Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն իր մտերիմների ֆիզիկական անվտանգության եւ թիմի` քաղաքական անվտանգության ապահովման հարցերն է լուծում. Վիգեն Հակոբյան

Դեկտեմբեր 23,2020 17:25

«Կարծում եմ, ժամանակն է վերանայել կոմպլեմենտար քաղաքականությունը, մեր մոտեցումը այդ քաղաքականության հետ կապված: Պատերազմը ցույց տվեց, որ երկու լարի վրա խաղացող քաղաքականությունն իրեն չարդարացրեց: Ավելին, խնդիրներ ստեղծեց մեր պոտենցիալ դաշնակիցների եւ պոտենցիալ գործընկերների հետ հարաբերություններում»,- այս կարծիքին է քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը:

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության կազմակերպած`«Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը. առանձնահատկությունը եւ հնարավոր ելքերը» թեմայով քննարկման ժամանակ քաղաքագետն ասաց, որ ներկայիս իշխող կուսակցությունն այլեւս չունի այն հսկայական աջակցությունը, որն ուներ 2,5 տարի առաջ եւ, որ իշխող ուժի վարած քաղաքականությունը հանգեցրեց նոյեմբերի 9-ի հայտարարությանը, որի արդյունքում տարածքներ են հանձնվում: Այս պայմաններում ակնկալել ներքաղաքական կայունություն նա անիմաստ է համարում: Վերաիմաստավորելով ՀՀ արտաքին քաղաքական մոտեցումները, եւ արտաքին քաղաքականության հայեցակարգ ընդունելով, քաղաքագետի կարծիքով, մեր դաշնակիցների համար առավել հասկանալի եւ վստահելի կլինենք:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի գնահատմամբ էլ, մենք գործ ունենք ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական, անվտանգության համակարգերի ճգնաժամի հետ. «Այսինքն`համակարգային ճգնաժամ է, երբ որեւէ համակարգ մեր երկրում չի աշխատում, բացի ՄԻՊ-ից եւ ոստիկանության մի հատվածից, որը իրավիճակի ներքո թուլանում է»: Բանախոսը հիշեցնում է, որ երեկ ոստիկանության մի քանի առանցքային պաշտոնյաներ հայտարարեցին համակարգից հեռանալու մասին. «Որքան հասկանում եմ, հարթակը չռադիկալացնելով եւ պայքարը սահմանադրական ճանապարհով տանելով`փորձում է ցույց տալ, որ իշխանությունն աստիճանաբար անցնում է փողոցին: Այս վիճակը կարող ենք անիշխանություն անվանել: Իշխանություն չունի փաստացի իշխանությունը, բայց իշխանություն չունի նաեւ ընդդիմությունը. դա ցույց տվեց նաեւ երեկվա ցույցը»: Քաղտեխնոլոգի գնահատմամբ, սակայն, փողոցը կամ ընդդիմությունն ունի հնարավորություն իշխանություն ունենալու, մինչդեռ իշխանություն այլեւս չունի այդ հնարավորությունը: Եվ եթե անգամ ընդդիմությունը թույլ է, դա դեռ չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյան ուժեղ է եւ կարող է հաղթել:

«Այս անգամ մենք բավական հետաքրքիր իրավիճակի հետ գործ ունեք, որը Նիկոլ Փաշինյանն «էլիտար բունտ» է անվանում: Իսկապես կա էլիտաների ապստամբություն. համահայկական, համազգային համակարգերը, այդ թվում նաեւ եկեղեցին`երկու թեւերով, երկրի նախագահը, ՏԻՄ-երի զգալի մասը, երկրի բոլոր նախկին նախագահները, քաղաքական համակարգը, բացառությամբ մի քանի կուսակցությունների, որոնք Նիկոլ Փաշինյանի հրաժարականի շուրջ հստակ չեն արտահայտվում եւ այլն: Նաեւ Նիկոլ Փաշինյանի թիմն է ընդունում, որ արտահերթ ընտրություններ են պետք. խնդիրն այն է, թե ո՞վ է կազմակերպելու դրանք եւ ի՞նչ ժամկետում»:

Վիգեն Հակոբյանի գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանը ձգում է`երկու խնդիր լուծելու համար. իր մերձավորների ֆիզիկական անվտանգության եւ թիմի քաղաքական հեռանկարի հարցերը. «Էդպես չի, որ ասի`ես գնացի, թիմիս փողոցից հավաքել`բերել եմ, տանում եմ նորից փողո՞ց»: Նրա գնահատմամբ, ընդդիմությունն էլ դեռ հանրության անհրաժեշտ ուղերձները չի հղել, այլապես կրիտիկական մասսան կհավաքվի հրապարակում: Այս անգամ սակայն, Վիգեն Հակոբյանի գնահատմամբ, ամեն ինչ լուծվելու է ոչ միայն փողոցում, այլ նաեւ բանակցությունների միջոցով. սկզբից բանակցելու են էլիտաները եւ նախագահ Արմեն Սարգսյանն արդեն խոսել է բոլոր նախկին նախագահների հետ, «Հայրենիքի փրկության շարժման» միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, Արարատ Միրզոյանի, Նիկոլ Փաշինյանի հետ. «Փողոց ունենք: Էլիտաներն իրար մեջ պայմանավորվել են եւ եկել է ժամանակը, որ ինչ-որ մեկն այդ էլիտաների անունից պայմանավորվի Նիկոլի հետ, որ իշխանությունը փոխանցեն»:

Ներքաղաքական իրադարձություններում, քաղաքագետը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ «բոլորը դարձել են պրոռուսական» եւ այսօր անգամ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց` Սյունիքում ռուսական ռազմաբազա ունենալու անհրաժեշտության մասին:

Արտահերթ ընտրությունների եւ դրանց արդյունքում իր քաղաքական թիմի վերարտադրման խոսակցություններով, ըստ քաղտեխնոլոգի, Նիկոլ Փաշինյանը «բլեֆ» է անում, քանի որ հասկանում է`դա ընդդիմությանը ձեռնտու չէ. «Դա նաեւ ուղերձ է իր թիմին, որ խնդիր կա, թուլություն կա թիմում»: Ինչեւէ, նման սցենարի զարգացման դեպքում, Վիգեն Հակոբյանի գնահատմամբ, «Իմ քայլը» լավագույն դեպքում 20 տոկոս կհավաքի, իսկ խորհրդարանում 6-7 այլ կուսակցություններ էլ կլինեն, որոնք կոալիցիա կարող են ձեւավորել եւ Փաշինյանն իր թիմով ընդդիմություն կդառնա: Բայց այս լարված իրավիճակում արտահերթ ընտրությունների անցկացումը քաղտեխնոլոգը սխալ է համարում:

Գրիգորի Բալասանյանն էլ հավելեց, որ Տավուշի մարզում, օրինակ` Փաշինյանի մտերիմներն են թե մարզպետը, թե Իջեւանի քաղաքապետը, բայց նրանք հանրային հեղինակություն եւ լայն աջակցություն չունեն: Նաեւ իջեւանցիները չեն «մարսում» «փայտի գործը», որ իջեւանյան ծագման մարդը իջեւանցիների դեմ ներքին զորքեր հանեց: Բանախոսները հիշեցնում են, որ Իջեւանի քաղաքապետի ընտրությունները դեռ մեկ տարի առաջ պետք է կայացած լինեին, բայց չեն կայանում, քանի որ վստահ չեն, որ «իրենց մարդուն կանցկացնեն»` անգամ համայնքը խոշորացնելուց հետո:

Ամփոփելով, Վիգեն Հակոբյանը նկատեց, որ այժմ Հայաստանում քաղաքական գործընթաց է գնում, որի արդյունքում համազգային էլիտան փորձում է ՌԴ-ին ցույց տալ, որ կա այլընտրանք, որի հետ կարելի է պայմանավորվել:

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանն էլ այն կարծիքին է, որ ամեն գնով անհրաժեշտ է Հայաստանում կանխել ներքաղաքական իրավիճակի լարումը եւ անկայունացումը, մանավանդ, որ դա ձեռնտու է արտաքին որոշ ուժերի ու մեր թշնամիներին. «Ներքաղաքական այս ճգնաժամի միակ լուծումը սահմանադրական ճանապարհով է. սա պետք է հասկանա թե իշխանությունը, թե ընդդիմությունը»: Նրա կարծիքով, քաղաքական լուրջ փոփոխությունները` տեսանելի հեռանկարում, այլեւս անխուսափելի են եւ դրա միակ ճանապարհը էվոլյուցիոն է. «Հայաստանին այլեւս պետք է չէ փողոցից եկած իշխանություն»: Խոսելով Հայաստանում, հետպատերազմյան շրջանում նկատվող հակառուսական տրամադրությունների մասին էլ, նա նշեց, որ կան հիմնավոր կասկածներ, որ այդ ամենը ուղղորդվում է ներիշխանական «արեւմտյան թեւից» եւ դա պետք է կանխել, քանի որ լուրջ սպառնալիք է. «ՌԴ դերակատարությունը ՀՀ անվտանգության հարցում անվիճելի է: Եվ պաշտոնական Երեւանը անհապաղ պետք է քայլեր ձեռնարկի բոլոր ուղղություններով հայ-ռուսական հարաբերությունների խորացման համար»:

Ինչ վերաբերվում է իշխանության ձեռամբ արտահերթ ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը, լրագրող Հայկ Խալաթյանի գնահատմամբ, էլ դա հենց իշխանության համար լուրջ մարտահրավեր է, քանի որ 1990-ականները չեն եւ Տիգրան Մուկուչյանին դժվար թե հաջողվի «նկարչություն անել», որին մարդիկ կհավատան. «Բոլորի մոտ կան սմարթֆոններ, ընդդիմությունն ունենալու է իր մարդկանց հանձնաժողովներում, իսկ վարչական ռեսուրսը լիովին քեզ չի աջակցում»: Նրա գնահատմամբ, Սյունիքի դեպքերը ցույց տվեցին, որ պետական համակարգը չի ենթարկվում Փաշինյանին, անգամ ոստիկանությունը, երբ ճանապարհը չբացեց. «Փաշինյանը գնալով մնում է ավելի ու ավելի միայնակ»: Քաղաքական ճգնաժամին զուգահեռ, լրագրողը ուշադրություն է հրավիրում նաեւ սոցիալ-տնտեսական անխուսափելի ճգնաժամի վրա, որը հավանական է հանգեցնի սոցիալական բունտի, ինչ էլ պետությունը ուղղակի անդունդ կնետի: Ուստի, ստեղծված իրավիճակում, ըստ նրա, Հայաստանին այլ, առավել հավասարակշիռ կառավարիչ է պետք:

2020 թվականը Հայկ Խալաթյանին հիշեցնում է 1920 թվականի իրադարձությունները, Լենին-Աթաթուրք գործարքը, որն, իր գնահատմամբ, այն ժամանակվա ՀՀ իշխանությունների ոչ ճիշտ աշխարհաքաղաքական ուղղության ընտրության արդյունք էր: Այժմ էլ համաձայն չէ այն տեսակետի հետ, որ Ռուսաստանը գործարքի է գնացել Թուրքիայի հետ. «Շատ շահեկան առաջարկներ ՀՀ իշխանություններին եղել են եւ դա չի հերքել նաեւ Փաշինյանի թիմը: Բայց ի՞նչը եղավ պատճառ, որ Փաշինյանը չընդունեց այդ առաջարկը»: Նիկոլ Փաշինյանի բացատրությունը, որ այդ դեպքում իրեն դավաճան կանվանեին, նա «ցինիկ մոտեցում» է որակում, որը ցույց է տալիս`«սեփական քաղաքական ապագայի համար իշխանությունը զոհաբերեց թե Արցախը, թե հազարավոր մարդկանց կյանքեր». «Պուտինը կամ Թրամփը պարտավոր չէին ավելին սիրել ՀՀ-ն ու Արցախը, մենք պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծեինք, որ նման գործարք ուղղակի տեղի չունենար: Մենք պետք է վերլուծենք մեր սխալները, որոնք բազում էին ու ճակատագրական, եւ այն մարդիկ, որոնք այսքան կույր էին ու այսքան ճակատագրական սխալներ են գործել, ուղղակի իրավունք չունեն մնալու իշխանության»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031