Արցախի հերոս, գեներալ-գնդապետ, ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքին:
Նա իր ելույթում խոսեց կառավարության ձախողումներից. «Պատերազմի ելքը, ձախողումները ակնհայտ են: Ակնհայտ են այն փաստաթղթով, որը շատ վատ է մեզ համար: Մենք մեծ ջանքեր պետք է ներդնենք, որ կարողանանք մեր հետագա զարգացումն ապահովենք; Բայց այս պատերազմում հայկական բանակը, արժանի հայոց հրամանատարները, արժանի հայոց գեներալներն ու զինվորները չեն պարտվել: Պարտվել է իշխանությունը՝ իր անգրագետ կազմակերպված գործողություններով: Պարտվել է իշխանությունը՝ իր կողմից ճիշտ չգնահատված ռազմաքաղաքական իրադրությունը եւ ուժերը, միջոցները ճիշտ չդասավորելով: Մենք առաջին գծում ունեցել ենք 283 կմ կարգավորված ինժեներական սարքավորումներ ու միայն երկու վայրում՝ մոտավորապես 20 կմ-ում է եղել ճեղքվածք, մխրճում՝ հակառակորդի կողմից: Համոզված եմ, մենք կարող էինք այնպես անել, որ այդ հատվածում հակառակորդը չկարողանար խորանալ, հատկապես՝ լեռնաանտառային պայմաններում: Եվ այդ պահին ուզում եմ իմ եւ ձեր խոնարհումը արտահայտել արժանի հրամանատարների ու զինվորների հերոսությունների առջեւ, իրենց քաջագործություններով պաշտպանել են մեր ժողովրդի արժանապատվությունը»:
Սեյրան Օհանյանն ասաց, որ ինքը հրապարակում է՝ փոփոխությունների համար, որեւէ կուսակցության անդամ չէ. «2018-ին, երբ տեղի ունեցավ այս իշխանափոխությունը, մենք բոլորս այլ նպատակ ունեինք, աջակցում էինք նրա համար, որ զարգացման հիմքը փոփոխություններն են: Մենք ակնկալում էինք գաղափարական աշխատանք: Այսօրվա իշխանությունները այս 30 տարվա փորձից ելնելով՝ կարող էին տեսնել այն դրականը, որ եղել է ՀՀ-ում: Մենք ունեցել ենք արցախյան ազատամարտ, հաղթանակ, համակարգային գործունեություն: Մենք ուրախացել ենք հաջողություններից մեր գյուղատնտեսության ոլորտում, արդյունաբերության մեջ: 2,5 տարվա մե՞ջ այդ բանակը կառուցվեց: Մեր բանակի կառուցման ակունքներում մեր բազմադարյա պատմությունն է, մեր զորավարների տաղանդն է, երկրապահների, ազատամարտիկների, այսօրվա բանակի հրամանատարների ու զինվորների գործունեությունն է: Եթե մենք ուզում ենք տեսնել հաջողություն, կարող ենք տեսնել, բայց երբ ուզում ենք տեսնել միայն բացասականը, փորձում ենք ոչնչացնել այն ամենը, ինչ 30 տարում եղել է: Ի՞նչ մենք տեսանք՝ քաղաքական շանտաժներ: Այս ժամանակահատվածում այսօրվա իշխանությունները ունեին իրենց անցած ճանապարհին 3 նախագահների գործունեությունը, կարող էին տեսնել դրականն ու բացասականը եւ հետեւություններ անել: Մենք ձախողեցինք նաեւ արտաքին քաղաքականությունը: Խնամի-ծանոթ-բարեկամ գաղափարով նշանակումները այս ժամանակահատվածում ավելացել են: Աննպատակ, անփորձ մարդկանց նշանակումները ավելացել են այս 2,5 տարվա ընթացքում: Մարդկային ռեսուրսների կառավարման մեջ չեն կարող մանրախնդիր մարդիկ լինեն պետության ղեկավարներ: Իսկ մանրախնդիր են միայն անփորձները Փորձառու մարդիկ են միայն լինում մեծահոգի, որոնք շանս են տալիս բոլորին զարգանալու: Տեսեք ինչ է կատարվում: Ազատ խոսքի իրավունք ունի յուրաքանչյուրը, բայց հենց մեկը ազատ խոսք ասեց, իրավապահները տանում են»:
Սեյրան Օհանյանն ասաց, որ մեզ պետք են փորձառու մարդիկ, իսկ 2,5 տարվա ընթացքում փորձ չեն ձեռք բերում. «2,5 տարվա ընթացքում միայն կարելի է փոխադրվել բուհի 3-րդ կուրս: Մենք գործ ունենք շատ դեպքերում 3-րդ կուրսի ուսանողների հետ»:
Կարդացեք նաև
Նա վստահեցրեց, որ իրենք իշխանության չեն ձգտում. «Ես ինչո՞ւ պետք է լռեմ, երբ որ իմ մարտական ընկերների կատարած աշխատանքը, նույնիսկ եթե թերություններ ունեցել ենք, պետք է կատարած աշխատանքը զրոյացրել են: Ինչո՞ւ պետք է լռենք: Այդ ապիկար, անտաղանդ աշխատանքի արդյունքում է, որ նույնիսկ այս 2,5 տարի աշխատանքի մեջ ունենալով նաեւ որոշակի դրական բաներ՝ չեն կարողանում այդ դրականը գեներացնել մեր ժողովրդի մեջ»:
Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ պաշտպանում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը. «Ում ինչի հետ ենք համեմատում, նա չի՞ կարողանա այս անփորձների նման կամ ավելի լավ ղեկավարել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ