«Սյունիքի անվտանգային խնդիրը մենք կարող ենք լուծել նոր համաձայնագիր Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրելով»,- «Սպուտնիկ Արմենիա»-ում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
Նա նշեց, որ Հայաստանն արդեն նման փորձ ունի՝ Գյումրիի 102-րդ ռազմաբազան․ «Ակնհայտ է, որ ռուս խաղաղապահ ուժերը, որոնք գտնվում են Արցախում՝ ավելի հեշտ կարող են սպասարկվել Սյունիքում տեղակայված ռազմաբազայից, քան թե Գյումրիից կամ Էրեբունի օդանավակայանից մինչև Արցախ։ Հետևաբար՝ ես կարծում եմ, որ մենք պետք է օր առաջ բանակցություններ սկսենք Ռուսաստանի Դաշնության հետ։ Այն, ինչ որ ունենք հողի վրա՝ Մեղրիում հենց հիմա, Գորիս-Կապան ճանապարհի հետ կապված և ընդհանրապես Սյունիքում մարտահրավերների հետ կապված առաջարկություններ ներկայացնել և սկսել բանակցություններ Սյունիքի մարզում ռուսական ռազմաբազա տեղակայելու հարցով։ Հայաստանը այդ իրավիճակում կունենա 2 ռազմաբազա, օրինակ՝ հիմա ունենք 102-րդ ռազմաբազան, թո՛ղ լինի 103-րդ ռազմաբազան էլ Սյունիքում»։
Այլապես, ըստ Էդմոն Մարուքյանի, Հայաստանն այս իրավիճակում առաջացած օրհասական մարտահրավերին չի կարող միայնակ դիմակայել։
Անդրադառնալով՝ պարիտետային փաստահավաք խումբ ստեղծելու գաղափարին, նա ասաց, որ այս պահին պատրաստ է նախագիծ, որով առաջարկում են ստեղծել հանձնաժողով․ «Ազգային ժողովի որոշումով չենք կարող նման բան անել, իսկ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով ստեղծելը, կարծում ենք, որ նպատակահարմար չէ։ Որովհետև իշխանության թիվը հանձնաժողովում կլինի մեծամասնություն, և հանձնաժողովը կնախագահի իշխանության ներկայացուցիչը, որովհետև պաշտպանության հանձնաժողովն է դա անելու։ Հետևաբար՝ «Լուսավոր Հայաստանը» առաջարկել է պարիտետային փաստահավաք հանձնաժողով, որը կստեղծվի համապատասխան որոշումով՝ հետևյալ սկզբունքներով՝ Ազգային ժողովի երեք խմբակցությունները նշանակում են չորսական անդամ հանձնաժողովում՝ լինում է 12 մարդ։ Ազգային ժողով չանցած 3 ուժերը Հանրապետական կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը և «Մենք» դաշինք, ներկայացնում են մեկական ներկայացուցիչ, թիվը դառնում է 15։ Եվ մարդու իրավունքների պաշտպանը իր ցանկությամբ նշանակում է ներկայացուցիչ պարիտետային հանձնաժողովում աշխատելու համար։ Այսինքն՝ ունենում ենք 16 անդամից բաղկացած հանձնաժողով»։
Կարդացեք նաև
Նա նշեց, որ այդ հանձնաժողովը քննելու է և փաստեր է հավաքելու պատերազմի նախապատրաստական շրջանի վերաբերյալ։ Այն նաև պետք է ուսումնասիրի պատերազմի շրջանը և ներկայացնի եզրակացություն․ «Մենք չենք կարող դադար առնել, մինչև չունենանք նման հանձնաժողով, որը կքննի ամեն մի դրվագ՝ պատերազմի առաջ և պատերազմից հետո տեղի ունեցած մինչև նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթ և փաստաթղթի ստորագրման գործընթաց»։
Էդմոն Մարուքյանը հավելեց, որ առաջարկում են նաև լիազորել նախագահին Հայաստանի Հանրապետության անունից բանակցություններ վարելու․ «Չի կարող Հայաստանը չունենալ երես՝ իր շահերը ներկայացնելու համար»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ