Լրահոս
Օրվա լրահոսը

«Կապան գնալուց կհանդիպեք թուրքերի մեքենաներ, նրանք այնքան լիազորություն ունեն, ինչքան մենք. ու հարց է՝ Կապան կհասնե՞ք, թե՞ ոչ». Առուշ Առուշանյան

Դեկտեմբեր 23,2020 18:15

Մանվել Փարամազյանն այսօր հրավիրվել էր ՀՀ քննչական կոմիտե`հարցաքննության, նրան մեղադրանք է առաջադրվել: Առուշ Առուշանյանն էլ երեկ էր հարցաքննվում, նրան իբրեւ մեղադրյալ են ներգրավել:

«Բնականաբար, սա քաղաքական հետապնդում է: Այստեղ երկրորդ կարծիք չկա»,- լրագրողների հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանը` հավելելով. «Պատերազմի ընթացքում ես էլ, պարոն Փարամազյանն էլ նույն օրն ենք մեկնել Ջաբրայիլ՝ հոկտեմբերի մեկին՝ ամբողջ կազմով պատրաստ: Ամսի 27-ից մենք տեղեկացնում էինք, որ պատրաստ ենք, կարող ենք մեկնել: Ինչեւէ, այնպես ստացվեց, որ ամսի մեկին մենք ինքնակամ մեկնեցինք առաջնագիծ` մոտ 250 հոգով, հետո ավելացան: Թող բոլորն իմանան, որ որոշ կայքեր այս օրերին բանսարկություններով են զբաղված, բայց դուք կարող եք հարցում ուղարկել. եւ առաջին բանակային կորպուսից, եւ ՊՆ-ից կարող եք տեղեկանալ, որ մենք մինչեւ վերջին վայրկյանը կռվել ենք Ջաբրայիլում: Մենք հետ ենք եկել ու մարտերը շարունակել ենք նոր դիրքերում: Մեր ժողովուրդը թասիբով կանգնել եւ կռվել է: Մեր պատմական մի շարք տարածքներ մեր ձեռքում են եղել եւ մենք՝ սյունեցիներս, կարողացել ենք պահել: Իսկ վարչապետի աթոռը ստանձնած անձն ու պաշտպանության նախարարը մինչ օրս չեն կարողանում մեզ պատասխանել, թե ինչպե՞ս հողերը տվեցին, երբ դրանց մասին ոչինչ չկար ստորագրված հայտարարության մեջ: Մենք չգիտենք՝ բանավո՞ր են տվել, գրավո՞ր են տվել: Մեր խնդիրը մեր ազգային անվտանգությունն է: Ինչպե՞ս եք պատկերացնում, մի մետր քայլեք եւ հանդիպեք թուրքին: Ինչպե՞ս երեխաներին թույլ չտալ տնից դուրս գալ կամ ինչպե՞ս դպրոց ուղարկել, երբ մեկ քայլ այն կողմ թուրքն է: Երեւանում իրավիճակն այլ է, եկեք ու տեսեք, թե մեզ մոտ ի՞նչ է կատարվում: Իսկ ովքեր հողերը տվեցին, տպավորություն է, որ նրանց համար մեկ է այդ հողերը կա՞յին թե՞ չէ, կլինե՞ն, թե՞ չէ: Գուցե արթնանանք տեսնենք բանավոր խոսքով մի գյուղ էլ է տվել, կամ երեկոյան բարձր տրամադրություն ունենա ուրիշ նվեր տա: Սա է իրականությունը»:

Առուշ Առուշանյանն ասում է, որ Կապան գնալուց «դուք կհանդիպեք թուրքերի մեքենաներ, նրանք այնքան լիազորություն ունեն, ինչքան մենք. ու հարց է՝ Կապան կհասնե՞ք, թե՞ ոչ»:

Նրա գնահատմամբ, գործող իշխանությունում ոչ միայն քարտեզ չգիտեն, այլեւ «հայրենասիրության կաթիլ չունեն». «Լավ, մարդիկ 26 կմ տարածք պահել են, չէի՞ք կարողանում բանակցություններով գոնե 1-2 կմ անվտանգության հատված պահել»: Նա վստահեցնում է, որ այս ընթացքում պետական որեւէ այր, որեւէ գործառույթ չի իրականացրել Սյունիքում:

Առուշ Առուշանյանը նաեւ հերքեց տեղեկությունները, թե բիզնեսներ ունի, որոնք չարաշահումներով են աշխատել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031