ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության հայտարարության վերաբերյալ հարցին
Հարց: Դեկտեմբերի 21-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը հրապարակային հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելության ուղարկելու հարցում մնացել է միայն Ադրբեջանի պատասխանը՝ փաստացի մատնանշելով վերջինիս ապակառուցողական մոտեցումը: Դրանից հետո Ադրբեջանի ԱԳՆ հանդես եկավ հայտարարությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին մեղադրելով կողմնակալության մեջ՝ չմոռանալով նաև Հայաստանին: Ինչպիսի՞ն կլինեն ձեր մեկնաբանությունները:
Պատասախան: Չէի ցանկանա մեկնաբանել Ադրբեջանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև հարաբերությունները, սակայն հարցի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության բովանդակությունը, որը ոչ այլ ինչ է, քան «մեղադրանքը շուռ տալու» քարոզչական փորձ, որոշ մտահոգության տեղիք է տալիս՝ առաջ բերելով խնդրի նախապատմությանն անդրադառնալու և ճշմարտությունը վերահաստատելու անհրաժեշտություն: Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում մշակութային ժառանգության խնդիրների վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավման բոլոր նախկին փորձերը խաթարվել են հենց Ադրբեջանի կողմից: Հիշենք, որ Հին Ջուղայի խաչքարերի բարբարոսական ոչնչացման խնդրի հետ կապված, հայկական կողմի պահանջով, ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստակամություն էր հայտնել այցելել տարածաշրջան, ինչը մերժվել էր Ադրբեջանի կողմից:
Հայաստանը և Արցախը մշտապես կարևորել են մշակութային ժառանգության պահպանումը և հարգանքով ու հոգածությամբ են մոտեցել այլ ժողովուրդների ու կրոնների մշակութային արժեքներին: Վերջին օրինակներից կարող ենք առանձնացնել 2019թ. Արցախի Շուշի քաղաքում Գոհար Տիկնոջ Վերին Մզկիթի վերականգնումը: Ցավոք, նման փոխադարձություն նկատելի չէ Ադրբեջանի կողմից, որը տասնամյակներ շարունակ պայքարել է Արցախում և նաև Ադրբեջանում հայկական մշակութային ներկայության դեմ՝ այդ թվում հուշարձանների զանգվածային ոչնչացման միջոցով:
Մշակութային ժառանգության պահպանման խնդիրը ղարաբաղյան հակամարտության ներկա համատեքստում ձեռք է բերել կարևորագույն դերակատարում, և այս հանգամանքն իր արտացոլումն է գտել ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, այնպես էլ համանախագահ երկրների և ընդհանրապես, միջազգային հանրության վերջին շրջանի հայտարարություններում: Հայաստանը ողջունել է և պատրաստակամ է սատարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության հնարավորինս արագ իրականացումն Արցախ և հարակից շրջաններ, ինչը կնպաստի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ջանքերին և հնարավոր բացասական զարգացումների կանխմանը:
ՀՀ ԱԳՆ