքը կասի իր խոսքը։ Այդ մեկ սյունեցին կլինես դու, մեկ սյունեցին կլինես դու»,–ասաց նա։
Դատարանը Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի կալանավորման հարցը կքննի վաղը՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 16.00–ին։
Իսկ Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանի կալանավորման հարցը այս պահին դեռ քննվում է։ Պաշտպանական կողմը դատարանից ընդմիջում էր խնդրել մեղադրական եզրակացության ծանոթանալու համար, որը 300 էջ է։ Նիստը կշարունակվի ժամը 22.30-ին։ Ըստ քննչական կոմիտեի՝ Առուշան Առուշանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 38-291-րդ հոդվածի 2-րդ մասի, 34-322-րդ հոդվածի 2-րդ մասի, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերի եւ 34-2251-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ