Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչեւին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչեւին:
Վարչապետը բարձր է գնահատել ՌԴ ԱԻ նախարարության գործունեությունը՝ Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքի վերականգնման, քաղաքացիներին ցուցաբերվող հումանիտար օժանդակության գործում եւ շնորհակալություն հայտնել հայկական կողմի հետ արդյունավետ համագործակցության համար:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարեւորում է Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով ՌԴ առանցքային դերը տարածաշրջանում խաղաղության եւ կայանության ամրապնդման գործում: «Մենք շահագրգռված ենք ՌԴ-ի հետ համագործակցության հետագա զարգացմամբ բոլոր, այդ թվում՝ անվտանգության, տնտեսության եւ հումանիտար ոլորտներում»,- ասել է վարչապետը՝ անհրաժեշտ համարելով տարբեր բնագավառներում համատեղ նոր ծրագրերի մշակումն ու իրականացումը:
Կարդացեք նաև
Եվգենի Զինիչեւը մանրամասներ է ներկայացրել ՌԴ ԱԻՆ-ի կողմից Արցախում իրականացվող հումանիտար գործունեության վերաբերյալ եւ նշել, որ հումանիտար բեռների տեղափոխման ու մնացած աշխատանքներն իրականացվում են առանց խնդիրների, հայ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ:
Զրուցակիցները քննարկել են Հայ-ռուսական հումանիտար կենտրոնի ներուժի լիարժեք իրացմանը, արտակարգ իրավիճակների եւ արագ արձագանքման ոլորտում հետագա գործակցությանը վերաբերող հարցեր:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ