«Այսօր մենք ոչ թե քաղաքական պայքար ենք տանում, հայ կին, հայ ընտանիք, մենք արժանապատվության եւ ապագայի պայքար ենք տանում: Հասկանալ է պետք բոլորին, որ այսօր այս հրապարակը պետք է լցվի մեր հարազատներով, մեր ընկերներով, որովհետեւ վարչապետի աթոռը զբաղեցնող դավաճանը ոչ միայն դավաճանել է բանակին թիկունքից, այլ վաճառել է 5000-ից ավելի զոհված մեր ընկերների արյունը, մեր հողերը, մեր ազատագրած տարածքներն ու մեր արժանապատվությունը ու շարունակում է վաճառել»,- այսօր Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց ազատամարտիկ Գեւորգ Գեւորգյանը:
Նա կոչ արեց դուրս գալ պայքարի, եթե նույնիսկ ժամանակին հավատացել են Փաշինյանին ու խաբվել. «Մենք ժամանակ չունենք, մեր ամեն օրը, վայրկյանը կախված է մեր միասնականությունից: Մենք պետք է բռունցք լինելով՝ դուրս վռնդենք այս ապազգային իշխանությանը եւ պատասխանատվության ենթարկենք բոլոր նրանց, ովքեր վաճառել են մեր արժանապատվությունը, մեր անվտանգությունը եւ մեր ապագան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ