Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ ընդդիմությունը մինչև 18․00-ն ժամանակ էր տվել «Իմ քայլը» խմբակցությանը, որ գան ու Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հետ քննարկեն երկրում ստեղծված իրավիճակը։
Ընդդիմադիրները միաժամանակ հիշեցրել էին, որ Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական երկիր է և խնդիրը լուծվելու է խորհրդարանում։
Ընդդիմության այս կոչին անմիջապես հաջորդեց Շիրակի մարզից ընտրված «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի բավական կոշտ արձագանքը։ Նա ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ նշելով․ «Ես` Կարեն Սարուխանյանս, որպես Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, չեմ պատրաստվում որևէ ֆորմատով, որևէ քննարկման մասնակցել իմ երկիրը տարիներով քանդած, նախկին կոռումպացված և ազգադավ իշխանությունների և նրանց մնացորդների հետ։
Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինձ, իմ քաղաքական թիմին տվել է վստահության քվե ոչ թե նախկինների հետ հանդիպման և որևէ հարցի քննարկման համար, այլ այն պայմանով, որ երբևէ թույլ չենք տալու նախկինների վերադարձը։
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինձ այսօր էլ խնդրում է, որ միջոցներ ձեռնարկենք պատժելու համար այն քաղաքական գործիչներին և գործիքներին, ովքեր այսօր բեմահարթակում բռնության կոչեր են հնչեցնում իրենց կողմից ընտրած իշխանության և քաղաքական ուժի հասցեին։
Հետևաբար՝ ես, որպես հանրության կողմից գործուղված անհատ, պարտավոր եմ ի կատար ածել նրանց ցանկությունն ու պատգամը։
Թավի ՞շ…
ՉԻ ՜ լինելու»։
Aravot.am-ը պատգամավորից հետաքրքրվեց՝ մի՞թե իր ընտրողներն են արգելում քննարկման մասնակցելու, այս թեմայի շուրջ զրուցե՞լ է իր ընտրազանգվածի հետ։
«Միանշանակ, ես անընդհատ կապի մեջ եմ ընտրողներիս հետ։ Նրանք ամենօրյա ռեժիմով ինձ գրում են, զանգում եմ, տեսակցում են և խնդրում են ոչ թե քննարկման մասնակցել այդ կոռումպացված նախկին իշխանության, նրանց դրածոների հետ, այլ օր առաջ պատժել նրանց՝ այս երկիրը վերջին 20-25 տարում այս իրավիճակին հասցնելու համար»,-ասաց պատգամավորը։
Մեր հարցին՝ դուք այն կարծիքին եք, որ այս պատերազմում մեր երկրի պարտությունը նախորդների մեղքո՞վ է, պատգամավորը պատասխանեց․
«Միանշանակ նախորդների մեղքով է, ընդդիմության այդ կոչից հետո, թեև չգիտեմ էլ ընդդիմություն կարելի է անվանել նրանց, թե՝ ոչ, որևէ մեկը իմ ընտրողներից կոչ չի արել կամ չի խնդրել, որ գնանք ու քննարկման մասնակցենք նրանց հետ, այլ հակառակը․․․ Հետևաբար և ես պարտավոր եմ կատարել իմ ընտրողների խնդրանքը և կոչը»։
Մենք պատգամավորին հարցրեցինք, իսկ ընտրողները իրեն լիազորե՞լ էին, որ իր քաղաքական ուժի իշխանության օրոք հանձնվի Արցախի Հանրապետության 70 տոկոսը եւ անմիջական վտանգ ստեղծվի Հայաստանի Հանրապետության սահմանների համար:
«Տեսեք, մեր իշխանության օրոք պատերազմ է եղել և կապ չունի՝ որ իշխանությունն է երկրում։ Եթե մեր իշխանությունը իր գործառույթներում թերացել է, կարող է ստեղծվել հանձնաժողով, ուսումնասիրություններ կատարվեն, կարող են դիմել դատախազություն, ուսումնասիրեն ու տեսնեն՝ ովքե՞ր են թերացել իրենց աշխատանքում և ի՞նչ գործառույթ են իրականացրել, որի հետևանքով է պարտությունը եղել։ Այսինքն՝ թող համապատասխան պատժամիջոցների ենթարկվեն, թող պատասխան տան օրենքի առաջ, բայց տվյալ դեպքում ընդդիմությունը ոչ թե դա է ասում, այլ ռեալ ցանկանում է գալ իշխանության։ Այս մարդիկ ցանկանում են գալ իշխանության՝ ստեղծված իրավիճակը, էմոցիոնալ ֆոնը հաշվի առնելով։
Նրանք ուզում են օգտագործել այդ ֆոնը ու ամեն գնով գալ իշխանության։ Նրանք այն մարդիկ են, որոնք մտան Ազգային Ժողով, մտան կառավարության շենք, վարչապետի նստավայր։ Նրանց արարքներից կարելի է տեսնել, որ ամեն գնով պատրաստ են գալ իշխանության և որևէ մեսիջ չունեն․ ոչ արձանագրում են, թե օրինակ՝ եթե գան իշխանության այդ համաձայնագիրը կամ հայտարարությունը չեղյալ են համարելու կամ մեկ այլ գործառույթ են իրականացնելու։ Նրանք զուտ ասում են՝ չէ, մենք գանք իշխանության և վերջ։ Նոր բանակցող․․․ Եվ ի՞նչ բանակցության մասին է խոսքը, ինչի՞ շուրջ են բանակցելու, այդ համաձայնագրում կետերը հստակ նշված են, ի՞նչ են նրանք բանակցելու, որը գործող իշխանությունը չի բանակցում կամ չի կարողանում բանակցել»։
Մենք պատգամավորին հարցրեցինք, իսկ լարված իրավիճակից դուրս գալու ելք տեսնո՞ւմ է։
«Այո, տեսնում եմ, մենք արդեն վեցամսյա ճանապարհային քարտեզ ենք ներկայացրել։ Այնտեղ կետերով նշված է, ցանկացած կետ պետք է լինի այն դեպքում, երբ երկրում որոշակի կայունություն լինի։ Եվ բնական է՝ իր խոսքը պիտի ասի հանրապետության քաղաքացին, բայց քանի այս էմոցիոնալ ֆոնը կա, քանի այս ընդդիմություն կոչվածները փողոց են փակում, չգիտեմ ինչ են անում, ստեղծում են այս ֆոնը, արհեստական միջոցներ են ձեռնարկում, իմ կարծիքով որևէ բան չի լինի՝ չնայած իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի իրադրությունը կայունանա»,-ասաց պատգամավորը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ