«Տեւական ժամանակ է, հանրային լայնածավալ պահանջի պարագայում անգամ որոշակի մեթոդներով իշխող ուժին՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հեռացնելու պայքար է գնում: Համաշխարհային պատմության մեջ նախադեպային պրակտիկա է ձեւավորվում, որ կապիտուլյացիոն ակտ ստորագրած ղեկավարը այսչափ ու այսքան երկար կառչած է մնում իր աթոռից»,- «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում նշեց սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը՝ նշելով մեկ տասնյակի չափ կետեր, ըստ որոնց պետք է հեռացնել Նիկոլ Փաշինյանին:
Նրա խոսքով, խորհրդարանական կառավարման ձեւ ունեցող պետություններում, ինչպիսին Հայաստանն է, այնքան էլ շատ չեն սահմանադրաիրավական ճանապարհով իշխող ուժին հեռացնելու եւ վարչապետի լիազորությունները դադարեցնելու ընթացակարգերը. «Այս դեպքում երկու ճանապարհները իրավական են, դա հրաժարականն է վարչապետի, ինչը իր կամարտահայտությամբ պետք է տեղի ունենա, սակայն տեղի չի ունենում, եւ երկրորդը՝ ԱԺ-ի կողմից նրան անվստահություն հայտնելու գործընթացն է:
Վերջինս հետեւյալ կերպ է տեղի ունենում՝ պատգամավորների 1/3-ը նախաձեռնում է գործընթացը՝ ներկայացնելով համապատասխան ԱԺ նախագիծ, համաձայն որի պետք է դադարեցվեն վարչապետի լիազորությունները, բայց անպայման պետք է այդ նախագծում նշվի նոր վարչապետի անունը, այսինքն` դա միաժամանակ է տեղի ունենում: Ապա այդ նախագծին պետք է կողմ քվեարկի մեծամասնությունը՝ առնվազն 67 պատգամավոր»:
Գոհար Մելոյանը հավելում է. «Պետք է լիահույս լինենք, որ այս պատգամավորների մի մասը գոնե խոհեմություն կցուցաբերի այս իրավիճակում, երբ բոլորս՝ անկախ քաղաքական հայացքներից, գտնվում ենք մեկ խորտակվող նավի մեջ, եւ պետք է օր առաջ իրավիճակը փրկել, քանի որ այդ ուժը մեր պետությունը բոլոր բնագավառներում կոլապսային իրավիճակի է հասցրել: Բացի այդ, մենք փորձառու մարդկանց կարիք ունենք, որպեսզի բանակցային գործընթացը գոնե ի մի բերվի եւ փորձ անենք մի փոքր հայանպաստ փոփոխություններ իրականացնել, կամ գոնե իրավիճակային լուծումներ տալ, որովհետեւ հայկական կողմից առնվազն տեսնում ենք ինքնահոսի թողնված իրավիճակ»:
Կարդացեք նաև
Գոհար Մելոյանը իբրեւ օրինակ բերեց քարտեզագրման, սահմանազատման, հողերի հանձնման գործընթացը. «Դա իրականացվում է սիրողական մակարդակով՝ ադրբեջանական կողմի եւ ռուս խաղաղապահների մասնակցությամբ, GPS ոչ մասնագիտական համակարգով, դեմիլիտացիա եւ դեմարկացիա չի իրականացում»:
Նրա խոսքով, համաշխարհային պրակտիկայում, եթե անգամ մի քանի մետր տարածք է զիջվում, մասնագիտացված հատուկ հանձնաժողովներ են ձեւավորվում, սահմանագծման աշխատանքներում էլ ներգրավում են նեղ մասնագետներ եւ տեւական բանակցություններ են լինում եւ տարիների ընթացքում է որոշում կայացվում, մինչդեռ այժմ հայկական կողմը որեւէ կերպ չի փորձում իր տարածքների տիրոջ իրավունքից հանդես գալ:
Այնքան ծայրաստիճան խայտառակ է իրավիճակը, որ չունենք նշանակված պատասխանատու անձ, որը կվերահսկեր այս գործընթացն ու պատասխանատվություն կկրեր, ինչն աբսուրդային իրավիճակ է, հերթական անգամ վկայում է, ինչպես անտերության մատված բոլոր բնագավառների դեպքում է, որ իշխող ուժը, որը շարունակում է օրեցօր մնալ իշխանության, միայն աթոռը պահպանելուն են ուղղված իր գործառույթները»:
Գոհար Մելոյանի խոսքով. «Նիկոլ Փաշինյանին սատարելը քաղաքական կողմնորոշման խնդիր չէ, դա հայրենիքի եւ պետականության փրկության հարց է…Ես որպես նեղ մասնագետ կասեմ, որ նրան հեռացնելը ցանկացած գիտակից մարդու պահանջն է,եւ այլեւս սահման չկա հանդուրժողականություն ցուցաբերելու»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ