«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Գեղամ Նազարյանն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքին ամոթանք տվեց Փաշինյանին ու նրան անվանեց տեսակով վախկոտ. «Դու 2,5 տարում ավերեցիր մեր արածը: Դու լավ տատ ունեիր: Մի անգամ քո տանը նստած էինք, ասաց՝ Գեղամ ջան, մարդու գործն է միշտ մնում, ապրեք այնպես, որ մի օր գնալու եք, ձեր արած գործն է մնալու: Նիկո՛լ, դու խի՞ չլսեցիր քո տատուն, դու լավ տատ ունեիր: Քո հայրը ասում էր՝ վարչապետ չդառնաս…այդ ի՞նչ ուժեր ստիպեցին գաս ու քանդես այս երկիրը: Դու ի՞նչ իրավունք ունես խոսես ապագայից, երբ որ Ավետարանոց ես տվել, Շուշի, Հադրութ ես տվել»:
Հետո նա դիմեց Աննա Հակոբյանին. «Հանգիստ թող Նիկոլին, թող այդ տղան հրաժարական տա, թող գա նստի ոչ թե ժողովրդի դատի առաջ, այլ՝ դատարանի առաջ: Դուք զզվացրիք ժողովուրդ, ժողովուրդ ասելով, ի՞նչ ժողովուրդ, ժողովուրդը անհատներն են: Ժողովուրդն այն տղերքն էին, որոնք հավատացին, որ գնալու եք Գետաշեն ու Շահումյան ազատագրեք, այնինչ այդ տղերքին տարաք թատերական ներկայացման: Այսօր ես իմ վիշտը թողած՝ եկել կանգնել եմ այստեղ, որ մի անգամ էլ կոչ անեմ՝ մարդավարի հեռացի՛ր, հերի՛ք է պղծես Եռաբլուրը, Շուշին, հերի՛ք է արդեն: Հեռացիր, դու հարամ անելու տաղանդ ունես չգիտեմ, դա քո տաղանդն է, թե քո տերերի: Դու հարամեցիր Նոր տարվա տոնը, հարամեցիր Շարլ Ազնավուրի հուղարկավորությունը: Ես քեզ լավ եմ ճանաչում»:
Գեղամ Նազարյանը վստահեցրեց, որ Փաշինյանը չունի սրբություն, անգամ դժգոհում էր իր հորից, որ իրեն վատ է պահել, մինչդեռ 90-ականներին բոլորն են վատ ապրել. «Ինքը ատում էր իր հորը, ընդհանրապես ատեց ամբողջ ազգին եւ վրեժխնդիր եղավ: Մենք այնքան միամիտ էինք»:
Գեղամ Նազարյանը ելույթ էր ունենում հուզված՝ լացը կոկորդում խեղդելով. «Ես չգիտեմ հիմա իմ տղան որտեղ է, ես գիշերները չեմ քնում, Նիկոլ, դու ավերեցիր ընտանիքներ, ո՞նց ես խոսում այսօր»:
Կարդացեք նաև
Դիմելով մեծամասնական պատգամավորներին՝ նա ասաց. «Ա՛յ իմքայլական աննամուսներ, ի՞նչ դիվանագիտական հարաբերություններ Ադրբեջանի հետ երբ որ մեր տղերքի մարմինները դեռ չեն գտել, հողին չեն հանձնել: Հեռացե՛ք…Նիկո՛լ, դու Մարիամիկին էլ չես սիրում, Աշոտիկին էլ չես սիրում: Դու տնից դուրս չես կարողանում գալ, նորմալ քայլել, ո՞նց ես երկիր ղեկավարելու: Երեք նախագահ ենք ունեցել, երեքն էլ կարող են ման գալ, քայլել Երեւանով, կմոտենանք, մի հարց կտանք: Բայց դու չես կարող»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ